ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նպատակը՝ կրկնապատկել ներդրումները․ «Օրիոնը» յունիքորններ է ստեղծում

Մայիսի 19-ից 24-ը առցանց տարբերակով կանցկացվի  BAJ Accelerator ծրագիրը, որին ստարտափները կարող են դիմել մինչև մայիսի 1-ը։ Ընկերությունները ծրագրի ընթացքում կարող են ստանալ խորհրդատվություն, հասկանալ ներդրումներ ներգրավելու և հետագա աճի հնարավորությունները շուկայում։ Ծրագիրն իրականացնում է Orion ընկերությունը, որը նորարար լուծումներ առաջարկող ընկերություններին աջակցում է ներդրումներ ստանալ արտերկրի վենչուրային ֆոնդերից։

2022-ին՝ Երևանում, 2023-ին՝ Նյու-Յորքում անցկացվեց «Օրիոն» տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Orion Worldwide Innovations Armenia-ն ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտքի հնարավորություններ, բարելավում հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները։ Ընկերության տեսլականն է առաջիկա հինգ տարում ունենալ 10 «միաեղջյուր» (unicorn), որոնք էական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա։ «Օրիոնի» հիմնադիր էմմա Առաքելյանի խոսքով՝ թեև հետպատերազմական իրավիճակում երկիրը կայուն վիճակում չէ, սակայն իրենց հաջողվել է անգամ այդ ռիսկերի առկայությամբ ներդրումներ ապահովել։

«Նույնիսկ 2020թ-ի պատերազմից հետո մենք կարողացել ենք հայկական 8 ընկերությունների համար, որոնցից 3-ի աշխատուժը 80 տոկոսով գտնվում էր Հայաստանում, գումար հավաքել։ Դա ներդրողին չկանգնացրեց, այդ էտապով անցել ենք և ցույց ենք տվել, որ այո՝ ռիսկ կա։ Ներդրում անելու համար առաջարկել են այլ երկրում ևս մասնաճյուղ բացել՝ բիզնեսի շարունակականությունն ապահովելու համար»։

Էմմա Առաքելյանը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ասպիրանտուրան՝ ԳԱԱ-ում։ 1990-ականներին բնակություն է հաստատել Նյու-Յորքում, որտեղ տեխնոլոգիական կրթություն ստանալուց հետո որպես խորհրդատու աշխատել է տարբեր ընկերություններում։ Ծանոթանալով նոր շուկաների և նոր տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ 2017-ին հիմնել է Orion ընկերությունը։  Այն սկզբնական փուլում մտավոր սեփականության պաշտպանության ծառայություններ  էր առաջարկում գիտնականներին ու ստարտափներին։ Ավելի ուշ նկատեցին, որ քիչ ուսումնասիրված փոքր շուկաներում նորարարությունների մեծ հնարավորություներ կան։ Էմմա Առաքելյան․

«Դա հանգեցրեց նրան, որ 2020թ-ին գործընկերներով հիմնեցինք BAJ Accelerator-ը, որը նշանակում է Baltic, Armenian  Jacobs, այսինքն՝ կրթականը վերցրեցինք աշխարհի լավագույն համալսարանի հետ, որը  Jacobs Technion-Cornell-ն է, որի հետ սկսեցինք համագործակցել։ Նաև Բալթյան երկրները՝  փոքր բնակչությամբ, բայց մեծ ազդեցությամբ 12 Յունիքորն ընկերություն ունեն ։ Մեզ պետք էր նման օրինակներով կցել հայկական իրականությունը, մեր հայ հիմնադիրներին ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհով մեկ»։

BAJ Accelerator-ում միավորվել է  124 ընկերություն, որոնցից 67-ը հայ հիմնադիրներ են։ Դրանցից երեքը «յունիքորն» դառնալու ճանապարհին են։ Երեք տարվա ընթացքում ընկերությանը հաջողվել է հայկական ստարտափներում 100 մլն դոլարի ներդրում կատարել՝ աշխարհի վենչուրային ֆոնդերից։ Ստարտափները ճիշտ միջավայրում ներկայացնելով և հիմնադիրներին ներդրողների պահանջները հասկանալու հարցում  օգնելով՝ արագ աճ են գրանցում։ Էմմա Առաքելյան․

«Հինգ օրվա ընթացքում կարողանում ենք ներկայացնել ամերիկյան և արտասահմանյան շուկա մտնելու առանցքային կետերը, որ պետք է պատրաստ լինեն։ Դրա հիման վրա կազմվում է ծրագիրը, որը ներկայացնում են ներդրողներին։ Պատրաստում ենք նաև, թե ֆինանսական ինչ հաշվետվություններ պետք է ունենան, մտավոր սեփականության հետ կապված՝ ինչ կերպ պետք է պատրաստվեն»։

Հասկանալու համար, արդյո՞ք ստարտափը բավարարում է ծրագրին դիմելու պահանջներին, ստեղծել են orionscore.com-ը, որի միջոցով ստարտափը կարող է որակավորում ստանալ։ Կայքէջի միջոցով ընկերությունը կարող է հասկանալ՝ ներդնողի տեսանկյունից որքանով է համապատասխանում 5 առանցքային կետերին։ Այդ որակավորումը «Օրիոնը» կարող է ներկայացնել Mount Global ընկերության 200-ից ավելի հրեշտակ ներդրողներին և առաջարկել, որ ներդրումներ անեն։ Էմմա Առաքելյան․

«Հարթակը ոչ միայն ուժեղ և թույլ կողմերն է նշում, այլև հակիրճ բացատրում է, թե ինչպես կարող են լավացնել , այսինքն, փոքր ուղղություն տրվում է, որ շուկա դուրս գալուց կարողանան այդ ներդրումների համար ավելի պատրաստ լինեն»։ 

«Օրիոնի» աջակցությամբ ներդրումներ ստացած ընկերություններից են  SCYLLA-ն, Embodied-ը, Cognaize-ը, որոնք Հայաստանում մասնաճյուղ ունեն։ Արտերկրի որոշ ընկերություններում էլ ներդրումներ են կատարել, որ դրանք մասնաճյուղեր բացեն Հայաստանում։

Back to top button