Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Հայրենիքում դարձել ենք անհայրենիք ու ամենուր Արցախ ենք փնտրում․ Հակոբ Ավանեսյան․ «Կյանքին ասել այո՛»

Հակոբ Ավանեսյանը ծնվել է 1994 թվականի ապրիլին Արցախի Ճարտար գյուղում։ Ծնվելուց հետո 7 ամիս անուն չուներ, հարազատները «մալչիկ» էին ասում, որովհետև եղբոր՝ դեռ չծնված որդու անունը որոշել էր դնել արցախյան առաջին պատերազմի մասնակից, տանկիստ հորեղբայրը, որը 1994-ի հունվարյան մարտերից հետո անհետ կորել էր։

Հակոբի տատը մինչ օրս որդուն սպասում է ու համարում, որ ընտանիքում երկու Հակոբ ունի։ Ճարտարի Ազատամարտիկների անվան թիվ 1 դպրոցն ավարտելուց հետո 2012 թվականին Հակոբն ընդունվեց Արցախի պետական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետ։ 2013-2015 թվականներին ծառայել է Պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական շրջանում։

2016-ի ապրիլյան պատերազմին մասնակցել է որպես կամավորական։ Նույն կարգավիճակում 44-օրյային Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանից հասել է մինչև Ջրական։ Մի դրվագ է հիշում այդ օրերից․ «Հակառակորդի ինքնաթիռի հրետակոծությունից հետո զոհված մեր տղաներին չկարողացանք անգամ արժանավայել ճանապարհել, իսկ ամենացավալին ինձ համար այն էր, որ կին չկար, որ նրանց համար լացեր»։

Նոյեմբերի 9-ի հրադադարի լուրը Հակոբն ընդունեց Ճարտարի մատույցների «Վերին վեսալյու» կոչվող հատվածում՝ սկզբում ուրախությամբ, հետո՝ արցունքներով, երբ իմացավ, թե ինչ է իրականում նշանակում «հրադադար» ասվածը։

2021-ի հուլիսին ամուսնացավ, փորձեց կյանքի բնականոն հուն վերադառնալ։ Հակոբի դուստրն արդեն մեկ ու կես տարեկան է, որի համար տակդիր ու կաթնախառնուրդ գտնելը շրջափակման օրերին, թերևս, ամենաբարդ խնդիրն էր։ Հակոբ Ավանեսյանը Ճարտարի մարզամշակութային կենտրոնի գեղմասվարն էր։ Աշխատել է նաև Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամում որպես աշխատակազմի ղեկավար։ Արցախի աշխարհազորային գումարտակի հրամանատարի տեղակալն էր։

2023-ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ առաջնագծի տարբեր հատվածներում էր։ Որպես դեպքերի մասնակից ու ականատես, վստահեցնում է՝ տղաներն արեցին այն ամենն, ինչ հնարավոր էր։ Ընտանիքով Արցախից դուրս եկան սեպտեմբերի 27-ին։

«Այժմ հայրենիքում դարձել ենք անհայրենիք ու ամենուր Արցախ ենք փնտրում։ Այն վայրկյանից, երբ կմտածեմ, որ Արցախն ինձ համար այլևս չկա, ֆիզիկապես չեմ լինի»,-ասում է Հակոբը։

Back to top button