Վերնատուն

Հայ տպագիր ժառանգության «հայրենադարձությունը»․ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի նախագիծը․ «Վերնատուն»

ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանը խոսում է աշխարհասփյուռ հայագիտական կենտրոնների նյութական մշակութային ժառանգության և դրանց «հայրենադարձության» հնարավորությունների և ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի նախագծերի մասին։

Տիգրան Զարգարյանն ասում է, որ ձեռագիր և տպագիր ժառանգությունը հատուկ ուշադրության, խնամքի ու հոգածության կարիք ունի, քանի որ կան տեխնածին և բնական աղետներ, նյութի վրա ժամանակի բացասական ներգործությունը և այլն, իսկ դրանց երկարաժամկետ պահպանության համար այսօր գոյություն ունեն թվային տեխնոլոգիաները, որոնց ուղղությամբ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը սկսել է աշխատել 20 տարի առաջ՝ համագործակցելով հատկապես եզակի տպագիր ժառանգություն ունեցող սփյուռքահայ գաղթօջախների հետ։

«Մենք ներմուծեցինք «թվային հայրենադարձություն» գաղափարը, քանի որ նյութը ինքը մենք իրավունք չունենք բերել Հայաստան, բայց բարձր որակի թվային պատճենները միշտ կարելի է տեղափոխել և հասանելի դարձնել։ Այն բոլոր գրքերը, թերթերը կամ դրանց օրինակները, որոնք Հայաստանում բացակայում են, մենք պարզապես մուտքագրում ենք և նշում, որպես «թվային հայրենադարձված» նյութեր» , – ասում է Տիգրան Զարգարյանը։

Տպագիր ժառանգության բարձր որակի թվային նմուշները պատրաստելու համար՝ «Որդեգրի՛ր գիրք» կոչով դիմեցին սփյուռքի հայերին, արձագանքներն էլ չուշացան։ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի մեկ այլ նախագիծ կապված է Թուրքիայում հայ գրքի հետազոտության հետ Տիգրան Զարգարյանն ասում է, որ խորհրդային և հետանկախ Հայաստանում Կ․ Պոլսի տպագիր ժառանգությունը լավ չի ուսումնասիրվել։ Կ․ Պոլսում և Զմյուռնիայում հայերեն գրքի եզակի հավաքածու կա։

«Մենք հասանք նրան, որ մեր մատենագետները թուրք մատենագետների հետ սկսեցին աշխատել Ստամբուլի քաղաքային գրադարանի հայերեն գրքի հավաքածուի հետ։ Որի արդյունքում անցյալ տարի գիրք տպագրեցինք։ Մենք այնտեղ գտանք 185 հայերեն նոր անուն, որոնք թե՛ բանասերներին, գրականագետներին, գրադարանավարներին, և թե՛ ընթերցողներին հայտնի չեն եղել։ Գտնվել է նաև 5 հայ հնատիպ գիրք (1512–1800թթ.-ի)»։

Խոսելով տարվա ծրագրերի մասին, Զարգարյանը նշում է, որ Թուրքիայի հետ նախագիծը շարունակական է լինելու, զուգահեռ ԳԱԱ-ում գործարկվելու է գերհամակարգչային կենտրոն, որն իր ֆունկցիոնալ հնարավորություններով տարածաշրջանում եզակի կլինի՝ նյութերն ավելի արագ փնտրելի ու ինդեքսավորված դարձնելու համար։ Անելիքների ցանկում հայաստանյան գրադարանների հետ վերապատրաստման աշխատանքներն են և այլն։

Back to top button