Մոռացված ֆիլմերի ստվերները

Ժապավենային գունանկարներ․Անատոլի Մոկացյան․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Անատոլի Մոկացյանը հայ կինոյի պատմության մեջ մնաց որպես կրիմինալ ժանրում ֆիլմ նկարահանող առաջին ռեժիսորը։ Նա հայկական կինոյի ներկապնակը հարստացրեց նոր ու վառ գույներով։

Անատոլի Մոկացյան

Անցյալ դարի 70-80 ականներին Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում ստեղծվում էին հետաքրքիր վավերագրական և խաղարկային ֆիլմեր: 90-ականների պետական համակարգի փոփոխության շրջանում ստուդիայում մի քանի տնօրեններ փոխվեցին որից հետո՝ 2003 թվականին կառավարության որոշմամբ «Երևան» ստուդիայի  կառավարումը վերապահվեց  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին։  

2005 թվականին ստուդիան լուծարվեց, ու նրա հետ էլ մոռացվեցին այնտեղ աշխատած շնորհալի շատ ռեժիսորների անուններ։ Դրանցից մեկն էլ կինոռեժիսոր, սցենարիստ Անատոլի Մոկացյանն էր, որի ֆիլմերը հարստացրել են հայկական հեռուստատեսային կինոն, ցուցադրվել նաև Խորհրդային Միության կենտրոնական  ալիքներով։

Հայկինոյի պատմության մեջ Անատոլի Մոկացյանն առաջին անգամ նկարահանեց մանկական ֆիլմ-մյուզիքլ, առաջինն էր, որ անդրադարձավ հեռուստատեսային դետեկտիվ ժանրին: Նա հեղինակ է նաև բազմաթիվ հրապարակախոսական հնչեղություն ունեցող վավերագրական ֆիլմերի: Այդ վավերագրական ֆիլմերից երեքի ստեղծմանը մասնակցել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը։ Նա նշում է, որ Մոկացյանի աշխարհընկալումն ու կյանքի փիլիսոփայությունը հստակ արտացոլվում էին նրա ֆիլմերում։

Մարտին Վարդազարյան

20-րդ դարի 60-ականները Խորհրդային Միությունում նշանավորվեցին իբրև «ձնհալի» տարիներ։ Մարդիկ սկսեցին ոչ միայն ազատ մտածել ու խոսել, այլ նաև համեմատաբար ազատ ստեղծագործել։ Հենց այդ տարիներին էլ ձևավորվեց հայկական վոկալ-գործիքային «Երազողներ» խումբը։

Խմբի հիմնադիրները ոչ միայն կրում էին արևմտյան երաժշտության ազդեցությունը այլև դարձել էին լիվերպուլյան քառյակի երգերի տարածողը Հայաստանում։  Հունգարիայում «Բիթլզի» մասին պատմող Help ֆիլմը դիտելուց հետո Անատոլի Մոկացյանի մոտ միտք առաջացավ մի կարճ ժապավեն էլ նկարահանել «Երազողներ» ռոք խմբի մասին։ Խմբի բաս գիթարիստ Երվանդ Երզնկյանը, որն այսօր ղեկավարում է Հանրային ռադիոյի էստրադային- սիմֆոնիկ նվագախումբը, ասում է, որ երաժշտական ֆիլմի սցենարը պարզ էր՝ խմբի տղաների անցկացրած մեկ օրը Սևանում: Սակայն Սևանա լճի ափերով ճանապարհորդող հայկական ռոք խմբի մասին պատմող ֆիլմի մեկ օրը նկարահանելը ձգվեց երկու ամիս :

Նկարահանման աշխատանքներն ավարտելուց հետո «Երազողներ» վերնագրով ֆիլմը ընդամենը մեկ անգամ ցուցադրվեց Արվեստի աշխատողների տանը, որից հետո, ավելի քան չորս տասնամյակ, ֆիլմի գոյության մասին հակասական կարծիքներ էին հնչում:

Երվանդ Երզնկյան

«Ֆիլմը քննադատեցին: Հիմնական առիթը Կոմիտասի մշակումներն էին, որ շատ խնամքով ու հետաքրքիր ձևով արել էին Հրայր Կոտոյանն ու Երվանդ Երզնկյանը: Ասում էին՝ ինչպե՞ս կարելի է աղավաղել Կոմիտասին: Կողմ արտահայտվողներ էլ եղան: Բայց արդյունքում թույլ չտվեցին ֆիլմը եթեր գնա և այն դարձավ «դարակային ֆիլմ»։ Հետագայում, երբ Հանրային հեռուսառադիոյի նախագահ դարձավ Ռուբեն Ջաղինյանը, ես նրան դիմեցի՝ ասելով, որ տարիներ առաջ մեր խմբի տղաների մասնակցությամբ նկարահանված «Երազողներ» ֆիլմի հետագա ճակատագրի մասին տեղեկություն չունենք։ Երեք օր անց, նա զանգահարեց և ասաց, որ ֆիլմը պահպանվում է Հանրային հեռուստատեսության արխիվում»,-ասում է Երվանդ Երզնկյանը:

Բազմաթիվ վավերագրական ֆիլմեր նկարահանած Անատոլի Մոկացյանի մտքում երկար ժամանակ խմորվում էր կրիմինալ դրամայի ժանրում ֆիլմաշար նկարահանելու գաղափարը։ Ի վերջո նա որոշում է ուժերը փորձել գործնականում։ 

Գրող, լրագրող Վիկտոր Բալայանի՝ «Ավանգարդ» թերթի էջերում իրական դեպքերի հիման վրա տպագրվող դետեկտիվ պատմությունները գրավում են նրա ուշադրությունը։ Անատոլի Մոկացյանի առաջարկով Վիկտոր Բալայանն իր պատմվածքներից մեկը վերածում է կինոսցենարի։ «Համր վկան» այսպիսին է հայկական առաջին դետեկտիվ հեռուստաֆիլմի վերնագիրը, որի էկրանավորմամբ Անատոլի Մոկացյանը Վիկտոր Բալայանի օգնությամբ  հեռուստաէկրաններից ներկայացրեց քրեական հետախուզության թեման:

««Համր վկա» ֆիլմը դրամատիկ իրադարձություն է միլիցիայի առօրյայից»,- ասում է կինոգետ, «Ֆիլմ» թերթի հիմնադիր-խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը և ավելացնում, որ զուսպ ու հանգիստ զարգացող սյուժեն հագեցած է ներքին տեմպով ու ռիթմով:

Ռոբերտ Մաթոսյան

Գլխավոր դերակատարի՝ նպատակասլաց, երիտասարդ կապիտան Գրիգոր Դանիելյանի դերում Անատոլի Մոկացյանն ընտրում է Մանկավարժական ինստիտուտի՝ Հենրիկ Մալյանի ավարտական կուրսի ուսանող Աշոտ Ադամյանին։ Տարիներ անց վերհիշելով Անատոլի Մոկացյանի հետ համագործակցությունը, Աշոտ Ադամյանը պատմում է, որ նրա  հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե նկարահանման հրապարակում, այլ մանկավարժական ինստիտուտի լսարաններից մեկում։

Աշոտ Ադամյան

«Անատոլի Մոկացյանը դասավանդում էր մի տարօրինակ առարկա, որը կոչվում էր կիրառական ռեժիսուրա։ Եվ երբ նա առաջին անգամ մտավ լսարան և սկսեց դասախոսությունը մենք բոլորս հասակացանք, որ մեզ դասավանդում է մի ռեժիսոր , որը համաշխարհային կինոյի իմացության մեծ գիտակ էր։ Եվ նա առաջիններից էր, որ մեր առջև բացեց համաշխարհային կինոարվեստի հետաքրքրական աշխարհը»,-նշում է Աշոտ Ադամյանը։

1985 թվականին Անատոլի Մոկացյանը նկարահանեց «Թե ինչպես կատուն արհեստ սովորեց» մանկական ուշագրավ ֆիլմ-մյուզիքլը, որտեղ գլխավոր դերում հանդես են գալիս Վիգեն Ստեփանյանն ու Կարեն Ջանգիրյանը։ Ցավոք, այսօր հայկական կինոարտադրության մեջ մանկական ֆիլմեր նկարահանելու մասին մոռացել են։ Իսկ ժամանակին Անատոլի Մոկացյանի նկարահանած մյուզիքլը մրցակցում էր սովետական մանկական լավագույն ֆիլմերի հետ։ Ընդհանրապես ֆիլմ-մյուզիքլը այն ժանրն է, որ քչերին է հասու. այդ քչերից մեկը Անատոլի Մոկացյանն էր, որը ստեղծել է գեղարվեստական բարձր ճաշակով, պատկերին և երաժշտությանը համահունչ, ռեժիսորական ինքնատիպ մտահղացումներով հարուստ մի գործ:

«Գիտեք շատ հետաքրքիր ռեժիսորական ձեռագրով նկարահանված ֆիլմ է։ Ասեմ ձեզ, որ Վիգեն Ստեփանյանը  իր այդ դերակատարումը շատ էր սիրում։ Ես ու Վիգենը հաճախ էինք զրուցում այդ  ֆիլմի շուրջ և նա ինձ խոստովանում էր, որ այդ դերակատարումը իր ամենահետաքրքիր ու տարբերվող դերերից է»,-ասում է Ռոբերտ Մաթոսյանը։

«Թե ինչպես կատուն արհեստ սովորեց» ֆիլմ-մյուզիքլի էկրան բարձրանալուց հետո Անատոլի Մոկացյանը վերադարձավ կինոյում իր սիրելի ժանրին՝ վավերագրությանը և մինչև 1993 թվականը նկարահանեց մի քանի վավերագրական հեռուստաֆիլմեր։

«Երևան» ստուդիայի արխիվում պահվող 700 գեղարվեստական և նույնքան էլ վավերագրական ֆիլմերի ցանկում նրա նկարահանած ֆիլմերն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում։ Ֆիլմեր, որ ժապավենի վրա հավաքված հանրագիտարան են, որովհետև պատմում են իր ապրած ժամանակի կարևորագույն իրադարձությոնների, հայկական պատմական կոթողների և այդ ամենը ստեղծող տաղանդավոր մարդկանց մասին։

Back to top button