ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Նշաձողի իջեցում․ ԱՊՀ անդամ-երկրների միջոցառումը Հայաստանը չի բոյկոտել, բայց ԱԳ նախարարը չի մեկնել

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնել Բելառուս՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Հայաստանը, սակայն, չի բոյկոտել խորհրդի աշխատանքները։ Մինսկյան հավաքին մասնակցել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: ԱՊՀ-ում այս տարի նախագահող երկիրը Ռուսաստանն է։

Հայաստանը չբոյկոտեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը, բայց նախարար Արարատ Միրզոյանի փոխարեն Մինսկ մեկնեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Աշխատանքների հիմնական ինտրիգը համարվում էր հենց Հայաստանի մասնակցության մակարդակը։ Դրա վրա ուշադրություն էին հրավիրել ԱՊՀ անդամ երկրների լրատվամիջոցները՝ ընդգծելով վերջին շրջանում հետխորհրդային կառույցների հետ Հայաստանի պասիվ գործակցությունը։ ԱՊՀ-ում կարծում են, որ այդ կեցվածքը մեծապես կախված է երրորդ երկրների կողմից ԱՊՀ անդամ-պետությունների ներքին գործերին խառնվելու գործոնից։ ԱՊՀ արտգործնախարարների նեղ կազմով քննարկումների ժամանակ այդ հարցը քննարկվել է՝ հաստատեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այո, քննարկվել է։ Բոլորը ամեն ինչ շատ լավ հասկանում են։ ԱՄՆ-ն և իր «արբանյակները» փորձում են ներխուժել մեր ընդհանուր տարածքի բոլոր ռեգիոններ, փորձում են խափանել իրավիճակի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունները, մասնավորապես, Հարավային Կովկասում։ Չեն ցանկանում թույլ տալ, որ կյանքի կոչվեն ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նաև փորձում են մուտք գործել Կենտրոնական Ասիա։ Ակտիվորեն ստեղծում են տարբեր ձևաչափեր, որոնք ակնհայտորեն ուղղված են ՌԴ-ի դեմ։ Հրապարակային հայտարարում են, որ հետխորհրդային տարածքում պետք է հասնեն երկրների իրական ինքնիշխանությանը և որ այդ երկրները դուրս գան ՌԴ «ստվերից»»։

Դեռ նախօրեին ԱԺ-ում, պատմական Հայաստանին վերաբերող թեզերի մասին խոսելիս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց․

«Այդ պատմությունը գրել է Կայսրությունը մեզ համար մի նպատակով, որ մենք չլինենք պետություն, որ մենք լինենք «ֆորպոստ»։ Մենք այսօր գրում ենք մեր պատմությունը»։  

Այս քաղաքականությունը և ՌԴ-ի հետ համագործակցության մակարդակի իջեցումը վտանգավոր է համարում խորհրդարանական ընդդիմությունը։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ արկածախնդրություն է տարբեր ձևաչափերով հանդիպումներին չներկայանալը։

Արծվիկ Մինասյան. «Եթե որևէ մեկը կասկածում է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանը այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարևոր մաս է, ուրեմն այդ մարդը բացարձակ հայոց պատմության հետ կապ չունի, գործ չունի կամ դասեր չի քաղել դրանից»։

Արմեն Ռուստամյան . «Մենք բազմիցս ասել ենք՝ կարելի է հազար հարցով դժգոհել ՀԱՊԿ-ից, մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից, բայց կատարել քայլեր, որը նշանակում է վեկտորի փոփոխություն, որը նշանակում է ՌԴ-միավորված Արևմուտք պատերազմը տեղափոխվում է Հայաստանի տարածք, սա ամենակործանարար հետևանքը կարող է ունենալ ՀԱյաստանի համար։ Մի կողմից խոսում են, թե սա ոչ, փոխարինում չէ մեկը մյուսով, դիվերսիֆիկացիա է, բայց դիվերսիֆիկացիան նշանակում է որոշակի քայլեր նաև այն ուղղությամբ կատարել, չէ՞։ Այսինքն՝ ի՞նչն էր խանգարում քեզ գնալ այդ նիստին, բարձրացրել բոլոր հուզող հարցերը և այլն։ Կարծում եմ, որ այն կողմից ( հավաքական Արևմուտքից — խմբ․) պահանջ է դրված, որ Հայաստանը պարզապես պետք է միանա հակառուսական ճակատին»։

Իրականում, նման զարգացումների նախադրյալներ չի տեսնում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Եթե Բրյուսելում Հայաստանին տրված ֆինանսական չափը մենք տեսնում ենք, որ մեծ չէ, սա առաջացնում է հարց․ իսկ գուցե փոքր է, որովհետև ինչ-որ պարտավորություններ են դրվել Հայաստանի առաջ, որոնք Հայաստանը չի՞ ստանձնել։ Եթե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն, որևէ դերակատար իսկապես պատրաստ է անկեղծ գործակցությանը Հայաստանի հետ և ոչ թե Հայաստանի միջոցով ինչ-որ հարցեր լուծելու՝ Հայաստանը դարձնելով մանրադրամ, ապա Հայաստանին չպետք է մղի հայտնվել որևէ ճակատում, աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնի դեմ։ Այդ «խաղը» Հայաստանի և Ռուսաստանի հարաբերության իմաստով, ես կարծում եմ բավարարում է նաև Ռուսաստանին։ Ինքը տեսնում է, որ հնարավորություն չունի Կովկասում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել և տակտիկական իմաստով Ռուսաստանը դեմ չէ, որ իր այդ պատասխանատվությունը իր վրայից դուրս գա։ Հիմա Հայաստանը փորձում է խնդիրները լուծել Արևմուտքի հետ։ Եթե կենսական ռիսկեր առաջանան Ռուսաստանի համար, ապա այդ դեպքում Ռուսաստանը անշուշտ պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի հանդեպ, բայց ես առայժմ չեմ տեսնում, որ Հայաստանը իր քաղաքականությամբ ստեղծում է այդ ռազմավարական ռիսկերը։ Իհարկե, պետք է պահպանել այս քաղաքականությունը»։

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում հարաբերություններ խզել ոչ Ռուսաստանի, ոչ ԱՊՀ-ի, ոչ էլ ԵԱՏՄ-ի հետ։ ՀԱՊԿ-ից դժգոհությունները այլ, շատ ավելի հստակ հարթությունում են։ Երևանը դեռ սպասում է Բաքվի ռազմական ագրեսիայի վերաբերյալ կառույցի քաղաքական գնահատականին ։

Առայժմ որոշում չկա, թե արդյո՞ք Հայաստանի վարչապետը մայիսի 7-ին կմասնակցի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը , իսկ մայիսի 8-ին ԵԱՏՄ գագաթնաժողովին։

Մասնակցության առումով առանցքային է նաև այս տարվա հոկտեմբերի 12-ին Հայաստանի մասնակցությունը Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումներին։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է այդ միջոցառումների շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Ըստ Գալուզինի՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է իր նախնական համաձայնությունը։

Back to top button