Էկոսֆերա

Ծաղկունքում ձևավորվում է բնապահպանական նոր վարքագիծ և մշակույթ․ «Էկոսֆերա»

Հայաստանում առաջին անգամ թափոննների տեսակավորումն իրականացվում է անհատական հիմունքներով։ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում տեղի է ունեցել «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնված Գագարին համայնք» ծրագրի ամփոփումը։

Բնակիչները ցույց են տվել, թե ինչպես են իրենց իսկ տանն իրականացնում տեսակավորման գործընթացը, իսկ դպրոցի աշխակերտները՝ թափոնի վերամշակման տարբերակներ։

«Այսօր ուղղակի երեխեքը սխալ տեղ են լցրել»։ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչներն են։ Գյուղում իրադարձություն է՝ տեսակավորման համար նախատեսված աղբամաններ են տեղադրվել, ինչն, ինչպես նրանք են ասում ՝ նոր մշակույթ է։

Օրեր անց, մեզ հետ զրույցում արդեն ասացին՝ աշխատանքը կատարում են պարտաճանաչ՝ սորտավորում են թուղթը, ապակին, պլաստիկը և նետում համապատասխան տարայի մեջ։ Այս կերպ օրինակ ծառայելով ապագա սերունդներին։

Քաղաքացիների ներգրավվածության բարձրացումը համայնքներում թափոնների տեսակավորման գործում, պատահական չէ, սա ծրագրի մաս է, որը միտված է նպաստելու վերամշակման ենթակա թափոնների կառավարման նոր մեխանիզմի ներդրմանը: Թերևս Հայաստանի տարածքում առաջին անգամ է՝ թափոննների տեսակավորումն իրականացվում անհատական հիմունքներով։

Յուրաքանչյուր տնտեսություն ունի իր տեսակավորման համար նախատեսված տարան և տեսակավորման գործընթացը տեղի է ունենում յուրաքանչյուրի տանը։ Թափոնը չի հասնում աղբավայր, հետո նոր վերամշակող ընկերություն, որի արդյունքում ավելի շատ ռեսուրս է ծախսվում, իսկ թափոնը փոխում է իր կազմն ու քիմիական բադրությունը։

Թափոնն անմիաջապես հավաքվում է բնակիչների տնտեսություններում տեղադրված թափոնամաններից։ «Այ Էս Էս Դի» ՀԿ նախագահ Մխիթար Ավետիսյանն արդեն խոսում է թվերով։

«Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագրի շրջանակում շուրջ 200 տնտեսության, կրթական, վարչական, բիզնես կառույցների տրամադրվել են թղթե, ապակե, պլաստիկե թափոններ տեսակավորելու համար նախատեսված տարաներ, ինչպես նաև` տեսակավորման տարաներ փոխանցվել են Սևանի համայնքապետարանին, Ծաղկունք համայնքի հարակից 5 համայնքների՝ Զովաբեր, Դդմաշեն, Գեղամավան, Գագարին և Վարսեր համայնքների վարչական և կրթական կառույցներին։ Նպատակը՝ բնությունն աղտոտումից փրկելու կարևոր գործին բնակիչների մասնակցությունն է։

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը կարևորեց իրազեկման արշավների միջոցով բնակիչների շրջանում տարվող աշխատանքը։ Օրը նշանավոր էր նաև այն առումով, որ Ծաղկունք դպրոցի աշակերտները մասնակցեցին վարպետաց դասերին, որի արդյունքում պատրաստեցին թղթի թափոններից և պլաստիկից տոնածառի խաղալիքներ։

Խաղալիք նվիրեցին նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավարության արտակարգ և լիազոր փոխդեսպան Տիմեն Կաուվենարին, որը ներկա էր միջոցառմանը։ Դեսպանը ողջունեց երեխաներին՝ հարց ուղղելով․ կա արդյո՞ք ձեր մեջ մարդ, որը կցանկանա ապրել աղբավայրում։ ՍՍ

«Նման ծրագրերի իրականացումը կարևոր է, քանի որ գնալով ավելի ու ավելի շատ թափոն ենք արտադրում, իսկ վերջնարդյունքում դրա հետևանքները կրում են մեր երեխաները։ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչո՞ւ է հիմա ավելի շատ թափոն ստեղծվում։ Պատճառը՝ լավ կյանքն է։ Մենք ունենք ավելի շատ հնարավուրություններ՝ նոր ապրանքներ ձեռք բերելու համար։ Սակայն մենք չունենք նույնքան ռեսուրս, հետևաբար՝ պետք է խնայողաբար մոտենալ այս հարցին, որպեսզի մեր ռեսուրսները բավարարեն։ Մենք հիմա ավելի լավ ենք հասկանում, որ թափոնը աղբ չէ, ռեսուրս է։ Եթե դուք դա դիտարկում եք որպես աղբ, ապա վատնում ենք ձեր գումարները։ Այս ծրագրի ամենակարևոր բաղադրիչն այն է, որ դուք ապրում եք մաքուր շրջակա միջավայրում, այլ ոչ թե աղբավայրի վրա։ Նույն աշխատանքներն ի դեպ իրականացվում են նաև Նիդերլանդներում»։

Նախաձեռնության անդամները հավաստիացնում են՝ ծրագիրը կունենա շարունակական բնույթ, և աստիճանաբար կտարածվի այլ համայնքներում։

Back to top button