Ազդ անցյալից

Շոկոլադե գովազդների հայկական ժամանակը. «Ազդ անցյալից»

Սա աստվածների պարգևն է,-միանշանակ հավատում էին ացտեկներն ու մայաները: Արդեն 4000 տարի է ողջ մարդկությանը համաձայն է այս պնդման հետ:

Կակաոյի ծառերից կախված այդ հատիկներին Մեքսիկայի բնակիչները խանդաղատանքով էին վերաբերվում: Դրանից պատրաստում էին դառը ըմպելիք և օգտագործում էին որպես վճարման միջոց, որն ավելին արժեր՝ քան ոսկին: Վաճառականների և թերթերի շնորհիվ kakawa-ի համին ծանոթանում էր հայությունը:

«Անյուղ Կակաո, առողջարար, սննդարար ըմպելիք: Վայրկենական պատրաստում, 100 բաժակ մեկ ֆունտից»,- մամուլի միջոցով ծանուցում է «Սյու և ընկերությունը»:

 Կակաօ․ Թասը նստում է միայն 4 կօպ. Րօպէական  պատրաստութիւն: Մաքուր եւ սննդարար փոշի: Առաջարկվում է առողջացողների և երեխաների համար: Պահանջե՛ք ամենուր կակաօ Սյու,-գրում  է «Նոր Դար»-ը:  

Հայկական մամուլում զետեղված գովազդներում «կոֆեինի պարունակությունը» իսկապես բավական մեծ է: Կակաօ, թեյ, շոկոլադ, անշուշտ նաև թխվածքաբլիթ: Հատկապես արևելահայ շրջանակներում շատ հայտնի էր Սյու ֆիրմայի արտադրանքը՝ լինի կակաո, շոկոլադ , բոված սուրճ կամ ֆրանսիական պաքսիմատ:

Ամենուրեք պահանջեք շոկոլադ Սյու,- հրահանգում է Մշակ»-ը: «Նոր դար»-ն էլ գովազդում է Սյու և ընկերության բոված սուրճը:  

Շնորհիւ թէյի համար մեր պատրաստած ֆրանսիական պաքսիմատների բարձր յատկութեան մենք արժանացել ենք այն բանին, որ ուրիշները մեր պաքսիմատները ճշտիւ ընդօրինակում են: Խուսափեցէք այդ ընդօրինակածներից, ուշադրութիւն դարձնելով մեր ֆիրմային:

Ո՞վ էր պարոն Սյուն: Մի ֆրանսիացի, որ 1853-ին 25 տարեկան հասակում կնոջ՝ Էժենիի հետ գալիս է Մոսկվա, աշխատանքի անցնում պարֆիումերական մի ֆիրմայում, մի քիչ գումար կուտակում և շատ չանցած հիմնում հրուշակեղենի իր ֆաբրիկան:

Հիմա էլ մեր խանութներում տեսած կլինենք Юбилейное անունով թխվածքաբլիթներ: Դրաք հենց սրանից մոտ 140 տարի առաջ Ադոլֆ Սյուի արտադրանքն են: Բնականաբար բոլշևիկյան հեղափոխությունից հետո ֆրանսիացի քաղցրաստեղծը վերադարձավ  հայրենիք, իսկ   գործարանը որտեղ ռուների համար առաջին անգամ արտադրվել է շոկոլադ, մարմելադ, դրաժե, իրիս և այլ, և այլն  վերանավանեցին և դարձրին գործարան Большевик: Ադոլֆ Սյուից ոչ մի հիշատակ:

Բայց  հայկական վաճառատներ էին հասնում  նաև ռուսական կայսրությունում ֆաբրիկաներ և համի ճաշակ զարգացրած այլ օտարեկրացիների արտադրանքները: Եվ այսպես՝ շոկոլադի, կոնֆեկտների եւ պաքսիմատների շոգեգործարան Էյնեմ:

Ընկերութիւն Էյնեմ, Մոսկվայում: Նախազգուշացում. Վերջին ժամանակս վաճառի է հանուել  Սուրճ միևնոյն փաթեթով և նոյն էտիկետներով, որոնք վաղուց ի վեր արտաքին յատկանիշներն են մեր ֆիրմայի ահագին տարածականութիւն ստացած այս արտադրութեան: Որպէս զի փաթեթի արտաքին նմանութեան և երբեմն ֆիրմաների յարանուանութեան շնորհիւ ոչ  մի խաբէութիւն չլինի, պէտք է սուրճ գնելիս առանձին ուշադրութիւն դարձնել այն բանի վրայ, որ մեր սուրճի էտիկետները իրենց վրայ  կրում են.

  • Պետական գերբ և հետևեալ մակագիրները.
  • Этикет заявлен департаменту торговли и мануфактурь
  • Товарищество паравой фабрики Эйнем

Յիշեալ նշաններն ապացոյց են մեր ֆիրմայի սուրճի  իսկականութեան: Ընկերութիւն Էյնեմ, միակ ներկայացուցիչները Թիֆլիսում Պոլակ եւ Ընկ.»:

Ֆերդինանտ Թեոդոր ֆոն Էյնեմը գերմանացի էր, եկել էր Մոսկվա , հիմնել հրուշակեղենի արտադրություն, զարգացրել գործը , գրավել ռուսական շոկոլադե շուկային մեծ  մասը:

1882-ին Մոսկվայում կայանում էր համառուսական էքսպօ: Կայսրուհի Մարիային հրամցվում է մի չքնաղ ծաղկեփունջ՝ ամբողջովին կոնֆետներից պատրաստված: Անուշ ընծան Էյնեմի հրուշակեղենի ֆաբրիկայից էր: 

Գերմանացու գործերը շատ լավ էին գնում: Ղրիմի պատերազմը ավելացրեց նրա եկամուտը, քանի որ հենց նա էր ռազմաճակատի քաղցրավենիքի մատակարարը:

Բոլշևիկյան հեղաշրջումից հետո Սյուի ֆաբրիկայի պես, սա էլ ազգայնացվեց և կոչվեց «Красный Октябрь»: Եվ առաջին շոկոլադե կոնֆետը, որ արտադրվեց, ավելի ճիշտ վերստին արտադրվեց նոր  իշխանության օրոք, երբեմնի «Ծուռթաթ արջուկ»-ն էր:

 Շոկոլադ ամեն տեսակ անմաքրություններից զերծ: Խուսափեք կեղծիքներից: 

Չոկոլաթ-դառը և ջուր բառերի միավորումից ծնված այս բաղձալի անուշանելիքը ի սկզբանե ամենևին էլ անուշ չէր, այլ՝ դառնահամ և ոչ էլ ուտում էին, այլ  խմում էին: Նիդեռլանդացի Քոնրադ Վան Հաութըն գիտական եղանակով կակաոյի հատիկները բովեց, յուղ քամեց, մանրեցրեց, դարձրեց նուրբ փոշի: 

ԾԱԽՎՈՒՄ ԵՆ 30% ԷԺԱՆ ՔԱՆ ԹԷ ՈՒՐԻՇ ՏԵՂ: Մուրաբաներ, կօնֆե՛կտներ,շօկօլադ ԿԱԿԱՕ, բրինձ, ԱՄԱՆԵՂԷՆ, ՊՕՐՏ-ՎԷՅՆ, խերես, կօնեակ և այլն: ԹԷՅ մեծ քանակութեամբ: Այդ բոլորը կարելի է գտնել ԱՆԳԼԻԱԿԱՆ ԽԱՆՈՒԹԻ ՄԷջ:

Թիֆլիսի Անգլիական խանութը և մթերանոցը  Կոնգո, Մոնինգ, Կայսաու, հոտավետ  թեյերի հրաշալի փնջեր էին վաճառվում: Դեռ որ թեյն ավելի ընդունված և ծանոթ ըմպելիք էր, քան սուրճը՝ հատկապես արևելահայության շրջանում:

 Յայտարարութիւններ

Չը նայելով մաքսերի աւելանալուն ապրանքները առաջվայ գներով կը ծախվեն.ԿՕՆԳՕ-ԹԷՅ 1 5 կ. և 1 ր. 10 կօպ., շատ լաւ ՄՕՆԻՆԳ 1ր. 20 կ. և 1ր.40 կ., հիանալի ԿԱՅՍԱՈՒ 1 ր. 60 կ. և 1ր. 80 կ. և ԱՄԵՆԱԼԱՒ ԹԷՅ 2 ր. առանց թղթի…   էկստրակա կակաօ-շօկօլադի ծախելու համար, որոնք Փարիզի հանդեսի ժամանակ ոսկէ մեդալ ստացան :ՀՈՏԱՒԷՏ ԹԷՅԻ ՖՈՒՆՏԸ ՊԱՏՈՒԱԿԱՆ ԹԷՅԱՄԱՆՈՎ 1 ր. 65 կ. և ամենալաւը 2ր.30 կ..Վ աճառականներին օգտաւէտ է մեծ քանակութեամբ ապրանքներ առնել Անգլիական խանութի մէջ…:   

ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹԻՒՆ ՊԱՐՍԻՑ ՇԱՀԻ պալատի հայթայթողներ.

ԹԷՅԻ ԱՌԵՒՏՐԻ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ Վ. ՎԻՍՕՑԿԻ եւ Ընկ Մօսկվայում: ԲԱՑՎԱԾ Է Նոր տարվա ՅՈՒՆՎԱՐԻ 1-ից ԲԱԺԱՆՄՈՒՆՔ Թիֆլիսում: Մայդան, տուն Գ. Ե. ԲԱՅԱՆԴՈՒՐՕՎԻ. Ընկերութեան թէյը ծախու է գտնվում բոլոր լաւ մագազիններում: Առեւտրական մարկան հաստատված կառավարութիւնից:

Պոլսի «Հայրենիք»-ը, «Բիւզանդիոն»-ը ևս թեյի վաճառատների բազմաթիվ գովազդներ են տպագրել իրենց էջերին:  

«Նոր վաճառատուն ընտիր թէյի»

Մեր վաճառատունը, որ ուղղակի Չինաստանէ եւ Ճավայէն բերել տրուած ընտիր թէյերու կեդրոն մըն է, թէ իր թէյերու աղեկութեամբ եւ թէ գիներուն անհամեմատ աժանութեամբ քիչ ատենուան մէջ թէյասէրներու մեծ ընդունելութեան արժանացած է, ամեն անոնք որ կը փափաքին ընտիր եւ միանգամայն աժան թէյ ունենալ, հաճին այցելել մեր վաճառատունը: Անգամուան մը փորձը մեղք չէ:Նաև մեր վաճառատան մէջ կը գտնուին ռուսական ընտիր սամավարներ, թէյամաններ եւլն, եւլն միշտ ընտիր, միշտ աժան: Կեղծերէն զգուշանալու համար կ՛աղաչենք որ ամէն տուփերու վրայ  մեր  վերոգրեալ մարքան փնտռէ,- հորդորում է Պոլսի «Հայրենիք»-ը:

Այսօր այսքանը կակաոյի, թեյի, շոկոլադի և հայկական թերթերի միջոցով գովազդվող այլ անուշությունների մասին: Մյուս քաղցր գովազդները ՝ հաջորդիվ:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button