Երկրորդ շնչառություն

Ի՞նչ փոփոխություններ են կատարվում օրգանիզմում 60-ից հետո. պարզաբնում է բժիշկ-գաստրոէնտերոլոգ Աննա Հազոյանը․ «Երկրորդ շնչառություն»

Մարսողության և աղեստամոքսային համակարգի հետ կապված հիվանդություններից տարեցների մոտ ամենահաճախն ի հայտ է գալիս փորկապությունը, փորլուծությունն ավելի քիչ է պատահում է: «Միքայելյան» համալսարանական կլինիկայի բժիշկ-գաստրոէնտերոլոգ, ԵՊԲՀ դասախոս Աննա Հազոյանը ներկայացնում է տարիքին բնորոշ այն հիմնական փոփոխությունները, որ կատարվում են մարդու օրգանիզմում 60-ից հետո:

Բժշկի խոսքերով, նախևառաջ, թքագեղձերն իրենց գործառույթն ավելի վատ են կատարում ու նվազում է թքի քանակը, ինչն էլ հանգեցնում է որոշ գանգատները: Հաճախ խնդիրներ են ստեղծում նաև շարժական ատամնաշարերը, որոնց տարեց մարդիկ երբեմն այդպես էլ չեն հարմարվում:

«Շատ ենք լսում, երբ տարեցներն ասում են, որ բերանս չորանում է, շուտ եմ ծարավում, գիշերն արթնանում եմ այդ պատճառով: Ի վերջո, երբ ծամելու պրոցեսը նորմալ չի ընթանում, պարզ է, որ ի հայտ կգան մարսողական խնդիրներ»,-բացատրում է նա:

Մյուս էական խնդիրը օրգանների՝ ստամոքսի և աղիքների շարժողական ակտիվության նվազումն է, երբ խախտվում է սննդի վերևից ներքև տեղաշարժը, ինչն էլ արտահայտվում է մշտական վքնածությամբ: Իսկ աղիքների պատերի կոլագենային շերտի հաստացումը նույնպես հանգեցնում է վքնածության ու փորկապության: Օրգանիզմի ամենամեծ մարսողական գեղձում՝ լյարդում էլ կատարվող փոփոխությունները զգալի դեր են խաղում մարսողության գործընթացի վատացման գործում:

Տարեցները գաստրոէնտերոլոգին դիմում են հիմնականում փորկապության խնդրով, քիչ չեն դիմումները նաև փորլուծության և այլ խնդիրներով: Դեմենցիա, Ալցհայմերի հիվանդություն, ինչպես նաև վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ ունեցող անձինք շատ ավելի հաճախ են ունենում փորկապություն:

«Աշխարհում 65 և ավելի տարեկան անձանց մոտ 40 տոկոսն ունի փորկապության խնդիր, իսկ խնամքի հաստատություններով ապրող տարեցների պարագայում այդ ցուցանիշն անցնում է 50 տոկոսից»,-արձանագրում է զրուցակիցս:

Անդրադառնալով մարսողության ու աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ախտորոշման եղանակների առավել տհաճ լինելու մասին տարածված կարծիքին՝ զրուցակիցս հավաստիացնում է, որ բոլոր կլինիկաներում էլ այդ գործողությունները կատարում են անզգայացման պայմաններում և հետազոտվողը ոչինչ չի զգում, ավելին, երբեմն կատակում են, թե վերջապես հանգիստ ու խորը քնել են: Այս հետազոտությունները տարեցների համար չափազանց կարևոր են, քանի որ կարող են օգնել ժամանակին ախտորոշել շատ տարածում ունեցող աղիքների քաղցկեղը:

Նշված բոլոր խնդիրները կանխելու, ինչպես նաև օրգանիզմի մարսողական գործընթացներին օժանդակելու համար Աննա Հազոյանը խորհուրդ է տալիս ավելի շատ թարմ միրգ ու բանջարեղեն օգտագործել, ինչը բջջանյութի անսպառ աղբյուր է: Հեղուկների օգտագործումը նույնպես խրախուսվում է, իսկ ինքնաբուժության, լյարդն ու աղիները մաքրելու նպատակով կասկածելի ծագումով խոտաբույսեր օգտագործելը, բժիշկն արգելում է:

Back to top button