ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գործելով կրթվել․ «reArmenia» ակադեմիան դրամահավաքի տեխնոլոգիական գործիքակազմ է փոխանցում ՀԿ-ներին

44-օրյա պատերազմից հետո ստեղծված «reArmenia» հարթակի միջոցով երեք տարում 101 նախագիծ է իրականացվել, ընդհանուր 3 մլն դոլար արժողությամբ։ Կուտակված փորձը փոխանցելու և տարածելու համար հարթակը կրթական նոր ծրագիր է սկսել՝ «reArmenia ակադեմիան»։ Ինտենսիվ, եռամսյա դասընթացի ընթացքում հասարակական կազմակերպությունների անդամները ֆոնդհայթայթման արշավ կիրականացնեն։ Կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանում «Շվեյցարական համագործակցության գրասենյակի» աջակցությամբ՝ անվճար։ Դասընթացի արդյունքում Հայաստանում սուր խնդիրներ լուծող նախագծերի հեղինակները դրամահավաք իրականացնելու հմտություններ կձևավորեն՝ հենց թիմի ներսում։

Երեք տարում «reArmenia» հարթակին 600-ից ավելի նախագիծ է դիմել, զննության փուլը հաղթահարել է մոտ160-ը, 100-ից ավելին հաջողել է։ Հարթակի շուրջը 14 հազարանոց համայնք է ձևավորվել։ Այդ ընթացքում երկու հիմնական գործիք է ստեղծվել՝ մասնագետների համայնք և դրամահավաքի գործիքակազմ։ Իսկ ինչպե՞ս արդյունավետ համադրել այս երկու գործիքները՝ հարցի պատասխանը ակադեմիա ստեղծելու մտքին հանգեցրեց։ «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյան․

«Նախագիծը իրականացնող թիմերից որոշները շատ լավ կարողանում են դրամահավաք կազմակերպել․ հաղորդակցման արշավները կազմակերպելու, դոնորների հետ հարաբերություններ կառուցելու, իրենց նախագծի շուրջ համայնք կառուցելու անհրաժեշտ հմտությունները, գիտելիքը ունեն։ Մինչդեռ, մյուսները, որոնք դարձյալ շատ կարևոր գործ են անում, դրամահավաք կազմակերպելու հմտություն չունենալու պատճառով չեն կարողանում այս գործիքները մասքիմալ արդյունավետ օգտագործել։ Այս հարցից ելնելով՝ մտածեցինք, որ պետք է ձևավորել մի համայնք, կրթական միավոր, որտեղ այդ ազդեցիկ նախագծերը կարող են գալ, այդ կրթական փորձն ու գիտելիքը ստանալ և արդյունավետ իրագործել իրենց արշավները »։

Դասընթացին ներգրաված են լինելու մասնագետներ «Fundraiser club»-ից, «The Crowdfunding Formula»-ից, «Impact Hub»-ից և «reArmenia» հարթակից, որտեղ այս մեթոդները կիրառելու հաջող փորձ ունեն։ Ներդրվել են նաև միջազգային փորձ ունեցող կառույցների ստեղծած բովանդակությունը և տեխնոլոգիական գործիքները։ Դրամահավաք իրականացնող թիմերը կրթվելու են գործելով և այդ կերպ անհրաժեշտ կարողություններ են ձևավորելու։

Մինչ օրս իրականացված ծրագրերում ֆոնդհայթայթման առումով հաջողել են այն թիմերը, որոնց կազմում այդ ուղղությամբ մասնագիտացված անդամ է եղել։ Դասընթացն ինտենսիվությամբ և ժամանակային կտրվածքով համապատասխանելու է աշխատանքային օրվա ծանրաբեռնվածությանը։ «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյան․

«Հիմնական գրավականն այդ ներգրավված մարդու առանց հանձնվելու, անընդհատ կրթվելով, անընդհատ նոր մեթոդներ կիրառելով, փորձարկումներ անելով առաջ գնալու կամքն էր, որ այս հարցը լուծելու համար այս գումարը պետք է հավաքեմ»։

«ռեԱրմենիա» ակադեմիայի համակարգող, կրթության ոլորտի մասնագետ Հասմիկ Սարգսյանի խոսքով՝ ծրագրին կարող են դիմել երեք ոլորտի քաղհասրակության կազմակերպություններ․ միգրացիայի, մասնավորապես, Արցախից տեղահանվածների հարցով զբաղվող հասարակական կազմակերպությունները, նաև սոցիալական միջավայրի պահպանության խնդիրներով և ազատ մեդիայի ոլորտով զբաղվող ՀԿ-ները։ Յուրաքանչյուր նախագիծ դասընթացքի ընթացքում գտնելու է իր համար ֆինանսավորման լավագույն մեթոդը։

«Յուրաքանչյուր շաբաթ վերաբերում է դրամահայթայթման արշավի որոշակի փուլի։ Տվյալ շաբաթվա կրթակարգը ձևավորում է այդ փուլի գործիքակազմը՝ մասնակցին ներկայացնելու հիմքով։ Այսինքն՝ ինչ գործիքներ ենք տրամադրում, ինչ ենք սովորեցնում մասնակցին, ուղղակիորեն կապված է, թե դրամահավաքի արշավի որ փուլում է գտնվում տվյալ նախագիծը»։

Այստեղ ստացած գիտելիքը կիրառվելու է անմիջապես ու գործնականում։ Ինտենսիվ, եռամսյա դասընթացի ընթացքում հասարակական կազմակերպությունների մասնակիցները ֆոնդհայթայթման արշավ կիրականացնեն։ «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի խոսքով՝ մասնակիցները տեղում սովորելու, տեղում կիրառելու և տեղում արդյունքները չափելու են․

«Առաջին շաբաթվա ընթացքում ուսումնասիրության միջոցով մասնակիցները պետք է նույնականացնեն նվիրատուի պրոֆիլը։ Երկրորդ շաբաթվա ընթացքում Lead Generation է լինելու, այսինքն՝ այդ պրոֆիլով մարդկանց պետք է որպես դոնորներ ներգրավեն, ընթացքում սովորում են այն ամենը, ինչ լիդջենին է վերաբերում։ Մասնագետը գալու է, երկու ժամ լեկցիա է կարդալու, հետո նյութեր է բաժանվելու, որտեղ հստակ ներկայացված է լինելու գործիքները։ Դրան հաջորդելու է ֆիդբեք սեսիան զույգի հետ, փոխանակվելու են խորհուրդներով՝ դարձյալ լիդջենի վերաբերյալ։ Վերջում՝ շրջված դասարանի ֆորմատով քննարկում է լինելու բոլոր մասնակիցների մեջ, որով գնահատվելու է նույն թեմայի դրական ու բացասական կողմերը»։

Այս պահին 48 հայտ են ստացել։ ՀԿ-ները կարող են դիմում-հայտը լրացնել մինչև ապրիլի 20-ը։ Նախագծերն ընտրելիս հաշվի են առնվելու դրանց բնույթը, նաև փորձագետների հետ քննարկվելու են նախագծի իրականացման հնարավորությունը` տվյալ թիմի կողմից: Ըստ այդմ՝ ընտրվելու են 32-35 մասնակիցներ։

Back to top button