Մոռացված ֆիլմերի ստվերները

Թումանյանի «Չախ-չախ թագավորը» Դմիտրի Կեսայանցի էկրանավորմամբ. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Հովհաննես Թումանյանի «Չախ-չախ թագավորը» հեքիաթն էկրանավորելիս՝ Դմիտրի Կեսայանցը ասպարեզ տվեց երիտասարդ դերասանների, որոնք չէին խամրում փորձառու դերասանների ներկայությամբ։ Ընդհանրապես ռոմանտիզմի, գրոտեսկի և տխուր կատակերգությունների եզրագծում ստեղծագործող Կեսայանցն իր ֆիլմերում գծագրեց ժամանակի զիգզագը…

Դմիտրի Կեսայանց

Կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցը հայ կինոյի ամենաինքնատիպ, սեփական ձեռագիր, ասելիք ունեցող արվեստագետներից է։
 «Չնայած այդ բացառիկ հատկանիշներին, նրա ուղին խորհրդային կինոյում ամենադժվարներից մեկը եղավ»,- ասում է կինոգետ Սիրանույշ Գալստյանը և ավելացնում, որ ժամանակակից սերնդին Կեսայանցի նկարահանած 18 ֆիլմերի ցանկը գրեթե ոչինչ չի ասում, բացառությամբ թերևս «Տերն ու ծառան» կարճամետրաժ կինոնկարից, որը նրա ռեժիսորական դեբյուտն էր։ Սակայն կինոգործիչների ու կինոգետների շրջանում բոլոր խոսակցությունները սկսվում և ավարտվում են «Ավդոյի մեքենայի»՝ Կեսայանցի դիպլոմային աշխատանքի  դրամատիկ ճակատագրի անհավանական պատմությունը վերհիշելով:

Սիրանույշ Գալստյան

«Ինչպես «Ավդոյի-մեքենայի»  տեսարաններից մեկում՝ իբրև բուրժուական անցյալի մնացուկ, ինքնաեռները փշրվում ու ջարդուխուրդ էին արվում,  այդպես էլ, և՛ ֆիլմի, և՛իրերի հետ ջարդուխուրդ եղավ Կեսայանցի ստեղծագործական կարիերան»,-ասում է Սիրանույշ Գալստյանը։

«Ավդոյի-մեքենան» ֆիլմը կրճատելու և գզրոցում պահելու տխուր պատմությունը ցավագին ապրող Դմիտրի Կեսայանցն այդ ամենից հետո որոշեց խաղարկային կինոյի ժանրը փոխարինել վավերագրականով։ Վերջինս գուցե դառնար նրա ստեղծագործական հիմնական ժանրը, եթե չլիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի՝ կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու առաջարկը։ Բանն այն է, որ 1969 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի ղեկավարությունը որոշում է Հովհաննես Թումանյանի 100-ամյակի առիթով գրողի երեք ստեղծագործությունների հիման վրա կինոալմանախ նկարահանել: Կեսայանցին  առաջարկվում է նկարահանել ալմանախի կարճամետրած ֆիլմերից մեկը։ Երկար մտորելուց հետո Կեսայանցը որոշում է թումանյանական հեքիաթների առավել հայտնի կերպարներին միավորել «Չախ-չախ թագավորը» հեքիաթում։ Իր մտահղացման մասին նա պատմում է կինոդրամատուրգ Լևոն Բուդաղյանին և առաջարկում միասին աշխատել սցենարի վրա։ «Չախ-չախ թագավորը» ֆիլմի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պատմում է, որ սցենարական աշխատանքները կատարելիս Կեսայանցն ու Բուդաղյանը, հավատարիմ մնալով գրական գործի ոգուն, սցենարում ավելացրել են կերպարներ, որ հեքիաթում չկան։

Մարտին Վարդազարյան

«Լևոն Բուդաղյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի գրական-սցենարական բաժնի ղեկավարն էր, բացի այդ բազմաթիվ հաջողված  էսսեների հեղինակ էր, և նրանց համատեղ աշխատանքը գերազանց արդյունք տվեց»,-ասում է Մարտին Վարդազարյանը։

 «Չախ-չախ թագավորը» ֆիլմի նկարահանումները մեկնարկում են 1969 թվականի գարնանը։ Գլխավոր հերոսի՝ Շահ-մար թագավորի կերպարը ֆիլմում մարմնավորում է դերասան Նորայր Գևորգյանը։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում բազմաթիվ դերեր կերտած և առավելապես թատրոնում կայացած Նորայր Գևորգյանի համար դա կինոդեբյուտ էր։ Կինոյում նկարահանվելու հետաքրքիր առաջարկությունների պարագայում  Նորայր Գևորգյանը կարող էր դերասանական իր ներուժը հաջողությամբ դրսևորել նաև այդ ասպարեզում, բայց դերասանի ստեղծագործական ճակատագիրն այլ կերպ դասավորվեց։

«Նորայր Գևորգյանը հրաշալի մարմնավորեց իրեն վստահված դերը։ Նա երկար տարիներ համագործակցել է Ֆրունզե Դովլաթյանի հետ։ Թեև Դովլաթյանի ֆիլմերում չի նկարահանվել, բայց նրանք  ստեղծագործական երկար մտորումներ էին ունենում ֆիլմերի ստեղծման շուրջ և դրա շնորհիվ Նորայրը տարբերվող արվեստագետի ձեռագիր ուներ։ «Չախ-չախ թագավորը» ֆիլմում՝Կիկոսի դերում  նկարահանվեց Հրաչյա Կոստանյանը, որի կյանքում այս կարճամետրաժը կինոդեբյուտ էր։ Եվ ես այն կարծիքին եմ, որ նրա մարմնավորած սրամիտ, պլաստիկ, միմիկայով աչքի ընկնող Կիկոսը դեռևս անգերազանցելի է և՛ հայկական կինոյում, և՛ թատրոնում», -նշում է Մարտին Վարդազարյանը։ 

Հրաչյա Կոստանյանի անունը մնայուն հետք է թողել ոչ միայն հայկական կինոյում, այլև Հայաստանի պլաստիկ վիրաբուժության ասպարեզում։ Այդ ամենը պիտի տեղի ունենար հետագայում, իսկ վաթսունականների կեսերին Իջևանից Երևան եկած Հրաչյա Կոստանյանը ընդունվեց բժշկական ինստիտուտ, մեկ տարի անց էլ անսապասելիորն ընդունվեց նաև «Հայֆիլմ»-ին կից դերասանական ստուդիայի Դմիտրի Կեսայանցի արվեստանոցը։ Հետագայում նա նկարահանվեց բազմաթիվ ֆիլմերում, սակայն ինչպես նշում է նրա կինը՝ ակնաբույժ Անուշիկ Կոստանդյանը, հենց «Չախ-չախ թագավորում» կերտած իշխան Կիկոսի կերպարը նրա ամենահաջողված դերակատարումը դարձավ։

Անուշ Կոստանդյան

«Ես հիշում եմ , որ Դմիտրի Կեսայանցը մի անգամ ասաց «Հրաչիկ դու իմ թալիսմանն ես, և իմ ֆիլմերում դու միշտ մի դերակատարում պիտի ունենաս, և այդպես էլ եղավ։ Կեսայանցը միշտ Հրաչիկի համար թեկուզ էպիզոդիկ մի դերակատարում գտնում էր»,-պատմում է Անուշ Կոստանդյանը։

«Չախ-չախ թագավորը» ֆիլմով Դմիտրի Կեսայանցը ևս մեկ անգամ հաստատեց, որ ասպարեզ է եկել նոր մտածողությամբ, ուրույն ոճով ու ձեռագրով շնորհալի ռեժիսոր։ Նրա ստեղծագործական կյանքը տաղանդավոր ու ոգեշնչված մարդու պատմություն է, բայց նաև մի մարդու, որի հետ ճակատագիրը սիրում էր չար կատակներ անել: Եվ չնայած այդ ամենին, նա իր ստեղծագործական ճանապարհին նկարահանեց բազմաթիվ ֆիլմեր, որոնք ասելիքով մնայուն են և արդիական նաև այսօր։

Back to top button