ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում․ Իրանի դեսպան

Մեր գրոհները խելամիտ ու դիպուկ էին, և մենք հասանք մեր նպատակին՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իսրայելին ցույց տված Իրանի պատասխան հարվածին։  Դեսպանը պնդել է, որ Իրանն այլ ելք չուներ, քան իր շահերը պաշտպանելը: Մեհդի Սոբհանին այսօր կրկին շեշտել է, որ Իրանի կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում՝ ասել է իրանցի դիվանագետը։

Մենք դեմ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին, դա վնաս է տարածաշրջանին, նաև Հայաստանին ու Ադրբեջանին, երկու կողմին կոչ ենք անում հանգստություն, զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության մասին երկխոսությունը՝ ասուլիսում հայտարարեց մեր երկրում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝  անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին հարցին։

«Մենք գտնում ենք, որ լարվածւթյունը նվազեցնելու կարևորագույն գործոններից են երկխոսությունը և դիվանագիտությունը, ինչպես նաև ազգային ինքնիշխանությունը հարգելը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը և միջազգային իրավունքների հարգումը։ Անգամ պատերազմները լուծվում են երկխոսության և դիվանագիտության միջոցով»։

Արձագանքելով հարցին՝ որո՞նք են Իրանի կարմիր գծերը, դեսպանը նախ ընդգծեց, որ դրանք չեն փոխվել, ապա հստակեցրեց, որ Իրանը դեմ է արտահայտվել միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ Դա Իրանի համար կարմիր գիծ է, ինչի մասին երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարն է հայտարարել, և ինչը հնարավոր չէ անտեսել. 

«Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած գեոպոլիտիկ փոփոխությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը», -վերահաստատեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։  Իրանը կարծում է, որ եթե սահմանային հարցերում  կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման հիման վրա՝ ինչպես նաև երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելով։

«Մենք աջակցում ենք միջազգային սահմանների ճանաչման խաղաղ եղանակին»՝ ընդգծեց Սոբհանին։

Դեսպանն անդրադարձավ նաև Իրանի և Հայաստանի միջև կոմունիկացիոն ոլորտում համագործակցությանը՝ ձևակերպելով, որ այն երկկողմ համագործակցության կարևորագույն  հատվածներից է։

Հայաստանը Իրանի համար համարվում է դեպի հյուսիս և Սև ծով տանող  շնչուղի, իսկ Իրանը Հայաստանի համար շնչուղի է դեպի հարավ, դեպի Պարսից ծոց և Հնդկաստան դուրս գալու համար։

Մենք առաջիկայում շատ լավ պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու փոխադրումների, ինչպես նաև տարանցման ոլորտում, ինչը ներառելու է տարանցիկ և փոխադրումների վճարների նվազեցման մասին դրույթներ՝ թեման եզրափակեց Իրանի դեսպանը։

Ի պատասխան լրագրողների հարցերի՝ Իրանի դեսպանն այսօր կրկին հստակեցրեց, թե Իրանն ինչ նկատի ունի, երբ խոսում է արտատարածաշրջանային ուժերի մասին։ «Օվկիանոսի այն կողմից փորձում են որոշումներ կայացնել այս տարածաշրջանի ժողովուրդների համար»,- նշեց Սոբհանին՝ պարզաբենելով, որ խոսքը եվրոպական որոշ երկրների եւ ԱՄՆ-ի մասին է։

Թեհրանը  բազմիցս դեմ է արտահայտվել Հարավային Կովկասի երկրների գործերին ոչ տարածաշրջանային երկրների միջամտությանը։ Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը տարածաշրջանային երկրներ է համարում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։

Սոբհանին նաև նշեց, որ Հարավային Կովկասում անկայունության գործոններից մեկն էլ համարում են իսրայելական ռեժիմը, որը փորձում է միլիտարիզացնել այս տարածաշրջանը՝ թուլացնելով խաղաղության համար ջանքերը։

«Կարծում եմ, որ տարածաշրջանի ժողովուրդն այնքան խոհեմ են, որ սիոնիստական ռեժիմի նման քայլերով երբեք առճակատման չեն գնա որևիցե երկրի հետ»,- ձևակերպեց իրանցի դիվանագետը՝ եզրափակելով հույսով, որ տարածաշրջանի երկրների կյանքն այդ ռեժիմի արկածախնդրությանը չի ենթարկվի։     

Իսրայելին ուղղված պատասխան գործողությանն անդրադառնալով՝ Սոբհանին շեշտեց, որ Իրանի հարձակումները սահմանափակ էին և ուղղված միայն այն կենտրոններին, որտեղից սկիզբ են առել Իրանի և Դամասկոսում Իրանի դեսպանատան դեմ իրականացված ռազմական հարձակումները: Նրա խոսքով՝ գործողություններն օրինականորեն իրականացվել են ՄԱԿ-ի հռչակագրի 51-րդ հոդվածի հիման վրա։

«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ էին, և մենք հասանք մեր նպատակին»,– վստահեցրեց Իրանցի դիվանագետը:

Back to top button