ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Իսրայելական գրո՞հ Իրանի ուղղությամբ. ԱՄՆ-ը հստակեցնում է՝ իրենք չեն աջակցում

Ապրիլի 19-ի գիշերը լուրեր տարածվեցին, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին։ The New York Times-ի փոխանցմամբ՝ թիրախը եղել է իրանական ավիաբազան Սպահան քաղաքի մոտակայքում։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգը գործարկվել է և ավիաբազան վնասներ չի կրել։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ լուսադեմին Իսրայելն փորձել է հարվածել Սպահանի օդանավակայանին և ռազմաօդային բազային։ Նշվում է, որ անօդաչու թռչող սարքեր են երևացել Սպահանի և Թավրիզի երկնքում։ Իրանի այդ քաղաքներում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը, խոցվել են բոլոր ԱԹՍ-ները։

Իրանական «Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի վրա հրթիռային հարձակումներ չեն եղել։ ԱԹՍ-ներով հարձակումից մի քանի ժամ անց ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Վաշինգտոնը չի աջակցել Իսրայելի պատասխան հարվածին։ Bloomberg-ը գրել է, որ Իսրայելը նախօրեին զգուշացրել էր ԱՄՆ-ին Իրանի տարածքին մոտալուտ հարվածի մասին։ Հարձակումը պետք է պատասխան լիներ ապրիլի 14-ի գիշերը Իսրայելի վրա Իրանի հարձակմանը։ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ փորձում են գնահատել հասցված հարվածի արդյունավետությունը։ Ի դեպ, Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Սիրիայի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության օբյեկտներին։ 

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին վստահեցրել է, որ իսրայելական հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Նա կողմերին կոչ է արել չթիրախավորել միջուկային օբյեկտները, ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել։ Այդ մասին ասված է X սոցիալական ցանցում գործակալության հայտարարության մեջ: Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել ապրիլի 19-ի գիշերն իրանական օբյեկտների վրա հարձակմանը, Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով: Նա նաև ասել է, որ Իսրայելի անմիջական մասնակցությունը չի հաստատվել։

«Հարձակման օտարերկրյա աղբյուրի մասին ոչ մի հաստատում  չկա: Մենք չենք ենթարկվել արտաքին հարձակման, և քննարկումների մասնակիցները հակված են կարծելու, որ դա ավելի շատ ներթափանցում էր, քան հարձակում», — պաշտոնյայի խոսքը մեջբերել է գործակալությունը:  

Գործընթացներն, ակնհայտորեն, ուղեկցվում են քարոզչական պատերազմով՝ ֆեյսբուքյան գրառմամբ նկատում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը.

«Իսրայելը պնդում է իրանական մի քանի քաղաքներ ռմբակոծելու մասին, մինչդեռ՝ Իրանը պնդում  է, որ ոչ մի հարված նշանակակետին չի հասել: Բայց մեկ բան ակնհայտ է. վերջին 10 օրերի ընթացքում մի շարք «կարմիր գծեր» հատվեցին երկուստեք՝ տարածաշրջանը լարված վիճակում պահելով»:

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը, ի մի բերելով վերջին օրերի անցուդարձերը, նկատում է, որ Իսրայելը նպատակ է ունեցել շարքից հանելու Իրանի Իսլամական Հանրապետության ՀՕՊ համակարգերը՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի համար օդային ճանապարհը բացելու նպատակով։ Նշելով, որ որոշակի տվյալներ կան այն մասին, որ օրերս Արցախում գտնվող Ֆիզուլիի նորակառույց Օդանավակայանի տարածք են ժամանել Իսրայելի բարձրաստիճան սպաներ, ռազմական փորձագետը, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց.

«Ավելի վաղ ես նշել էի, որ Իսրայելն ԱԹՍ-ներ և  օդային հարձակման միջոցներ է ուղարկել Ադրբեջանի Հանրապետություն, որոնք նախատեսված չէին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի և Պետական սահմանապահ ծառայության համար։ Հիմա որպես փաստ  կարող ենք արձանագրել, որ այս մասին արած իմ դիտարկումներն իրականացան՝ այսօրվա հարձակումներն Իսրայելը հասցրել է նաև Ադրբեջանի Հանրապետության տարածքից»։

44-օրյա պատերազմից հետո Իսրայելից Ադրբեջանի ունեցած մեծ կախվածության մասին է հիշեցնում իրանագետ Նվեր Դավթյանը։

«Ադրբեջանը Իսրայելի հետ գտնվում է այնպիսի իրավիճակում, որ նույնիսկ չկարողացավ դատապարտել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը: Բացի այդ, Ադրբեջանի տարածքում առկա են իսրայելական ռազմաօդային ուժերի բազաներ, և Իսրայելը կարող է առանց Բաքվի համաձայնության օգտագործել այդ բազաները և սադրել իրանա-իսրայելական պատերազմ»։

Ըստ փորձագետի՝ Իսրայելի գլխավոր նպատակը Պաղեստինից Իրանի ուշադրությունը շեղելն է և հակամարտության այնպիսի գոտիներ ստեղծելը, որոնք կթուլացնեն Թեհրանի ազդեցությունը պաղեստինյան ճակատում: 

Back to top button