Մասնագիտություն

Շփումը կենդանիների հետ ոչ միայն հաճելի է, այլև զվարճալի. «Մասնագիտություն»

Այս անչափ բարի մասնագիտությունը պահանջում է մեծ գթասրտություն, հոգատարություն, երկաթյա նյարդեր և, որ ամենակարևորն է, կենդանիների վստահությունը նվաճելու ունակություն:

Եթե որոշել եք դառնալ անասնաբույժ, ապա պետք է իմանալ, որ այս մասնագիտության ընտրության ամենաառաջնային պայմանը մեծ սերն է կենդանիների նկատմամբ:

Հմուտ և բանիմաց անասնաբույժը միշտ կենդանիների կողքին է՝ իր մասնագիտական գիտելիքներով, սիրով, նվիրումով, պատասխանատվության մեծ զգացումով և հոգատարությամբ:

Ու չնայած կենդանիների պարագայում բժշկական օգնություն տրամադրելն ավելի բարդ է, որովհետև կենդանիները չեն խոսում և չեն բարձրաձայնում իրենց ցավերի մասին, բայց «չարաճճի բուժառուների» հետ շփումը դրական լիցքեր է տալիս, հաճելի է, երբեմն նաև՝ զվարճալի:

Գիտության ճյուղ է անասնաբուժությունը, որը զբաղվում է կենդանիների հիվանդությունների, ինչպես նաև կենդանիների վնասվածքների և խանգարումների ախտորոշմամբ, բուժմամբ, կանխարգելմամբ:

Անասնաբույժները ոչ միայն բուժում են հիվանդ կենդանիներին, այլև հետևում են առողջներին՝ կատարելով տարբեր կանխարգելիչ պատվաստումներ, ախտորոշելով և վերահսկելով կենդանիների հիվանդությունները, բուժելով հիվանդ և վիրավոր կենդանիներին, ծանր դեպքերում կատարելով վիրահատական միջամտություններ, ինչպես նաև տալով խնամքի վերաբերյալ տարատեսակ խորհուրդներ:

Մարդկանց անասնաբուժական հմտությունները ձևավորվել են դեռևս հնագույն ժամանակներից, երբ մարդիկ սկսել են ընտելացնել կենդանիներին: Կենդանիների բուժման մասին հնագույն տեղեկությունները մեզ հասել են դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում  Եգիպտոսում հայտնաբերված «Անասնաբուժական պապիրուս»-ից, որտեղ նկարագրված են կենդանիների և թռչունների մի քանի հիվանդություններ:

Անասնաբուժությունը հիշատակվում է նաև հին հնդկական, պարսկական, հունական աղբյուրներում: Անասնաբուժության պատմական հայրենիքը համարվում է Ֆրանսիան. 18-րդ դարում Լիոն քաղաքում է հիմնադրվել կենդանիների բժիշկների առաջին դպրոցը, որի նպատակն էր կանխարգելել այն համաճարակները, որոնք դառնում էին ոչ միայն մեծ քանակությամբ ընտանի կենդանիների ոչնչացման պատճառ, այլ նաև փոխանցվում էին մարդկանց:

Զրույց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արևիկ Աբովյանի հետ:

Back to top button