Վերնատուն

Զարգացնել ստեղծարար արդյունաբերությունը, լինել արվեստագետների կողքին․ «Վերնատուն»

ՆՓԱԿ- ում մեկնարկել է ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի հետազոտություն-ցուցահանդեսը, որն ուղղված է զարգացնելու ստեղծարար արդյունաբերությունը։

«Տվյալներից անդին» վերնագրով ցուցադրությունը Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների հետազոտությունն է, որտեղ ութ արվեստագետ յուրովի մեկնաբանում են հետազոտության արդյունքները։

ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի միջոցառումների ու հաղորդակցման ղեկավար Շողակաթ Մլքե -Գալստյանը և արվեստագետ Սամվել Սաղաթելյանը խոսում են, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ցուցահանդեսը, ի՞նչ հետազոտություն է արվել ոլորտում և ինչպե՞ս տնտեսապես զարգացնել ստեղծարար և մշակութային ոլորտը։

Սամվել Սաղաթելյանը պատմում է իր գործի մասին, ասում է արվեստագետից է կախված մշակութային դաշտի ակտիվությունը։ Նշում է, որ երբեմն արվեստագետի գործը մի ամբողջ աշխատությունից հնչեղ կարող է լինել։ Շողակաթ Մլքե-Գալստյանն ասում է, որ ցուցահանդեսի ձևաչափը ասելիքն ավելի հանրամատչելի է դարձնում և այն երկխոսություն սկսելու առաջին քայլն է։ Խոսելով հետազոտության մասին, նշում է, որ այն ոչ միայն ներկայացնում է արվեստի ոլորտի խնդիրները, այլ նաև առաջարկում լուծումներ։

«Հետազոտությունը հնարավորինս հանրամատչելի ենք սարքել, որ այն լինի աշխատող գործիք և ոչ տպագրված մի բան, որը պիտի փոշոտվի ինչ որ մի դարակում։ Մենք ուզում ենք, որ մարդիկ, ովքեր աշխատում են տվյալ ոլորտներում, տեսնեն, թե ինչ առաջարկներ ենք մենք անում։ Այդ առաջարկները բխում են ոչ միայն արվեստագետների այլ նաև տնտեսագետների ու իրավաբանների հետ ունեցած մեր երկխոսություններից», – ասում է Շողակաթ Մլքե –Գալստյանը։

Սամվել Սաղաթելյանը իր ինստալացիան կառուցել է «արվեստ» բառի շուրջ։ Ասում է արվեստը մեր գոյատևման պայմանն է, այն առաջնագծում է և առնչվում է քաղաքականությանը, սոցիալական և տնտեսական խնդիրներին։

«Երբ գիտակցում ես որ արվեստն առաջնագծում է, քո մնացած գործողությունները դրանից են բխում։ Ազատագրվելու կոնցեպտը արվեստագետն է բերում՝ իր ազատ մտածողությամբ, արվեստը ապագաղութացում է, մշակութային ապագաղութացում», – ասում է Սամվել Սաղաթելյանը, հետո հավելում, թե ինչո՞ւ արվեստին հարկային արտոնություններ չի տրվում։

«Եթե բժշկական ոլորտին հարկային արտոնություններ է տրվում ինչու արվեստի ոլորտին չտրվի արվեստը առողջություն չէ՞։ Դա էլ է առողջացնում և՛ քեզ, և՛ հասարակությանը։ Արվեստագետը չպետք է որևէ բան հայցի պետությունից։ Նա պիտի այդ ամենից ազատ լինի։ Բայց իր ազատության կոնցեպտը պիտի հասարակությունն ընկալի ու գնահատի», – ասում է արվեստագետը։

ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի «Տվյալներից անդին» ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 28-ը, ցուցահանդեսը ներառում է պանելային քննարկումներ, արվեստի տոնավաճառ, շնորհանդես, համերգ։

Back to top button