Երկրորդ շնչառություն

Սեպտեմբերը՝ առողջ ծերացման իրազեկման ամիս․ «Երկրորդ շնչառություն»

Սեպտեմբերին Երևանի բոլոր համայնքներում կանցկացվի Առողջ ծերացման արշավ: Պետությունը, մասնավորապես, առողջապահության նախարարությունը, առողջ ծերացման քարոզով կթակի յուրաքանչյուր դուռ, միջոցառում կանցկացնի ամեն բակում ու տաղավարում:

Երևանի 12 վարչական շրջաններում կընտրվի 5-ական վայր, խաղահրապարակ կամ զբոսայգի, որտեղ կանցկացվի շուրջ 60 միջոցառում: Առողջ ծերացման առաջին արշավներն անցկացվել են անցած տարի Արմավիրում, Իջևանում, Վանաձորում և Երևանում, և դա շատ դրական է ընդունվել հասարակության բոլոր շերտերի, երեք սերունդների՝ թոռ, որդի, պապ կողմից:

Հուլիսին 200 տարեցների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունն անցկացրել է ևս մեկ արշավ Երևանի սրտում՝ նպատակ հետապնդելով հանրության վերաբերմունքը փոխել մեր ավագ սերնդի, ծերության հանդեպ վերաբերմունքը:

«Հանրությունը որոշ տարիքային սահմաններից հետո տարեցներին վերագրում է որոշ կարելի և չի կարելիներ և մեր արշավների ժամանակ մենք բացատրում ենք, որ տարիքը չպետք է սահմանափակի ապրելակերպը, քանի որ այդ սահմանափակումները խաթարում են առողջ ապրելակերպի զարգացումը մեծ տարիքում: Առողջ ապրելակերպը բոլորի համար է, բոլորի իրավունքն է, իսկ ավելի մեծ տարիքում շատ ավելի կարևոր է առողջ լինել, ինչը կօգնի օրգանիզմին դիմակայել տարիքային մարտահրավերներին»,- բացատրում է:

Այդ է պատճառը, որ այս արշավները ուղղվում է առողջ ապրելակերպի քարոզմանը մենք խրախուսում ենք բոլորին վարել առողջ ապրելակերպ մեծ տարիքում»,- ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը՝ հրավիրելով 60 և ավելի տարիք ունեցող բոլոր անձանց միանալ, զարգանալ, նոր ընկերներ ձեռք բերել և որդեգրել առողջ կյանքի բանաձևը:

Հունիսին անցկացրած արշավի ժամանակ փորձարկվել են տարբեր միջոցառումներ, հասկանալու, թե որն է ավելի շատ դուր գալիս տարեցներին: Նրանք ոգևորվել են հատուկ մեծահասակների համար ադապտացված յոգայի հնարքներից, երգուպարից, կոգնիտիվ խթանման վարժություններից, ինչպես նաև մեդիագրագիտության դասերից՝ ինչպես ճիշտ օգտվել սոցցանցերից, ինչպես ստուգել աղբյուրների հավաստիությունը և սխալ աղբյուրներից ստացած սուտ տեղեկատվությամբ չվնասեն իրենց:

Բացի դրանից, կազմակերպվել են նաև սքրինինգային ծառայություններ՝ ստուգել են գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, չափել են զարկերակային ճնշումը և մարմնի զանգվածի ինդեքսը, գնահատել հիշողությունը և այլն:

Արշավների նպատակն է նաև ձևավորել համայնքային կուռ սոցիալիզացված թիմեր, որոնք հետագայում արդեն խմբով կմասնակցեն միջոցառումներին, կօգնեն իրար և թիմի անդամներն իրենց մեկուսացված չեն զգա:

«Պետք է ի վերջո ընդունել, որ ծերությունն ավարտ չէ, այլ նոր հնարավորությունների սկիզբ մարդու կյանքում: Մարդը պետք է շարունակի կրթվել, զարգանալ, բարելավել իր անձը, ցանկացած տարիքում, ինչը կօգնի մնալ երիտասարդ և ավելի լավ պայքարել ծերության մարտահրավերների դեմ»,- բացատրում է Ք.Գալստյանը՝ օրինակ բերելով, որ համակարգչային հմտություններ ձեռք բերող տարեցները կարող են շարժվել ժամանակի հետ և լինել ավելի ինքնավստահ և կայուն:

Տեղեկացնենք նաև, որ սեպտեմբերն աշխարհում համարվում է Ալցհայմերի հիվանդության իրազեկման ամիս, իսկ սեպտեմբերի 21-ը՝ այդ հիվանդության դեմ պայքարի օրն է, և այս տարի նաև Հայաստանում է անցկացվելու քայլարշավ:

Back to top button