ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Միասին՝ դեպի նոր հորիզոններ․ հայ պատվիրակի ելույթը ԵԽԽՎ-ում

Ստրասբուրգում այս օրերին ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգային հարցերից է Կոսովոյի՝ Եվրախորհրդին անդամակցելու դիմումի քննարկումն ու քվեարկությունը։ Քննարկվող հարցերի թվում են նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանն ու Վլադիմիր Կարա-Մուրզայի կալանավորմանը վերաբերող հարցերը։ Չի շրջանցվի նաև Ուկրաինայի վերակառուցմանն աջակցելու թեման, ներառյալ՝ այդ նպատակով ռուսական սառեցված պետական ակտիվներն օգտագործելու առաջարկը։ Իսրայելում և Գազայում հումանիտար իրավիճակը ևս կլինի քննարկումների առանցքում։ Այս քննարկումներին ադրբեջանական պատվիրակությունը ներկա չէ, քանի որ մեկ տարով զրկված է ԵԽԽՎ նիստերին մասնակցելու իրավունքից։ Իսկ հայ պատվիարակներն արդեն հասցրել են ելույթ ունենալ ու ներկայացնել իրավիճակը մեր տարածաշրջանում։

Ապրիլի 15-19 Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն առաջին անգամ ընթանում է առանց Ադրբեջանի պատվիրակության: Այն առնվազն 1 տարով զրկվել է ԵԽԽՎ նիստերին մասնակցելու իրավունքից և կարող է վերադառնալ այդ կառույցի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու դեպքում միայն։ Ուշագրավ է, որ այս նախաձեռնությանը ԵԽԽՎ վերջին ձմեռային նստաշրջանում կողմ էր քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 10–ը, 4-ը ձեռնպահ էին մնացել։

Ադրբեջանցի պատգամավորներին նիստերից հեռացնելու առաջարկի հեղինակ գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն ժամանակին բացահայտել էր ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» աղմկահարույց փաստերը, ըստ որոնց՝ Ալիևը միլիարդավոր դոլարներ է ծախսել ԵԽԽՎ որոշ պատգամավորների կաշառելու համար, որպեսզի նրանք պաշտպանեն Բաքվի շահերը վեհաժողովում։

Որպես  ադրբեջանական պատվիարակներին ԵԽԽՎ –ից հեռացնելու հիմնավորում նա նաև նշել էր Լաչինի միջանցքի արգելափակումը, Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը ու ևս մի շարք հիմնավորումներ։

Փորձագետները չեն բացառում, որ Բաքվի լոբբիստական աշխատանքի արյունքում Թուրքիայի, Սերբիայի, Հունգարիայի պատվիրակները ներկայանան ԵԽԽՎ Ադրբեջանի ձայնի իրավունքը վերադարձնելու առաջարկով։

Մինչ այդ ԵԽԽՎ-ում հայկական պատվիարակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել վեհաժողովի բացմանը և ներկայացրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները։ Նա այդ իրադարձությունն աննախադեպ է որակել իր ձևաչափով և քաղաքական ուղերձի իմաստով։ Մեջբերելով ԵՄ բարձր ներկայացուցիչ Յոզեպ Բորելի՝«Ավելի ուժեղ և ավելի կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս» խոսքերն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ «Ցանկանում ենք, որ Հայաստանը որպես ուժեղ, անկախ պետություն իր տեղը զբաղեցնի իր հարևանների հետ խաղաղության մեջ՝ կապված տարածաշրջանի և աշխարհի հետ» ձևակերպումները, Հռիփսիմե Գրիգորյանը կարևորել է, որ Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարական գործընկեր, և որ Հայաստանի ինքնիշխանությանն ու դիմակայունությանն աջակցելը օրակարգային է: Ուշադրության կենտրոնում է եղել Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

«Մեզ համար առանցքային է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության աջակցությունը, որի նպատակն է խթանել կապն ու երկխոսությունը մեր հարևան երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ: Մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարությանը: ԵՄ հանձնաժողովի նախագահը հանձնառություն ստանձնեց առ այն, որ ԵՄ-ն կհետազոտի միջսահմանային տրանսպորտը, իսկ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ ԱՄՆ-ն աջակցում է գաղափարներին, որոնք Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության էությունն են»:

Գրիգորյանը նշել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները ընթանում են դանդաղ՝ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Ու թեև, ըստ նրա, Ադրբեջանը խիստ քննադատության է ենթարկում ապրիլի 5-ի Բրյուսելյան հանդիպումը՝ այն անվանելով «ոչ ներառական», իրականությունն այն է, որ եթե կա մի կողմ, որը նպաստել է ոչ ներառականությանը, ապա դա Ադրբեջանն է։ Հայ պատվիրակը հիշեցրել է, որ Բաքուն հրաժարվեց մասնակցել 2023թ հոկտեմբերին Գրանադայում հնգակողմ բանացակցություններին, մերժեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության մուտքը Ադրբեջան՝ նախագահական ընտրությունների ժամանակ։

«Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում։ Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր գործընկերային հարաբերությունները և ազատորեն գծում է իր սեփական ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը»։

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն Հայաստանի կողքին՝ ասել է հայկական պատվիարակության անդամը ԵԽԽՎ իր ելույթում՝ վերհաժողովի պատվիարակներին առաջարկելով հայերի հետ միասին առաջնորդել հայ-եվրոպական համագործակցությունը դեպի նոր հորիզոններ:

Տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման կարևոր արձանագրումները հայ պատվիարակները ներկայացրել են նաև Կանադայի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, խոսել են «Խաղաղության խաչմերուկի»  կարևորության մասին։

Back to top button