Սփյուռքի ձայնը

Պոլսի հայկական դպրոցներում որոշ առարկաների դասավանդումը կարող է լինել հայերեն, բայց նախընտրում են թուրքերենը․ «Սփյուռքի ձայնը»

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի և նրա կուսակցության դեմ արշավ է սկսվել, հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացնում է «Ակօսի» խմբագիր Բագրատ էստուկյանը։

Նա նաև նշում է, որ Կարո Փայլանի ու նրա կուսակցության դեմ դատական գործընթաց է սկսվել, որի միջոցով կուսակցությանը փորձում են զրկել ձայնի իրավունքից։ «Եթե դատարանը ի վնաս Փայլանի և կուսակցության որոշում կայացնի, ապա մեր հայրենակցի համար մութ օրեր են սկսվելու»,- ասում է Բագրատ Էստուկյանը։

Ի դեպ, պոլսահայ համայնքի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքին է անդրադարձել նաև Միջազգային կրոնական ազատության ԱՄՆ այս տարվա զեկույցը։

Նշված են, որ Թուրքիայում կրոնական ժառանգության հայկական կենտրոնները դեռևս գտնվում են սպառնալիքի տակ:

2021-ի սկիզբում Քյութախիեյի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին քանդվեց և տարածքն անցավ անհայտ անձի սեփականության տակ, չնայած որ ունեցել է պահպանվող տարածքի կարգավիճակ: Օգոստոսին ավիրվել է Վանում հայկական գերեզմանատունը:

Պոլսահայ համայնքի և նրա խնդիրների մասին խոսելով «Ակօսի» խմբագիր Բագրատ Էստուկյանը նշում է, որ խնդիրներ կան, սակայն պետություն- հայ համայնք հարաբերություններում դրանք շատ չեն երևում՝ կապած համայնքի չեզոք դիրքորոշման հետ։

«Պատրիարքությունն, որը պետական քաղաքականություն ունի, այնքան էլ կապված չէ , օրինակ, հայ քաղաքական գործիչների հետ։ Փոխադարձաբար, Կարո Փայլանն էլ չընդունելով պատրիարքի ընտրության լեգիտիմությունը, համագործակցության որևէ եզր չի գտնում նրա հետ»,- ավելացնում է։

Պոլսահայ համայնքը տարաբնույթ է, սակայն մի հարցում ունի ընդհանրություն․ դա՝ Հայաստանին հուզող հարցերն են։ Բոլոր այն խնդիրները, որոնք կան Հայաստանում, անհանգստացնում են պոլսահայերին, սակայն պետության ներսում իրենց քայլերը սահմանափակում են, -նշում է զրուցակիցս։

«Միայն մի բան կարող եմ ասել, որ պետության հրահանգներին ենթարկվում են միանշանակ։ Սակայն, օրինակ դպրոցներում դասավանդման հարցերում, չունեն սեփական նախաձեռնություն։ Օրինակ, հայկական դպրոցներում մաթեմատիկա առարկան կարող են դասավանդել հայերենով, սակայն դպրոցների տնօրենները նախընտրում են թուրքերենով դասավանդումը։ Նմանատիպ շա հարցեր կան, որոնք պետական վերահսկողության հետ կապ չունեն, դա հայ համայնքի ընտրությունն է»,- ասում է Բագրատ Էստուկյանը։

Back to top button