ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ի՞նչ որոշում կընդունի ՄԱԿ–ի միջազգային դատարանը․ ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները

Քառօրյա լսումներից հետո Հաագայի միջազգային դատարանում այսօր ավարտվեց «Հայաստան ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր փուլը։ Հայաստանը 2-րդ փուլով պատասխանեց Ադրբեջանի ներկայացրած առարկություններին։ Հայկական պատվիրակությունը կոչ արեց միջազգային դատարանին պատասխանատվության ենթարկել Բաքվին՝ տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականություն վարելու համար։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ դատարանի որոշմանը սպասում են տարեվերջին, ինչից հետո գործը կանցնի ըստ էության հարցերի քննության փուլ։

Այս շաբաթ Ադրբեջանը կրկին ձախողեց իր մարտավարությունը` ՄԱԿ միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների վերջին փուլի ժամանակ հայտարարեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը դատավարության ընթացքում չկարողացավ պահպանել նախնական առարկություններ ներկայացնելու փուլի հստակ սահմանված շրջանակները՝ անտեսելով դատական պրակտիկայում հստակ սահմանված իրավական չափանիշները, ինչպես նաև խեղաթյուրելով Հայաստանի փաստական ապացույցները:

«Դատարանի տրամադրության տակ կան բոլոր անհրաժեշտ տարրերը, որպեսզի հեշտությամբ մերժի Ադրբեջանի առարկությունները։ Հայաստանը հուսով է, որ շարունակելու է իր աշխատանքը դատավարության ընթացքում ըստ էության պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և վերահաստատում է իր հանձնառությունը այդ վեճը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի թե՛ տառին, և թե՛ ոգուն համապատասխան կարգավորելու հարցում»:

Քառօրյա լսումների ընթացքում դատարանը լսեց այս գործով Ադրբեջանի առարկություններն ու հայցվոր կողմի՝ Հայաստանի պատասխանները։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը 3 փաստարկ ներկայացրեց՝ հիմնավորելու համար իր տեսակետը։ Բաքուն պնդում է, որ կողմերը երբևէ բանակցություններ չեն վարել, երկրորդ՝ Հայաստանը երբեք իրական և անկեղծ փորձ չի արել բանակցելու, և երրորդ, որպես այլընտրանք, Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը հնարավորինս ջանքեր չի գործադրել այդ բանակցություններում:

Այս փուլում հայկական կողմի ակնկալիքն է, որ դատարանը մերժի ադրբեջանական առարկությունները՝ կապված դատարանի իրավազորության ու հայցապահանջները չընդունելու հետ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Եղիշե Կիրակոսյանը։

«Մենք կարծում ենք, որ նման առարկությունները հիմք չունեն։ Ադրբեջանը պարզապես ջանում է գործադրել բոլոր միջոցներն ու դատարանին համոզել, որ գործի քննության հետ կապված իրավազորություն չունի։ Սակայն մենք կարծում ենք, որ դա հիմնավոր չէ»։

Ադրբեջանը փորձում է նաև արդարացնել իր ռազմական հանցագործությունները՝ դրանք մեկնաբանելով իբրև երկու կողմերի միջև ընթացող պատերազմի հետևանքներ։ Բաքվի այս ռազմավարությունը ևս կանխատեսելի էր։

«Կարծում եմ ՝դրան էլ ենք շատ էֆեկտիվ արառկել, որովհետև ակնհայտ է այն միջավայրն ու տրամաբանությունը, որի շրջանակներում Ադրբեջանի կողմից կատարվել են խախտումները։ Կարծում եմ ՝ հստակ կարող ենք նշել նաև, որ պատերազմը նույնպես տասնամյակներ շարունակ վարվող ատելության քաղաքականության արդյունք էր»։

Այս գործում ուղղակիորեն խոսվում է նաև արցախցիների հնարավոր վերադարձի մասին։ Անցած տարվա նոյեմբերին դատարանի որոշմամբ Ադրբեջանը պարտավորվեց ապահովել բոլոր պայմանները էթնիկ հայերի իրենց տներ վերադարձի համար։ Ադրբեջանն այսօր էլ կրում է վերադարձի իրավունքի ապահովման պարտականությունը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկում՝ նշում է Կիրակոսյանը։ Սա նույնպես բարձրաձայնվել է լսումների ժամանակ։

«Այս գործը նաև հենց դրան է վերաբերում։ Հետագայում, երբ նախնական առարկությունների փուլից անցում կատարվի գործի ըստ էության քննության փուլ, շատ կարևոր է, որ խոսվի հետվերադարձի իրավունքի, նաև այլ շատ իրավունքների, որոնք վերաբերում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայությանը, այլև ցանկացած էթնիկ հայի»։

Ադրբեջանի նախնական առարկությունների հարցով որոշմանը հայկական պատվիրակությունը սպասում է տարեվերջին։ Դրանից հետո դատարանը կանցնի ըստ էության հարցերի քննությանը։ Դատական գործընթացներին և դատարանների որոշումներին Բաքվի վերաբերմունքը հայտնի է և ոգևորող չէ, բայց նմանատիպ գործընթացները շարունակելու անհրաժեշտությունը խիստ է՝ նշում է Կիրակոսյանը։

Ապրիլի 22-ին ՄԱԿ արդարադարության միջազգային դատարանում կմեկնարկեն արդեն «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները, որոնք նույնպես կտևեն 4 օր։

Back to top button