Միջազգային

Իրաքյան Քրդստանում սոցիալական հուզումներ են. բախումներ, զոհեր

Հակառակ միջազգային միջնորդների փորձերին՝ Բաղդադը եւ Էրբիլը դեռ չեն կարողանում համաձայնություն ձեռք բերել եւ նստել բանակցային սեղանի շուրջ։ Մինչ այդ՝ Իրաքյան Քրդստանում բախումներ են սկսվել բնակչության եւ կառավարական ուժերի միջեւ:

Զախոյում բնակվող մեր հայրենակից Էդգար Աբրահամյանը «Ռադիոլուր»-ին փոխանցել է, որ Սուլեյմանիա, Հալաբաջա եւ Քոյա քաղաքներում քրդերը բողոքում են սոցիալական խնդիրներից եւ պահանջում կյանքի բարելավմանն ուղղված միջոցառումներ:

Ի՞նչ իրավիճակ է այսօր Հյուսիսային Քրդստանում, արդյոք ներքին ընդվզումները տեղի են ունենում երկու ընտանիքների՝ Թալաբանիների եւ Բարզանիների միջեւ, արտաքին ուժերի հրահրմամբ, թե ներքին դժգոհությունների արդյունքում։

Երկու օր է Իրաքյան Քրդստանում՝ Էրբիլում, Սուլեյմանիայում, Հալեփչեիում, Դահուքում և մի քանի այլ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների, փեշմերգայի եւ ցուցարարների միջեւ: Ժողովուրդն այրել է  «Քրդստանի հայրենասերների միություն», դեմոկրատական և «Իսլամական հասարակություն» կուսակցությունների գլխավոր շտաբերի շենքերը: Բախումների հետևանքով տուժել է  90 մարդ, 5-ը զոհվել է:

Ըստ Զախոյում բնակվող մեր հայրենակից Էդգար Աբրահամյանի, լայնածավալ բողոքի ցույցերի հիմնական պատճառը Հյուսիսային Քրդստանում առկա տնտեսական ճգնաժամն է, ու ժողովրդի շրջանում օր օրի աճող աղքատության թվի աճը: Էդգարը Զախոյում բնակվում է կնոջ եւ երեխայի հետ, մի քանի ամիս է բացել է իր սեփական փոքրիկ խանութը։ Կարողանում է հոգալ իր օրական ծախսերը։ Ըստ մեր հայրենակցի, Քրդստանի ազդեցիկ իշխանական թեւերն այսօր ներքին հակամարտության մեջ են։

«Մինչեւ իրենք չեղյալ չհայտարարեն հանրաքվեի արդյունքները, Իրաքի կենտրոնական կառավարությունը բանակցություններ չի սկսի քրդերի հետ: ժողովրդի վիճակը լավ չէ, լարվածությունը մեծ է: Քրդերը ցանկանում էին անկախանալ, բայց ամեն ինչ խառնվեց: Բարզանին ճիշտ չհասկացավ արաբներին, ամերիկացիներին: Ներքին իրավիճակը լարված է: Չգիտենք ինչ կլինի»:

Երկրում ստեղծված ներքաղաքական լարվածություն եւ տնտեսական ճգնաժամ: Վերլուծելով Հյուսիսային Քրդստանի ներկայիս իրավիճակը՝ քրդագետներն այն դիտարկում են անկախության համար պայքարի շարունակության համատեքստում: Արաբական մամուլն իր հերթին գրում է, որ Քրդստանը տնտեսական ճգնաժամ է ապրում արդեն  երրորդ տարին, ներդրումներն ու շինարարությունը կանգ են առել, ավտոճանապարհների կառուցումը հետաձգվել է:

Սոցիալական այս ճգնաժամը նշանակում է, որ պահուստային ամեն բան սպառվել է: Ամեն ինչ մարդիկ վաճառել են եւ գումարը ծախսել, իսկ կառավարությունն էլ իրավիճակի լուծման համար ոչինչ առաջարկել: Քրդագետ Վահրամ Պետրոսյանը Հյուսիսային Քրդստանի սոցիալական նման վիճակը պայմանավորում է պատերազմական եւ հետպատերազմական մի շարք գործոններով՝

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ դաշնային իշխանությունները չեն պատրաստվում «նստել մի անկյունում ու կողքից հետևել» Քրդստանում զարգացող իրադարձություններին։ Հարկ եղած դեպքում կմիջամտեն: Խոսելով արտաքին միջամտության հնարավորության մասին, քրդագետ Վահրամ Պետրոսյանը նշում է Կենտրոնական եւ Հյուսիսային Իրաքում խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին՝ ընդգծելով՝ առայժմ շատ հարցեր անորոշ են:

«Ընտրությունները գնալը, եւ ովքեր են գնալու, սա նույնպես հարց է: Արդյո՞ք թույլ կտան բոլոր կուսակցություններին մասնակցել: Դեռ պարզ չէ՝ կլինե՞ն նախատեսված ընտրությունները հունիսին կամ հուլիսին, կամ կլինեն պառլամետակա՞ն թե՞ միայն նախագահական, ի՞նչ ֆորմատով կացկացվեն, կլուծարվի՞ նախագահի պաշտոնը»:

Տարածաշրջանային հարցերով մասնագետ Գառնիկ Ասատրյանը նույնպես կարծում է, որ միասնական գործելաոճի պակաս ունեն քրդերը, եւ խաղացող երկրները 20-30 տարին մեկ օրակարգ բերելով քրդական պետության ձեւավորման հարցը՝ փորձ են անում թուլացնել տարածաշրջանում Իրանի ազդեցությունն ու դիրքերը։

Մասնագետը շեշտում է՝ օրակարգում երբեք չի կարող լինել քրդական պետության ձեւավորման հարցը, քանի որ այն հակասում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Ներքաղաքական եւ արտաքին միջամտության պայքարում ո՞վ կլինի հաղթող՝ դեռ հստակ չէ, բայց որ Քրդստանի «ոսկե դարաշրջանն» ավարտվեց հստակ է՝ վերլուծելով ինքնավարության շուրջ ստեղծված իրավիճակը՝ փաստում է Գառնիկ Ասատրյանը:

Back to top button