Երաժշտական եռանկյունի

«Գյուրջիև անսամբլի» նոր՝ «Զարթիր» ալբոմը. «Երաժշտական եռանկյունի»

2023-ը նշանային է «Գյուրջիև անսամբլի» համար՝ Լևոն Էսկենյանի ստեղծած կոլեկտիվը նշում է 15-ամյակը: «Մենք անցանք շատ հետաքրքիր, ստեղծագործական գյուտերով լի ճանապարհ այս տարիների ընթացքում՝ մասնակցություն բազմաթիվ միջազգային փառատոներում, համերգներ աշխարհի թվով 150  լավագույն համերգասրահներում, երեք ձայնասկավառակ: Անդրադարձել ենք Գյուրջիևի, Կոմիտասի երաժշտական ժառանգությանը,  և ահա երրորդ՝ «Զարթիր» ալբոմում հնչում են Բաղդասար Դպիրի, Սայաթ-Նովայի և Գուսան Ջիվանու ստեղծագործությունների մշակումները»,-ասում է անսամբլի հիմնադիր Լևոն Էսկենյանը:

Գեորգի Գյուրջիևը 20-րդ դարի թեոսոֆներից է, ով տվել է սեփական ուսմունքը, որի հետևորդները մինչ օրս գոյություն ունեն ամբողջ աշխարհում: Նրա փիլիսոփայությունը հիմնված է հնագույն արևելյան հոգևոր պրակտիկաների վրա ու նաև ենթադրում է որոշակի պարային կամ մարմնի վարժանքների ամբողջական համակարգ: Հենց այդ նպատակով էլ Գյուրջիևը ինքը հորինել է երաժշտություն՝ գրված դաշնամուրի համար, որն արտահայտելով իր փիլիսոփայության արևելյան բնույթը նաև կիրառվում էր այդ պարերի և վարժանքների ընթացքում: Այն մինչ օրս դաշնակահարների նվագացանկում է և պարբերաբար հնչում է համերգային հարթակներից:

Դաշնակահար, գործիքավորող և կոմպոզիտոր Լևոն Էսկենյանի գաղափարի շնորհիվ Գյուրջիևի երաժշտությունը ստանում է նոր երաժշտական լուծում. նա կատարում է փոխադրություն հայկական ավանդական նվագարանների համար, որոնք կատարում է անսամբլը: Նախագիծն այնքան յուրօրինակ և համարձակ մոտեցում ցուցաբերեց, որ միանգամից  առաջացրեց աշխարհի երաժշտասեր համայնքի հետաքրքրությունը, ինչին հաջորդեցին բազմաթիվ հրավերները և նախագծի համաշխարհային ճանաչումը: Փաստոերն Էսկենյանը ստեղծեց մեթոդ, որը թույլ էր տալիս ընդլայնելով նվագարանների կազմը՝ ստեղծել նոր հնչյունային պատկեր՝ ներկայացնելով Գյուրջիևի հեղինակային երաժշտությունը արևելյան հնչյունային, տեմբրային և ռիթմային ձևաչափերով: Կոմպոզիտորը շատ բծախնդիր է երաժիշտների ընտրության հարցում, անսամբլում ընտրված են Հայաստանի լավագույն երաժիշտները, ավանդական նվագարանների հմուտ վարպետներ:

«Զարթիր» ալբոմը հրատարակել է «Ի ՍԻ ԷՄ ռեկորդս» համաշխարհային համբավ ունեցող լեյբլը: Այն հայտնի է որպես ճաշակ թելադրող և ամենաբարձր կատարողական արվեստ հանրահռչակող ընկերություն, որի հետ սերտ համագործակցություն ունի Լևոն Էսկենյանը: Անվանման հիմքում Բաղդասար Դպիրի «Զարթիր ի ննջմանեդ» միջնադարյան տաղի կրճատ անվանումն է, որ նաև խորհրդանշում է գյուրջիևյան փիլիսոփայության «հոգևոր արթնացումը»: Նաև շատ խորհրդանշական է ալբոմի ձևավորման մեջ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից կադրի օգտագործումը, որն ընդգծում է մի կողմից ալբոմի երաժշտության ավանդական, արևելան, մյուս կողմից ժամանակակից նորարարական բնույթը: Կարելի է ասել, որ այս 15 տարիների ընթացքում Լևոն Էսկենյանը ձևավորել է ուրույն երաժշտական ոճ և գործիքավորման նոր, ընդհանուր սկզբունքներ, որոնց օգնությամբ նա ներկայացնում է ամենատարբեր ժամանակաշրջանների և գեղագիտական տարբեր տարածքների մեջ հաստատված հեղինակների ստեղծագործությունները:

Back to top button