Երաժշտական եռանկյունի

«Արամ Խաչատրյանի անվան» տրիո՝ 25 տարվա ճանապարհ. «Երաժշտական եռանկյունի»

Արամ Խաչատրյանի 120-ամյակի տարին ազդարարվեց աննախադեպ՝ Հայաստանի բոլոր պետական կոլեկտիվների մշակութային տարբեր դրսևորումներով: Հաղորդման հյուրը՝ Արմինե Գրիգորյանը, որպես Արամ Խարատրյանի տուն-թանգարանի տնօրեն առանցքային դերակատարություն ունեցավ և՛ որպես բազմաթիվ խաչատրյանական նախագծերի հեղինակ, և՛ որպես մեծ կոմպոզտորի անունը կրող երաժշտական տրիոյի մասնակից, որն այս տարի նշում է իր գործունեության 25-ամյակը: Այն ստեղծվել է 1999թ. և մի քանի տարի գործում էր «Արսիկա» անվանման տակ:

Տրիոն հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, կենտրոնական և հյուսիսային ԱՄՆ-ում, Կանադայում, Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Չինաստանում, Իսպանիայում, Մալտայում, Իրանում, Ղազախստանում, Լիբանանում, Բալթյան երկրներում, Բուլղարիայում, Չեխիայում, Լեհաստանում, Իտալիայում, Ռուսաստանում և ամբողջ Հայաստանի տարածքում:

«Իսկապես մեր աշխարհագրությունը հսկայական է, հետ նայելով հասկանում եմ, որ 25 տարվա ընթացքում բոլոր մայրցամաքներում ներկայացրել ենք խաչատրյանական և հայկական արվեստը: Այստեղ հատուկ պետք է նշել այն հանգամանքը, որ այդ ելույթները կազմակերպվում էին ամենաբարձր մակարդակով, աշխարհի լավագույն դահլիճներում: Նաև մասնակցել ենք մի շարք միջազգային փառատոների, և մեր ելույքները բազմիցս հեռարձակվել են աշխարհի ամենահեղինակավոր հեռուստա և ռադիո ընկերությունների կողմից: Անցած տարիների ընթացքում ձայնագրել ենք իննը ձայնասկավառակ՝ նվիրված հայկական, ռուսական և հատկապես Արամ Խաչատրյանի երաժշտությանը: Ձայնագրել ենք նաև Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները, Չայկովսկու տրիոն, նաև ալբոմներ՝ Բաբաջանյանի և Շոստակովիչի ստեղծագործություններով, ինչպես նաև ժամանակակից հայկական կոմպոզիտորների տրիոների ալբոմներ՝ Աճեմյան, Բաբայան, Չաուշյան, Սարգսյան», — ասում է Արմինե Գրիգորյանը:

 2006 թ. «Արամ Խաչատրյան» տրիոն հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Արմինե Գրիգորյան՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, Կարեն Քոչարյան՝ թավջութակ: Անսամբլը մեծ լուսավորչական և քարոզչական աշխատանք է տանում՝ հանդես գալով ելույթներով Երևանում և մարզերում: Անցկացնում է վարպետաց դասեր մասնագիտական դպրոցներում, ուսումնարաններում և Կոնսերվատորիայում՝ տարեկան կազմակերպելով մոտ յոթանասուն համերգ:

2010 թ. տրիոյի երաժիշտները Արամ Խաչատրյանի մտերիմ  ընկեր և մեկենաս Ասատուր Գուզելյանի հետ հիմնել են դասական երաժշտության զարգացման հիմնադրամ, որի նպատակը լուսավորչական և բարեգործական գործունեության ընդլայնումն է Հայաստանում: Մի քանի տարի առաջ երաժիշտները  Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում նախաձեռնել էին մեկ երեկոյի ընթացքում Արամ Խաչատրյանի երեք կոնցերտների կատարումը՝ ջութակի, դաշնամուրի  և թավջութակի համար կոնցերտ-ռապսոդիայի:

Նույն ձևաչափով նախագիծը Հայաստանում իրագործվել է պետական Սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին: Մեկ այլ նախագծով նպատակ ունեին Արամ Խաչատրյանի բոլոր սոնատների կատարումը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Տրիոյի նվագացանկում նաև տեղ են գտել Բրամսի, Բախի, Դեբյուսիի, Դվորժակի, Շումանի, Չայկովսկու, Ռախմանինովի, Շտրաուսի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները, որոնք ներկայացվում են պարբերաբար մոնոգրաֆիկ համերգային ծրագրերով:

Back to top button