ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը՝ Փարիզի քաղաքապետարանում

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացել է մեծ ընդունելություն՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։

Ընդունելությանը ելույթներով հանդես են եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները:

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նշել է, որ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումն, առաջին անգամ, տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումից հետո։ Ընդգծվել է, որ Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց, հայ ժողովուրդը վերստին, իր բնօրրանում, առերեսվում է գոյաբանական սպառնալիքների՝ շեշտելով 1915 թվականին մարդկության դեմ գործված ոճրի և դրա անպատժելիության անմիջական ազդեցությունը Հայաստանի կողմից ներկայումս դիմագրավվող մարտահրավերների վրա։ Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտումն արդարացնելու համար այժմ Ադրբեջանն իրականացնում է հայկական մշակութային ժառանգության բացահայտ ոչնչացման քաղաքականություն՝ նպատակ ունենալով վերջնականապես ջնջելու հայկական հազարամյա ներկայության բոլոր հետքերը։

Ընդգծվել է Հայոց ցեղասպանության ժխտողականության և դրա անպատժելիության դատապարտման անհրաժեշտությունը՝ որպես կարևոր գործոն՝ միտված ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդկության դեմ հանցագործությունների պայքարին։

Դեսպանն իր խոսքում նաև կարևորել է Հայաստանի համար դժվար պահին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աներկբա աջակցությունը։ Նա շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Հիդալգոյին՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի հետ նրա անսասան բարեկամության և լիակատար համերաշխության համար։ Այս առնչությամբ դեսպանը հիշատակել է Փարիզի քաղաքային խորհրդի կողմից 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ կրկնվող սպառնալիքները դատապարտող և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին աջակցող բանաձևերի ընդունումը։

Ընդունելությանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Վերջինս քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից պարգևատրվել է Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ մեդալով («Médaille Grand Vermeil de Paris»)։

Back to top button