ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Ջազը երևանյան երանգով․ ապրիլի 30-ին մայրաքաղաքը ջազ կլսի նաև Արցախի նվագախմբի կատարմամբ

Ապրիլի 30-ին աշխարհում նշվում է ջազի միջազգային օրը։ Այդ օրը Երևանը ջազային տրամադրության մեջ կլինի։ Միջոցառումները տարբեր են՝ բացօթյա 6–ժամանոց ծրագիր,  համերգ լեգենդար «Գարի Քյոսայան» ջազ-քառյակի մասնակցությամբ։ Օրվան նվիրված համերգը կմեկնարկի «Արցախ» ջազ նվագախմբի կատարումներով։ Պատերազմից ու տեղահանությունից հետո նվագախումբը Երևանում արդեն առաջնախաղ ունեցել է, սակայն ապրիլի 30-ին լրջորեն է նախապատրաստվում։

Ապրիլի 30-ին աշխարհը ու մասնավորապես Երևանը ջազ է լսելու։ Ջազի միջազգային օրը տոն է ոչ միայն ժանրը գնահատողների ու երաժշտասերների, այլ նաև հենց ջազ երաժիշտների համար՝ համոզված է կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը։ Այդ օրը լեգենդար «Գարի Քյոսայան» ջազ-քառյակը հանդես կգա անակնկալ համերգային ծրագրով։

«Կհնչեն իմ նոր ստեղծագործությունները, կլինի երգի պրեմիերա։ Համերգին կմասնակցի «Գեղարդ» երգչախումբը, որը կկատարի իմ երգը, կհնչի ևս երկու նոր ստեղծագործություն, որոնք առաջին անգամ են կատարվելու»,– ասում է Գարի Քյոսայանը։

Համերգին անակնկալների պակաս չի լինի՝ վստահեցնում է մաեստրոն։ Հատուկ հյուրերից մեկը ջութակահարուհի Լուսինե Ֆիլոնն է: Քյոսայանը ասում է՝ նրա կատարումները վաղուց են տպավորել իրեն։

«Նա ինձ համար ուղղակի հայտնություն էր։ Ես ամբողջ կյանքս սիրել եմ ջազ ջութակահարներին, հատկապես շատ էի սիրում Ստեֆան Գրապելիին, բայց լսելով Լուսինե Ֆիլոնին, ես մեծ զարմանք ապրեցի, որ այդ աստիճանի վիրտուոզ ջութակահարուհի գոյություն ունի և այդքան խորը զգում է երաժշտությունը»։

Համերգը կմեկնարկի Քյոսայանի նոր «Լույս» ստեղծագործությամբ, որը կկատարի «Գեղարդ» երգչախումբը։ Երգչուհի Ալլա Սարգսյանը ստեղծագործության ընտրությունը պատահական չի համարում, լույս, ասում է, այսօր բոլորիս է պետք։

«Համերգի մեսիջն այն է, որ այսօր աշխարհը գնում է ինչ որ անհասկանալի տենդենցների, այլափոխությունների Չջազի է գնում, անգրագետ երաժշտությամբ փորձում են երիտասարդների միտքը զբաղեցնել, բայց ճշմարտությունը մեկն է՝ լավ երաժշտությունը առաջինը հոգուն է կպնում, և խնդիր ունենք այդ օրը հանդիսատեսին բերել դահլիճ ու ներկայացնել ճաշակովն ու գեղեցիկը»։

Ջազային հնչյունները Ջազի միջազգային օրը կտարածվեն նաև Արամ Խաչատրյան համերգասրահից դուրս։ Երևանի քաղաքապետարանը Ջազի հայկական ասոցացիայի հետ բացօթյա, ավելի քան 6 ժամ տևողությամբ համերգ է նախաձեռնել։ Հայաստանի պետական ջազ նվագախմբի, Արտո Թունջբոյաջյանի, Երևան քոլինգի ու մի շարք այլ ջազ կատարողների հետ Կասկադի հարևանությամբ՝ Գաֆէսճեան քանդակների պուրակում, հանդես կգա նաև «Արցախ» ջազ նվագախումբը։ Նվագախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Լալայանը «Ռադիոլուրին» պատմում է՝ պատերազմից ու տեղահանությունից հետո Երևանում արդեն առաջնախաղ ունեցել են, սակայն ապրիլի 30-ին լրջորեն են նախապատրաստվում։

«Հոյակապ ծրագիր ենք պատրաստել ինչպես հայկական ստեղծագործություններից բաղկացած այնպես էլ եվրոպական ու արևմտյան։ Հենց առաջին օրվանից երբ մեր մասնակցության մասին հայտարարեցին մենք արդեն պատրաստվում ենք այդ միջոցառմանը, ամեն օր պարապում ենք ու դրական տրամադրված սպասում ենք ապրիլի 30-ին»,– մանրամասնում է Լալայանը։

Ջազի միջազգային օրվան նվիրված բացօթյա համերգը տեղի կունենա  ապրիլի 30-ին Գաֆէսճեան քանդակների պուրակում։ Կսկսվի  ժամը 16–ին։

Back to top button