ՀարցուԳԻՏԱփորձ

Ես հայ եմ․ ո՞վ եմ ես․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Ինտենսիվ ընթանում էր հայաստեղծումը, հայակառուցումը, և ինձնից էլ կերտում էին, առաջացնում էին հայ՝ և՛ վերից՝ վար, և՛ ներքևից՝ վերև։ Ասում էին՝ լավ կլինի, որ դու հայ դառնաս»։

Օրերում, երբ հեշտ է կարծել, թե մենք մեզ հայի պես չենք պահել, թե կոտրված է հերոսական շղթան և կորսված հայու գենը՝ բարձրանում է հարցը․ ես հայ եմ, ո՞վ եմ ես։

«Դժվար է գտնել մի գիծ ու էդ գծով ասել՝ հայերը, գիտեք, այ էսպիսինն են։ Ժամանակակից հայերը․․․ շա՛տ տարբեր են ժամանակակից հայերը»։

Բարև։ Սա «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօրվա հաղորդումը հայի հավաքական կերպարի մասին է։

***

Հայը քաջ էր, արի, մի քանի կենացից հետո՝ քաջարի, հյուրասեր էր, օգնող, խելացի ու կառուցող։ Հայը լավ շինարար էր ու լավ մարտիկ։ Այսպիսի ածականների ընտրության հնարավորությունը լայն էր։ Իսկ այժմ մենք մեր մասին առանձնապես լավ բաներ չենք խոսում։ Եվ կա մասնագիտական տեսակետ, որ և՛ առաջ, և՛ հիմա մենք լրջորեն սխալվում ենք։

Ահա մի խիստ սովորական ճշմարտություն՝ մարդիկ տարբեր ես։ Եվ ահա մեկ ուրիշը ևս՝ մի խմբում ապրելու համար մարդկանց մեջ ինչ-որ նմանություն պիտի լինի։ Որպեսզի մարդկանց խումբը ազգ դառնա, այն պետք է ինչ-որ չափով համասեռ լինի։ Մենք մեզ համար ընտրեցինք ածականների մի գեղեցիկ փունջ ու որոշեցինք՝ քաջ ենք, արի, հյուրասեր, խելացի․․․

Մենք մեզ կոչում ենք այնպես, ինչպես կա՞նք, մենք դառնո՞ւմ ենք այնպիսին, ինչպես կոչում ենք մեզ, թե՞ սխալ են երկու տարբերակներն էլ ու մենք պարզապես լավ ճաշակ ունենք ածականների ընտրության հարցում։ Ինչպե՞ս է որոշվում՝ ինչպիսինն է հայը, այս որակումներն օգնո՞ւմ են, թե՞ խանգարում. անկախ զարգացումներից՝ ես հայ եմ․ ո՞վ եմ ես․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«4-րդ դասարան էի, էն ժամանակ առաջին անգամ (դեռ շատ ավելի վաղ, քան գրականության էջերից դա կուսումնասիրվեր), հիմնը լսեցվեց մեզ։ Որքան էինք մենք դա վերցնում՝ հարցի տակ է, բայց էն, որ ինտենսիվ փորձերն արվում էին, որ մեզնից ստեղծեն, առաջացնեն, կառուցնեն հայ, հա, ես դրա կրողը եղել եմ»։

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Արամ Վարտիկյանի հետ մեր զրույցը սկսում է ոչ այնքան ակադեմիական, որքան անձնական շեշտադրումներով․ հային ուսումնասիրող մարդը դասագրքային ճշմարտություններն իհարկե գիտի։ Բայց այդ դասագրքերն էլ գրվել են իր տարեկիցների՝ դպրոցական տարիներին տեսածի հիման վրա։ Հայն այդ տարիներին ագրեսիվ թափով էր ձևավորվում․

․․․ձևավորվում էր հայկական ինքնությունը, կառուցվում էր հայկական ինքնությունը, խորհվում էր, դատվում էր, ամրագրվում էր, հաստատվում էր, պնդվում էր, փորձեր էր արվում բյուրեղացման, փորձեր էր արվում ինստիտուցիոնալացման․․․

3-րդ դասարանում Արամ Վարտիկյանը հոկտեմբերիկի աստղը կրծքին ամրացրեց՝ բնավ ոչ առանց հպարտության։ Բայց, ասում է, դասարանում «բոլորից հայրենասեր» մի տեղ կար, որը հորդորում էր վերացնել այդ աստղը ամենանվաստացուցիչ տարբերակով։ Եվ քանի որ սիմվոլների տեղը դատարկ չի մնում, առաջարկվում էր աստղը փոխարինել հայկական եռագույնով։ Հետո նրան սկսեցին պատմել՝ ով է հայը․

«Առաջին հաստատ հայկականը, որ մենք սկսեցինք ուսումնասիրել, հայոց պատմությունն էր, հինավուրցությունը։ Իհարկե ենթատեքստով, տողերի արանքում ընթերցվում էր ոչ միայն պարզապես քանակական առումով հին լինելը, այլ հաստատությունը էս մոլորակի վրա, և դրանով իսկ լրացուցիչ իրավասությունը ընթացիկ կեցության ու ընթացիկ կյանքի։ Այսինքն՝ որքան հնից եմ գալիս, էդքան հաստատ էսօր լինելու իրավունքն ունեմ»։

Հաջորդիվ պատմությունները հայոց փառապանծ արքաների և ստորացուցիչ ցեղասպանության մասին էին։ Մարդիկ իմանում էին, որ իրենք հզոր են և ցեղասպանված։

«Էն տարիները, որ նոր-նոր դպրոց պիտի գնայի, էն ամենավատ տարիներն էին՝ 90-ականների սկզբները ու իմ մեջ տպավորվել էր, որ դե պետք է լինել սոված, եթե ուզում ես հայ լինել, պետք է մրսել։ Իսկ դպրոցում՝ հաղթանակներ, բարոյականը կա ու կա, եթե նենցը չլինի, ու ամենաբարի, լուսավոր, ինչքան տենց ածական կա դպրոցական կոնտեքստում, կարելի է դնել։ Բայց մեկ էլ գնում ես տուն, ուտելու բան չկա, էդ փառապանծը դառնում է ճիշտ հակառակը»,- պատմում է փիլիսոփա Դավիթ Մոսինյանը։

Նա չի հիշում՝ երբ է ինքնակամ մտածել հայի հավաքական կերպարի մասին։ Բայց շատ լավ գիտի՝ դրան դեմ է եղել բոլոր դեպքերում․

«Ինչո՞ւ ենք մենք դնում էդ հարցը․ որովհետև մի տեղից բռնվելու կարիք կա, կուլ գնալու վտանգ կա ու կուլ չգնալու համար ուզում ենք բռնվել էդ տեղից։ Առողջ դատողության պարագայում, կարծես, պիտի ճիշտ հակառակը լիներ․ մենք ապրեինք մեր կյանքը, դրսից ինչ-որ մեկը ասեր՝ վայ, հայ լինել երևի սա է նշանակում։ Բայց մենք հիմա ճիշտ հակառակ ձևով ենք դնում․ մենք հիմա ուզում ենք մի հատ հրամայական սահմանել՝ այ հայ լինել սա է նշանակում, և հետո մեր ապրածը կարծես թե տեղավորել դրա սահմաններում, ինչի արդյունքում խայտառակ բաներ են լինում։ Դրանցից մեկն էն է, որ ամեն մեկը իր չափանիշներով որոշում է, թե ինչ է նշանակում լինել հայ ու էդ չափանիշները պարտադրում է մյուսներին»։

Ինքնաճանաչման որոշումը գալիս է, երբ ճգնաժամն արդեն խորը արմատներ է գցել։ Սեփական անձին ու ազգին տրված «ո՞վ եմ ես» հարցը լավ նշան է․ կարելի է ենթադրել, որ գիտակցում ենք՝ խնդիր կա․

«Քննարկում, իհարկե, չկա, բայց կան ինչ-որ ճամբարային գեներացումներ։ Այսինքն, կան մարդիկ, ովքեր իրենց նույնականացնում են, ենթադրենք, ազգայնականության հետ, լիբերալության հետ, ովքեր իբր անաչառ մտածողների դաշտ են ձևավորում և այլն։ Սա լավ է դիրքորոշում արտահայտելու իմաստով, բայց վատ է, որ դրանք լինում են պաթոսի, զգացմունքի հիման վրա և քննարկումը տեղի չի ունենում»։

Ըստ Դավիթ Մոսինյանի՝ այսօր մենք հազար ու մի դրսևորում ունենք, քաոտիկ շարժման մեջ ենք ու շատ հեռու ենք ամենահայկականի չափանիշ գտնելու հեռանկարից։

***

Փորձեք հարցուփորձ անել, օրինակ, Ֆեյսբուքում։ «Ով եմ ես» հարցը հարյուրավոր պատասխաններ է ստացվում, որոնք կարդալիս հականիշների բառարան թերթելու տպավորություն է առաջանում։ Սոցիոլոգ Արամ Վարտիկյանը խորհուրդ է տալիս մեկ քայլով էլ խորացնել «հետազոտությունը», խմբավորել պատասխանները։ Առաջարկում ենք լսել Վարտիկյանի դատողությունները սոցիումի՝ հատկապես 2020-ից հետո սրված ինքնաքննադատության մասին։

«Ինքնահակասական են․ քանի որ առաքինությունը հրամայական է, որ հայն այսպիսին է, հատկապես աչքի է ընկնում «անսպասելի» ստորությունը։ Էստեղ ինքնութային տրավմայի մասին է խոսքը, ու մարդը, որ, փաստորեն, ցավում է կորսվող ինքնության համար, լրացուցիչ ընդգծում է ստորությունները։ Դրանք, ամենայն հավանականությամբ, որոշակի պաթալոգիկ դրսևորումներ են։ Ինչ հիվանդության՝ ես չեմ կարող ասել, բայց դրանք պաթալոգիկ դրսևորումներն են, կորստի մեղադրականներն են։

Սա ժողովուրդ է՝ պարտված, պարտված։ Որի մոտ չի գործում նախկինում ամուր գործող՝ իր գոյության ընդհանուր հայտարարներից մեկը՝ հաղթական առասպելը։ Հաղթության առասպելը չի աշխատում հայի մոտ։ Սա տրավմատիկ ժողովուրդ է։ Ողբերգությունը պարտության մեջ է, ինչ խոսք, բայց ուրիշ առումով էլ․ տենդը, հիվանդության տենդը առաջանում է հակասությունից՝ նախկին հաղթական առասպելի և հետագա՝ պարտության։ Այսինքն՝ այստեղ գոյություն ունի ծայրահեղ աններդաշնակություն երկուսի մասին։ Այ տենդն այդտեղ է, ցնցումն այդտեղից է։ Որ բարձրաձայն գոռում են՝ հայը ստոր է, սրիկա է և այլն է, դրսևորումներն են հիվանդության սուր պահի, տենդի։

Սա  մի հասարակություն է, որն իր համար առաջացրեց առասպելաբանություն, որ հաղթողն է, սոցիալիզացրեց ողջ սերունդներ, ինսիտուցիոնալացրեց պատումը, և ահա մի առավոտ տեսավ, որ դա գոյություն չունի։ Եթե շատ ուռճացնեմ ասածս՝ այստեղ դավանանքի կորուստի տենդ կա, դավանանքի կորուստի ցավ կա։ Աստվածները մեռան։ 2020-ին և հատկապես սեպտեմբերի 19-ին աստվածներն այլևս մեռան»։

Կյանքն անհամեմատ ավելի բարդ է դառնում, երբ մարդը կա, իսկ իր մասին ունեցած իր կարծիքը՝ այլևս ոչ։ Հայի հետ այդպես պատահեց։ Եվ այժմ նախկին «փառապանծ», «հերոսական», «հաղթական» որակումների փոխարեն դոմինանտ են դարձել դրանց հականիշները։ Մասնագետներն ասում են՝ փորձեցինք մեր մասին լավը մտածել՝ կարծելով, որ ունենք դրա համար բավարար հիմքեր։ Արդյունքը մեր սրտով չէր։ Բայց սա չի նշանակում, թե վատը մտածելով ավելի լավ կետի ենք հանգելու։

Այս թեմայով գիտափորձեր դեռ չկան․ իրավիճակը նոր է և զարգացող։ Բայց հարցուփորձերը մի եզրահանգման են բերում․ մեզ պետք է ոչ թե ածական, որի հետ մտովի կնույնականանք, այլ վարք, որին նույնականացող ածականը ամոթի փոխարեն հպարտություն կառաջացնի։

Back to top button