ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մայիսի 1–ի փոխարեն հուլիսի 22․ հայտարարագրման վերջնաժամկետն այս տարվա համար փոխվել է

Ապրիլի 19–ը հարկ վճարողի օրն է։ Տնտեսական անվտանգությունը նաև հարկ վճարելու մշակույթն է, եթե շատ պարզ՝ հարկ չվճարելու դեպքում պետությունը պարզապես գումար չի ունենա, ինչն էլ կբերի բացասական հետևանքների՝ աշխատավարձ ու թոշակ չի վճարվի, ենթակառուցվածքները չեն գործի և այլն։ 2023–ին հարկեր– ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է 0․8 տոկոսյաին կետով։ Հարկային եկամուտների առաջանցիկ ավելացումը փորձագիտական դաշտում հարկ վճարելու փոփոխված մշակույթով, ստվերի կճատմամբ, ինչպես նաև վարչարարության խստացմամբ են պայմանավորում։

ՊԵԿ–ում վստահեցնում են՝ փորձում են լավարկել հարկային քաղաքականությունը, թեթևացնել հարկ վճարողների հոգսը՝ հնարավորինս բացառելով հարկային մարմին– հարկ վճարող ֆիզիկական շփումը։ Մի քանի փոփոխություններ, որոնք նախատեսում են հարկ վճարողի կյանքը հեշտացնելու համար։ Առաջիկայում ֆիզիկական անձինք ապրանքներ ձեռք բերելու ժամանակ անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային համակարգով կներկայացնեն, այն այժմ թղթային տարբերակով է։ Դրամարկղային գրքի էլեկտրոնային վարումը նույնպես պարտադիր է դարձել բոլորի համար։ Սա նշանակում է՝ ՊԵԿ–ն աստիճանաբար թվայնացման է գնում։ Խնդիրներ, իհարկե, կան այս փուլում՝ դրամարկղի գրքի վարման, ճշգրտումներ կատարելու հետ կապված, բայց դրանք շտկվում են՝ վստահեցնում է ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանը․

«2025 թվականի հունվարի մեկից շրջանառության հարկ վճարողները շուկայից ձեռք բերումների դեպքում հանդես կգան որպես հարկային գործակալ, բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի ու երկրորդային հումքի։ Նաև մի պատասխանատվություն է նախատեսվում, որ եթե չափագրումների դեպքում ավելցուկ կհայտնաբերվի, շրջհարկ վճարողների համար տուգանք է նախատեսված՝ ապրանքի արժեքի 20 տոկոսի չափով, կրկնվելու դեպքում արժեքը կդառնա 50 տոկոս»։

2023 թվականի համար նախատեսված ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարագրման վերջնաժամկետը մայիսի 1–ն էր։ Բայց այս տարի այն  փոխվել է։ Սա օրենսդրության պահանջ է։ ՊԵԿ ներկայացուցիչը բացատրում է՝ հարկային օրենսգրքի 53–րդ հոդվածի 6–րդ մասի համաձայն հաշվարկը պետք է ներկայացվի սահմանված ժամկետում։ Եթե այն տեղադրվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից ավելի ուշ, ապա այս դեպքում վերջնաժամկետը երկարում է այնքան օրերի քանակով, որքան ուշացել է։

«Հաշվարկը տեղադրվել է մարտի 21–ին, վերջնահաշվարկը մայիսի 1–ից տեղափոխվել է հուլիսի 22–ը։ Մինչ այդ հաշվարկները պետք է ներկայացված լինեն։ Ովքեր նույնականացման քարտ ունեն, լավ կլինի, որ ավելի շուտ ներկայացնեն, որպեսզի համակարգը ամբողջությամբ աշխատի»։

Հեշտացվում է նաև մի քանի աղբյուրից ստացվող եկամուտների որոշակի գումարի վերադարձի վճարման կարգը։ Օրենսդրության համաձայն, մի քանի աղբյուրից ստացվող եկամուտների դեպքում սոցվճար է պահվում, որոշակի գումար ենթակա է վերադարձման։ Նախկինում ֆիզիական անձը դիմում էր ներկայացնում, բանկային հաշվին, բայց հաճախ տվայլները սխալ էին լինում, ասում է ՊԵԿ Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Զառա Մելքումովան․

 «ԿԲ–ի հետ համատեղ ավտոմատացրել ենք։ Գումարը գեներացվում է, ԿԲ–ն ֆիզիկական անձանց մասով տրամադրում է գործող հաշվի համար, որին ավտոմատ փոխանցվում է գումարը։ ՊԵԿ լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա»։

2023–ին հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը բարելավել է 0․8 տոկոսյաին կետով։ Հարկային եկամուտների առաջանցիկ ավելացումը փորձագիտական դաշտում  հարկ վճարելու փոփոխված մշակույթով, ստվերի կճատմամբ, ինչպես նաև վարչարարության խստացմամբ են պայմանավորում։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ հարկ վճարելու մշակույթը հենց այնպես չի ձևավորվում։ Այն ձևավորվում է ռացիոնալ որոշումների իրականացմանը հետևելով, ձևավորված մշակույթի հիմքում նաև արդյունավետությունն է։ Ավելին, կարծիքներ կան, որ Հայաստանում հարկերի հավաքումն ավելի արագ է տեղի ունենում, քան տնտեսության աճը։ Ինչպե ՞ս․

«Տարիներ շարունակ խոսել ենք ստվերից, խոսել ենք, որ տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական գործունեության մեջ ստվերայնությունը բարձր է։ Տարբեր գնահատականներ են արվել, նախկինում տարբեր տարիների համար ստվերի գնահատումը ՀՆԱ–ի մեջ 30, 40 մինչև 50 տոկոսի հասնելու մասին կարելի է գնահատումների հանդիպել։ Բայց, եթե անգամ 30 տկոսը վերցնենք, արդեն բարձր է։ Բայց չի նշանակում, որ անօրինական են աշխատում, պարզապես հարկեր չեն վճարում։ Այստեղ որոշակի ռեսուրս կա, այս առումով հարկերի հավաքումը ավելացնելու»։

Տարբեր տարիների վերլուծությունները ցույց են տվել, որ երբ փորձ է արվել հաշվելու տվյալ հարկատեսակի բազան, թե որքան է ձևավորված տնտեսությունում, որքան հարկ պետք է վճարվեր,եթե հետևել օրենքին և որքան է վճարվում, որոշ հարկատեսակների մասով փաստացի վճարածը երկու անգամ պակաս է նախատեսվածից։ Հարկատեսակների մասով էլ պատկերը փոխվել է․

«Որոշակիորեն նվազել է ԱԱՀ մասնաբաժինը ՀՆԱ–ի մեջ։ Հարկային եկամուտների մեջ, եթե նայենք ԱԱՀ –ն, ընդհանուր բյուջեի եկամուտների 1/3 է կազմել՝ 32․5–33 տոկոս, 10 տարի առաջ կամ մինչև 2017–2018թթ ԱԱՀ դերակակատարումը պետական բյուջեում ավեի բարձր էր՝ մոտ 37–38 տոկոս էր ապահովում։ Մի քիչ ավելացել է շահութահարկի դերը, եթե 2014–ին մասնաբաժինը մինչև 12 տոկոս էր, այժմ ընդհանուր հարկային եկամուտների մեջ մինչև 14 տոկոս է կազմում։ Ընդ որում շահութահարկի պարագայում պետք է նկատի ունենանք, որ դրույքաչափի նվազում է տեղի ունեցել, ու եթե այս դեպքում ավելի շատ է հավաքվել, սա արդեն դրական է»։

Ընդհանուր առմամբ, ԱԱՀ–ն համարվում է գլխավոր հարկատեսակը (ապահովում է բյուջեի եկամուտների 1/3–ը), դրան հաջորդում է եկամտային հարկը (22–23 տոկոս), երրորդ տեղում շահութահարկն է (մոտ 14 տոկոս)։

Back to top button