Մասնագիտություն

Գիտություն Աստծո՞, թե՞ հավատի մասին․ «Մասնագիտություն»

Մարդն իր գիտակցական կյանքի առաջին իսկ պահից խորհել է իր ծագման, ծննդի, կյանքի ու մահվան, գոյության մասին: Հավատը, լինելով մարդու աշխարհայացքի կարևորագույն բաղադրիչներից մեկը, լինելով ժողովրդի ոգին, ոգեշնչման աղբյուրը, օրհասական պահերին նաև մխիթարությունը, ունի չափազանց մեծ նշանակություն և՛ մարդու, և՛ ժողովրդի, հասարակության գոյության համար։

Ի՞նչ է աստվածաբանությունը։ Ասել, որ այն ուսմունք է Աստծո մասին, կլինի շատ պարզունակ։ Ասել, որ այն ուսումնասիրում է կրոնական ուսմունքները, կրոնական դոգմաներն ու համակարգված ներկայացնում ու լուսաբանում դրանք, կլինի շատ հանրագիտարանային։ Մարդկության պատմության տարբեր հատվածներում այս գիտության առարկան մնում է նույնը, սակայն փոխվում են այն ուսումնասիրելու և բացահայտելու մոտեցումները։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա ժամանակաշրջանում, երբ հավատի ու անհավատության խնդիրը շատ ավելի սուր բնույթ է ստացել, աստվածաբանության առարկան, այսպես ասենք, լոկ իմացաբանական շրջանակներից դուրս է գալիս՝ ձեռք բերելով նաև կիրառական իմաստ։ Հայ մտքի զարգացման, ազգային դպրության կերտման ճանապարհին անգնահատելի մեծ տեղ է զբաղեցրել հոգևոր կրթությունը, հավատի շնչով է ստեղծվել ամբողջ ոսկեդարյա հարուստ գրականությունը:

Հավատը շատ խորը հետք է թողել մեր կենցաղի, մտածողության, դաստիարակության վրա ու դրա ուսումնասիրությունը նաև ինքներս մեզ ճանաչելու համար է կարևոր։ Հենց այս առումով է, ուստի, կարևոր նաև աստվածաբանությունը։

Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1995 թվականին: Ֆակուլտետի կառույցում գործում են մասնագիտական երեք ամբիոններ. աստվածաբանության, կրոնի պատմության ու տեսության, հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության:

Հիմնադրման օրվանից ի վեր ֆակուլտետում կյանքի են կոչվել բազմաթիվ նախաձեռնություններ՝ ուսանողներին մատուցելով համապարփակ գիտելիքներ, ձևավորելով լայն աշխարհայացք, արժևորելով հոգևոր կրթության դերն ու անհրաժեշտությունը: Զրույց աստվածաբան, Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Միրզոյանի հետ։

Back to top button