ԿարևորՄիջազգային

Ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը` Փարիզում

Ապրիլի 24-ին՝ Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի վարդապետի արձանի առջև, տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը։

Միջոցառումը սկսվել է ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ է խոնարհել Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները։ Ծաղկեպսակներ են զետեղվել նաև Ֆրանսիայում գործող հայկական և ազգային այլ համայնքներ ներկայացանող բազմաթիվ կազմակերպությունների անունից։

Հաջորդիվ, ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես են եկել CCAF-ի համանախագահները, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում են եղել տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, սենատորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, ռեգիոների և դեպարտամենտների նախագահներ, քաղաքապետեր, ինչպես նաև՝ Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ։

Արարողության ավարտից հետո տեղի է ունեցել ավանդական երթը՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։

Back to top button