Մոռացված ֆիլմերի ստվերները

Հայ կինոյի նորարարը․ Վիլեն Զաքարյան․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Վիլեն Զաքարյանը հայ կինոյի ամենաինքնատիպ ռեժիսորներից է։ Հայկական և խորհրդային կինեմատոգրաֆում նոր կինոլեզու բերած ռեժիսորի ֆիլմերը աշխարհի համար հայտնություն եղան և ճանաչում բերեցին ոչ միայն իրեն, այլև հայկական հեռուստատեսությանն ու «Երևան» կինոստուդիային:

Կինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի համահիմնադիր Վիլեն Զաքարյանի առաջարկած ռեժիսորական լուծումները հեղափոխական էին ոչ միայն հայ այլև խորհրդային կինեմատոգրաֆում: Նրա համար գլխավորը ստեղծագործական նոր լուծումներ հայտնաբերելն էր։

1956 թվականին հայաստանյան մշակութային կյանքում տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն՝ հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին եթերը։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը նշում է, որ այդ ժամանակ հեռուստատեսություն ասվածը  բոլորովին անծանոթ մի աշխարհ էր, թե՛ հասարակության, թե՛ նրանց համար ովքեր ստեղծում էին այն։

«Հայկական հեռուստատեսության ստեղծումը կապվում է երկու ռեժիսորների անվան հետ՝ Վիլեն Զաքարյան և Ժիրայր Ավետիսյան։ Ըստ էության նրանք էին հեռուստատեսության դուռը բացողները»,- ասում է Դավիթ Մուրադյանը։

Վիլեն Զաքարյանը կինոգործունեությունը սկսեց բեմադրված երաժշտական ստեղծագործություններ, հեռուստատեսային համերգներ և վավերագրական ֆիլմեր  նկարահանելով։ Եվ գուցե Վիլեն Զաքարյան վավերագրող ռեժիսորի աշխատանքային ճանապարհը այդպես էլ շարունակվեր, եթե անցյալ դարի կեսերին տպագրվող «Ֆիզկուլտուրա և սպորտ» ամսագրում նա պատահաբար չկարդար Աթանաս Լանդոջիևի՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերության մեջ հայտնված բուլղար մարզիկի իրական պատմության մասին, որը ոչ միայն հուզեց նրան, այլև այն կինոսցենարի վերածելու միտք տվեց։

«Վերջին նետում» ֆիլմի ստեղծման շրջանակներում առաջին անգամ համագործակցեցին կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն ու Վիլեն Զաքարյանը։ Կես դար առաջ «Վերջին նետում» ֆիլմի շուրջ տեղի ունեցող ստեղծագործական քննարկումներն ու զրույցները այսօր Մարտին Վարդազարյանը հիշում է ոգևորությամբ և կարոտով։ 

«Արդեն 57 տարի է ինչ այդ ֆիլմն ունի իր դիտողը։ Այս ֆիլմում վերարտադրվել են Վիլենի վերապրումներն ու կյանքի հանդեպ մոտեցումները։ Ես կարծում եմ, որ «Վերջին նետում» ֆիլմը տարիք չունեցող կինոնկարների շարքին է պատկանում»,- ասում է Մարտին Վարդազարյանը։ 

Այս հաջողությունից հետո Վիլեն Զաքարյանը մի քանի տարի նկարահանեց վավերագրական ֆիլմեր, իսկ որոշ ժամանակ անց վերադարձավ խաղարկային ֆիլմերի ժանրին։ 1977 թվականին էկրան բարձրացավ Վիլեն Զաքարյանի նոր՝ դրամայի ժանրում նկարահանված «Խոնարհվիր վաղվա օրվան» ֆիլմը, որն ունի ստեղծման հետաքրքիր պատմություն։

1960-ականների սկզբին Վիլեն Զաքարյանը բուժում էր ստանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ «Մոռացված ֆիլմերի ստվերները» հաղորդաշարի մի հաղորդմանը տված իր հարցազրույցում կինոռեժիսորը պատմում է, որ օրերից մի օր նկատում է, որ կողքի հիվանդասենյակը հսկում են ոստիկաններ։ Իրեն բուժող բժշկին հարցուփորձ անելուց հետո կինոռեժիսորը պարզում է, որ կողքի հիվանդասենյակում բուժվում է այն ժամանակ հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն, որը վիրավորում էր ստացել ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում։

Վիլեն Զաքարյանին հետաքրքրում  է այդ պատմությունը։ Նա ուզում է ծանոթանալ, զրուցել, հասկանալ թե ինչ խառնվածք, հոգեվիճակ և ապրումներ են ունենում ծանր հանցագործության մեջ մեղադրվող մարդիկ։ Սակայն երկար ժամանակ ոստիկանության աշխատակիցները նրան թույլ չէին տալիս մտնել հիվանդասենյակ, բայց բուժող բժշկի միջամտությամբ ի վերջո հաջողվում է ներս մտնել, ծանոթանալ, շփվել ու, ի զարմանս իրեն, պարզել, որ այդ մարդը բավական գրագետ, կարդացած ու հետաքրքիր անձնավորություն է։ Այդ միջադեպը տպավորություն է թողնում ռեժիսորի վրա, ժամանակ առ ժամանակ նա հիշում է  Յուրա անունով երիտասարդին, մտովի զրուցում նրա հետ, վերլուծում հոգեբանական այդ վիճակն ու մտածում, որ  այդ պատմությունը կարող է լավ կինոսցենարի նյութ դառնալ։

«Զրույցների ժամանակ նա պատմում էր իր կյանքի մասին։ Շատ դժվար ու միևնույն ժամանակ հետաքրքիր դրվագներ պարունակող կյանք էր ապրել այդ երիտասարդը»,- պատմում էր  ռեժիսորը։

Ֆիլմում դերակատարումներով հանդես եկան այն ժամանակ հայտնի ու սիրված դերասաններ։  Վիլեն Զաքարյանը բուժքույր Գայանեի կերպարն առաջարկում է դերասանուհի Ալիս Կապլանջյանին։ Բազմաթիվ ռեժիսորների հետ համագործակցած Ալիս Կապլանջյանը տարիներ անց էլ մեծ ջերմությամբ է հիշում նկարահանման օրերը, աշխատանքն ու հատկապես, Վիլեն Զաքարյանի հետ համագործակցությունը։

«Վիլեն Զաքարյանը այն ժամանակ երիտասարդ էր, շատ հումորով և նրա աշխատանքային դիտողություններից անհնար էր նեղանալ։ Այնքան հումորով էր դիտողություն անում, որ ուղղակի ծիծաղում էիր։ Նա իսկապես կոչումով ռեժիսոր էր»,- վերհիշում է դերասանուհին։

Ավելի քան երեք տասնամյակ Վիլեն Զաքարյանը ծառայել է հայկական հեռուստատեսությանը, ստեղծել իրոք արժեքավոր գործեր։ Մեր երկրի համար բախտորոշ 90-ականներին նա մշտական բնակություն հաստատեց Մոսկվայում որտեղ նույնպես չդադարեց աշխատել, նկարահանեց մի քանի ֆիլմեր, բեմադրեց ներկայացումներ և սկսեց դասավանդել մասնագիտական բուհերում։

Հայաստանից հեռանալուց հետո Վիլեն Զաքարյանը առողջական խնդիրների պատճառով չկարողացավ այցելել հայրենիք, բայց հեռվում միշտ ապրեց իր երկրի հոգսերով և հույսով, որ իր երկիրը ներկայացնող և մրցանակներ բերած ֆիլմերը վաղ թե ուշ ճանաչելի ու սիրելի կդառնան  հայ հանդիսատեսի համար։

Back to top button