Վերլուծական

Փաշինյանն ու Պուտինը միմյանց վստահում են, բայց ռուսական կողմում որոշակի անվստահություն կա

Եթե լինում են խնդիրներ երկու բարեկամ, գործընկեր պետությունների միջեւ միայն երկխոսությամբ է հնարավոր դրանք կարգավորել: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հենց այս տեսանկյունից է կարեւորում Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումը: Նրա գնահատմամբ՝ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումն օգտակար է անցել:

Ռուսաստանցի քաղաքագետ, քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Տարասովը Ռադիոլուրի հետ զրույցում նույնպես նկատել է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը տրամադրված են դրական, լուրջ երկխոսության եւ երկու երկրների միջեւ չլուծվող խնդիրներ չկան: Սրանք այն հիմնականն են, որոնք թույլ են տալիս մեզ Պուտին-Փաշինյան հանդիպումը գնահատել դրական՝ նշել է Ստանիսլավ Տարասովը:

Հայ-ռուսական հարաբերությունների լարված լինելու մասին թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմի խոսակցություններին անդրադառնալով՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը շեշտեց, որ ժամանակակից պատմության մեջ չի հիշում մի փուլ, երբ դրանք վատ վիճակում լինեն կամ լարված:

Քաղաքագետը խորհուրդ տվեց մի շարք ռուս փորձագետների չվերագրել  որպես Կրեմլի քաղաքական ուղին սպասարկող, քանի որ միշտ չէ, որ այդ տեսակետները բխում են Կրեմլի դիրքորոշումներից:

Մինչ Փաշինյան-Պուտին հանդիպումը, հայկական եւ ռուսական լրատվամիջոցներում ու սոցցանցերում բավականին շատ էին հակասական, իրարամերժ գնահատականներն ու մեկնաբանությունները հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին: Այդ ամենին բավականին ինտրիգ էին հաղորդել նաեւ Լավրովի հայտնի հայտարարությունն ու ՌԴ նախագահի օգնական Ուշակովի դիտարկումը «բաց եւ անկեղծ զրույց» ակնկալելու մասին:

Նկատելով, որ նման պայմաններում Պուտին-Փաշինյան հանդիպումը կայացավ՝ ռուսաստանցի քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը Ռադիոլուրի հետ զրույցում ասաց.  «Հանդիպումը կայացավ եւ այն ցույց տվեց հետեւյալը, որ, այո՛, երկու երկրների միջեւ գոյություն ունեն ձեւավորված հարցեր, որոնք առայժմ գտնվում են փոխըմբռնման գոտում, բայց երկու երկրների միջեւ չկան չլուծվող խնդիրներ»:

Պուտինն ասաց, որ պատրաստ է Փաշինյանի հետ խոսել ցանկացած թեմայով եւ հետո նրանք ասացին, որ հենց այդպիսի խոսակցություն էլ կայացել է՝ հավելեց նա:

«Մենք գիտենք դրա միայն բաց մասը եւ այդ բաց մասը ցույց է տալիս այն, որ կողմերը տրամադրված են դրական, լուրջ երկխոսության: Ռուսաստանին հասկանալ նույնպես կարելի է, քանի որ նրա համար Հայաստանը մնում է ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի անդամ»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, նկատելով, որ Հայաստանում գոյություն ունեցող ներքաղաքական խնդիրները Ռուսաստանում ոչ միանշանակ էին ընդունվել՝ կարծիք հայտնեց, որ Փաշինյան-Պուտին հանդիպումն օգտակար է եղել:

«Իհարկե, սա բացառիկ հանդիպում է նաեւ այն առումով, որ տեղեկատվական հոսքեր, արտահոսքեր գոնե ռուսական մամուլում չկան: Իհարկե, սա պայմանավորում եմ նրանով, որ շաբաթ օրն էր հանդիպումը, իսկ կիրակին ոչ աշխատանքային է: Կարծում եմ, այսօր եւ վաղն արդեն լրատվական դաշտում լրացուցիչ տեղեկություններ կլինեն, որոնք վերլուծելով կկարողանանք հասկանալ, թե կողմերը ինչ խնդիրներ են իրար առջեւ դրել եւ դրանցից որոնք են լուծում ստացել եւ որոնք՝ դեռ ոչ»:

Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների միջեւ վստահության խնդրին: Սուրեն Սարգսյանի ձեւակերպմամբ՝ վարչապետ Փաշինյանը վստահում է Պուտինին, Պուտինն էլ վստահում է Փաշինյանին, բայց, քաղաքագետի խոսքով, ռուսական կողմում որոշակի անվստահություն կա նոր թիմի որոշ պաշտոնյանների նկատմամբ, ինչի մասին շատ բաց ու անկեղծ ռուսական կողմից մշտապես տարբեր խողովակներով փոխանցել են իրենց մտավախությունը: Քաղաքագետը նաեւ նկատեց, որ դրան հայկական կողմն առայժմ որեւէ կերպ չի արձագանքել:

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց՝ իհարկե Մոսկվան դիտարկում է երիտասարդ հայ հեղափոխականներին. մեծ քաղաքականության մեջ ադապտացվելու շրջան է, որը որոշ ժամանակ հետո կանցնի եւ, քաղաքագետի ձեւակերպմամբ, երկխոսությունը կստանա առավել կոնկրետ եւ առավել կառուցողական բնույթ:

Back to top button