ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Բրյուսելյան հանդիպումը հանգիստ չի տալիս Բաքվին․ կեղծ փաստաթղթի քաղաքական ալիքը

Ապրիլի 5–ի բրյուսելյան եռակողմ հանդիպման շուրջ բացահայտումների աղմուկը չի դադարում՝ չնայած հանդիպման կողմերի հերքումներին։ Դրանց  սկզբնաղբյուրն ադրբեջանական լրատվամիջոցներն են, որոնք Բրյուսելում ստորագրված ենթադրյալ փաստաթուղթ են հրապարակել։ Մաքուր ապատեղեկատվություն, իրականության հետ աղերս չունեցող պնդում, կեղծ փաստաթուղթ․ այսպես են արձագանքել այդ հրապարակումներին պաշտոնական Վաշինգտոնը, Բրյուսելն ու Երևանը։ Չնայած պաշտոնական պարզաբանումներին, կեղծ փաստաթղթի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։

Ապրիլի 5–ի բրյուսելյան հանդիպման կողմերը հստակ հերքել են ադրբեջանական և ռուսական մեդիատիրույթում տարածվող ապատեղեկատվությունը բրյուսելյան գաղտնի օրակարգի մասին։ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված «փաստաթուղթը», որտեղ առանց որևէ ստորագրության կամ նույնականացման որևէ հնարավորության Ա4 տիպի 2 թղթի վրա 20 կետով իբրև թե նկարագրվում է ռազմական բնույթի համագործակցությունը, ՀԱՊԿ-ի ստանդարտներից ՆԱՏՕ-ի չափանիշներին Հայաստանը տեղափոխելու Արևմուտքի մտադրությունը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարում է։

«Այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է. անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Մենք ձեզ կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ Բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»։

Հայաստանի արտգործնախարարությունը նույնպես կեղծ է անվանել ադրբեջանական լրատվամիջոցներում ներկայացված փաստաթուղթը։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի փոխանցմամբ՝ բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել։

«Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին։ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել»:

Ռուսաստանի ակնկալած պարզաբանումներից հետո անգամ այդ երկրի արտաքին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը շարունակում է պնդել, թե Հայաստանին ուզում են արագացված տեմպերով «պոկել» Ռուսաստանի Դաշնությունից․

Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքների անհեթեթությունից ելնելով Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ճիշտ է համարում, որ այս դեպքերով ընդհանրապես պարզաբանում Հայաստանից չհնչեր․

«Ես հուսով եմ, որ Երևանը ոչ թե բացատրություններ չի տա, այլ ընդհանրապես չի խոսի այդ մասին, Երևանը կշարունակի այն քաղաքական գործընթացը, որի առաջին ծիլերն են իրականում միայն երևում։ Ինչ վերաբերում է Հայաստանը գործիք դարձնելու մտքերին, ի՞նչ արեցին ռուսները։ Եկան Արցախ, էթնիկ զտում իրականացնելուն փաստացի օժանդակեցին իրենց երաշխավորությամբ և անգործությամբ և հիմա թողնում հեռանում են։ Այդ դեպքում ո՞վ էր այստեղ գործիք, ո՞վ էր գործիք դարձնողը։ Ես պատասխանեմ այդ հարցերին․ գործիք էր Արցախի իշխանությունը, այն իշխանությունը, որը չհասկացավ դա, որը չլսեց Երևանից եկող սթափության կոչը և գործիք դարձավ Ռուսաստանի ձեռքին»։

Իշխող քաղաքական ուժից ապրիլի 5–ի հանդիպմանն առնչվող պարզաբանումներ հնչել են, բայց միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների համար։ Բրյուսելյան հանդիպումից 13 օր անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց։ Հանդիպումը վարել է վարչապետ Փաշինյանը։ Հաղորդագրությունից բացի այլ մանրամասներ քննարկումներից հայտնի չեն։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստոյապա Սաֆարյանի կարծիքով՝ բրյուսելյան հանդիպումը հանգիստ չի տալիս Բաքվին մի քանի պատճառներով։ Հիշեցնում է՝ հանդիպումից առաջ տևական ժամանակ Ադրբեջանն անգամ Թուրքիային էր խնդրում, որպեսզի վերջինն օգնի հետաձգել այդ հանդիպումը, ակնկալում էր, որ ԱՄՆ–ի մասնակցությունը նաև պետքարտուղար Բլինքենի մակարդակով չլինի։

«Ալիևը հասկանում է, որ ըստ էության գիծ է գծվում իր դեմ, որտեղ Հայատանն ու ինքը այլևս տարբեր լիգաներում են և այլևս ինքը Արևմուտքի վրա չի կարողանում «վաճառել» բանակցելու կապիտալը։ Ալիևը հիմա ստիպված է Արևմուտքին բացատրել, թույլ տվեք հիմա փակագծեր չբացեմ, քանի որ տարբեր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներից գիտեմ, երեք տարի Ալիևը խաբեց Արևմուտքին, որ ինքը ռուսական դաշտում չի «խաղում»։ Ներկայացնում էր, որ հայերն են ռուսների «վստահված անձիք», պրոքսին և հայերն են ռուսներին պահում Կովկասում և, եթե հայերի խնդիրը թույլ տան լուծի, ապա ինքը ռուսներին կճանապարհի։ Հետո պարզվեց՝ իրենք հայերին ճանապարհեցին և մնացին երկուսով։ Կարծես թե այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Ալիևը վեր է ածվել Պուտինի ձեռքում կեղտոտ գործիքի»։

Քաղաքագետը համոզված է, որ ապրիլի 5-ի հանդիպումը լուրջ ազդեցություն է թողել հետագա զարգացումների վրա տարածաշրջանում։  

Հայաստանի հասցեին ուղղված մեղադրաներին զուգահեռ Ռուսաստանի արտգործնախարարը միաժամանակ նաև փաստում է, որ Ռուսաստանը Հայաստանին նախկինի պես դաշնակից է համարում և ոչ միայն դե յուրե։ Ռուսական երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լավրովը նաև հույս է հայտնել, որ խնդիրների շուրջ անկեղծ քննարկում Փաշինյանի և Պուտինի միջև այնուամենայնիվ տեղի կունենա։

Back to top button