ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պետպատվերի գերածախս․ բուժառուները դժգոհում են, նախարարությունը պարզաբանում

Հիվանդանոցները չեղարկում են պետպատվերով ծառայությունները, հերթագրված ստուգումներն ու վիրահատությունները և հորդորում սպասել՝ ահազանգում են  բուժառուները։ Տեղեկությունը թեպետ անանուն, բայց հաստատում են նաև բուժհաստատությունները։ Նախարարությունը, սակայն, հերքում է և պարզաբանում՝  օֆերտայի սկզբունքով փոխհատուցվող 43 միջոցառումներից ընդամենը 2-ն է իրականացվում հերթագրման կարգով, այն էլ ապրիլի 17-ից, մյուս 41 միջոցառումներով ու ենթամիջոցառումներով  ծառայությունները շարունակվում են իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով։

Հայաստանյան բուժհաստատություններում քաոսային իրավիճակ է։ Պետպատվերով բուժումները կասեցվել են, և  այն բուժառուները, որոնք պլանավորած հետազոտություններ կամ վիրահատություններ ունեին, ստիպված են սպասել։

Առողջապահության հարցերով փորձագետ Ծաղիկ Վարդանյանի համար նման զարգացումներն անակնկալ չեն։ Ասում է՝ պարբերաբար խոսել է տարեվերջին պետպատվերի կարգում արված փոփոխությունների մասին  և զգուշացրել, որ համակարգը նման խնդրի առաջ է կանգնելու։

«Չպատրաստված, չհաշվարկված մտան դժվար գործի մեջ, որը հիմա ձախողում են։ Եռամսյակն ամփոփելուց հետո՝ ապրիլին արդեն, ունենք գերածախսեր տարբեր ծրագրերի շրջանակներում, որի արդյունքում բժշկական կազմակերպությունները ստիպված հերթագրումների են գնում։ Ստացվում է, որ այն, ինչ ունեցել ենք սահմանափակ բյուջեի սկզբունքով, ավելի չկառավարվող իրավիճակի է հասել»։

Նախորդ տարեվերջին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ պետպատվերը հունվարի մեկից իրականացվում է չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով, փորձարարական կարգով: Սա նշանակում է, որ վերացվում են բժշկական օգնության և սպասարկման ֆինանսական սահմանափակումները, կանոնակարգվում են նաև պացիենտների հերթագրման և ուղեգրման հետ կապված հարաբերությունները։ Այսինքն՝ հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի շրջանակում։ Ընդ որում՝ ավելի մեծ բյուջեով, քան նախորդ տարի։

«Այն, որ բյուջեն չի պակասել, այլ ավելացել է, փաստ է։ Իսկ ի՞նչ է եղել։ Դուք փոփոխություն եք արել՝ ակնկալելով ավելի  հասանելի բժշկություն և ավելի ճիշտ ֆինանսավորման մեխանիզմ, արդյունքում ավելի վատ է ստացվել։ «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքն էլ է գործում։ Ենթադրենք՝ ես հունվարին ավելի քիչ ծառայություններ ունեի, դուք ավելի ագրեսիվ հիմնարկ եք, ավելի շատ ծառայություններ եք ունեցել, դուք բերելու եք հանրապետական լիմիտը լրացնեք, ես մնամ»։

Որոշ բուժհաստատություններից հաստատեցին տեղեկությունը՝ պայմանով, որ հրապարակային չխոսեն խնդրի մասին։ Նրանց իրավաբանական թիմերը, սակայն, արդեն համապատասխան գրություն են պատրաստում նախարարությանը դիմելու համար։

Մարզերում, ի դեպ, խնդիրը շատ ավելի ընդգծված է։ 

Իրավիճակը պարզաբանել է նաև առողջապահության նախարարությունը։  Գերատեսչությունը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ՝ այս տարվա հունվարի 1-ից փորձարարական եղանակով 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով փոխհատուցվող թվով 43 միջոցառումներից 2-ը ապրիլի 17-ից սկսած իրականացվում են հերթագրման սկզբունքով՝ «Արդմեդ» հավելվածով սահմանված կարգով և առողջապահության նախարարի կողմից հաստատված ընթացակարգով։

«Պետական պատվերի շրջանակում իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը մնացած 41 միջոցառումներով  շարունակվում է իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով։ 

Օրերս նախարար  Ավանեսյանն էլ կառավարության նիստից հետո խոստովանել էր, որ հավելյալ միջոցների կարիք կա, պետք է հերթագրման համակարգ գործի։

«Մենք արդեն իսկ երեք ամիսների շարժը գնահատել ենք, ունենք որոշակի ծրագրերից տարեկան բյուջեից հավելյալ միջոցների կարիք, քննարկելու ենք և հասկանանք, թե  ինչպես ենք հերթագրումների համակարգը կիրառելու և որքան հավելյալ միջոցներ ենք հատկացնելու»։

Հաշվի առնելով առողջապահական կարիքը՝ նախարարությունը ևս կանխատեսում էր գերակատարումներ։ Չնայած դրան՝ որոշումը վերանայելու մտադրություն առայժմ չկա։

Back to top button