Երաժշտական եռանկյունի

Կոմիտասը՝ ստեղծագործական ներշնչանքի աղբյուր. Տաթևիկ Շախկուլյան. «Երաժշտական եռանկյունի»

Երաժշտագետ, կոմիտասագետ Տաթևիկ Շախկուլյանի հետ մեր զրույցի երկրորդ մասը նվիրված է Կոմիտասի ստեղծագործության հիման վրա ստեղծված նոր երաժշտական նյութի և վերջերս Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կայացած գիտական կոնֆերանսում նրա «Կոմիտասյան պոեզիայից դեպի կոմպոզիտորական արվեստ» զեկուցմանը: Տասնամյակների ընթացքում կոմիտասյան ժառանգությունը հանդիսացել է շատ և շատ երաժիշտների՝ կատարողների և կոմպոզիտորների, ներշնչման աղբյուր, ինչը կարելի է դիտարկել մի քանի հարթություններում:

Առաջինը վերաբերվում է կոմիտասյան ժառանգության մշակումներին և կոմպոզիտորական անդրադարձերին, որոնք ներկայացնում են այն տարբեր երաժշտական ձևերի մեջ՝ սկսած անցած դարասկզբի ասլամազյանական մշակումներից՝ լարային քառյակի համար, ընդհուպ մինչև մեծածավալ սիմֆոնիկ կտավներ, ինչպիսին է Օհան Դուրյանի «Կոմիտասիանան», որն ընդգրկում էր Կոմիտասի աշխարհիկ և հոգևոր երաժշտության մոտիվներ: Կարելի է տարբեր կերպով վերաբերվել այդ գործընթացին՝ համարելով, որ բնագրային Կոմիտասն արդեն իսկ մշակում է և չի ենթադրում մշակումի մշակում, բայց պետք է հաշվի նստենք հայկական կոմպոզիտորական դպրոցի ամենատարբեր սերունդների կոմպոզիտորների անդրադարձների փաստերի հետ և հասկանանք, որ մեր կարծիքից ու վերաբերմունքից զատ, այն վաղուց հաստատել է իր գոյության իրավունքը և հնչում է ամենատարբեր համերգային հարթակներում՝ լավագույն երաժիշտ մենակատարների և նվագախմբերի կատարմամբ:

Օրինակ, Ալեքսանդր Իրադյանի կոմիտասյան մշակումները ջութակի, թավջութակի և կամերային նվագախմբի համար՝ Վենգերովի և Միշա Մայսկիի կատարմամբ: Այլ հարթություն է կոմիտասյան գրական ժառանգությունը՝ նրա քնարերգությունը կոմպոզիտորների ստեղծագործության մեջ, որին անդրադառնում է երաժշտագետը:

«Իմ հետազոտության կենտրոնում վեց ժամանակակից կոմպոզիտորների անդրադարձն է Կոմիտասի բանաստեղծություններին՝ վոկալ-գործիքային երաժշտության ժանրում Դավիթ Բալասանյանի և Վարդան Հարությունյանի երգերին, խմբերգային երաժշտության ոլորտում Ջենի Ասատրյանի խմբերգերին և Արթուր Ահարոնյանի երկու խմբերգային շարքերին, Վահե Շարաֆյանի «Ձյան կանտատ»-ին և Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը հայտնություն» երգաշարին: Այս բոլոր ստեղծագործություններում բանաստեղծությունները հանդես են գալիս կամ որպես տեքստային էլեմենտ՝ այլ հեղինակների բանաստեղծությունների հետ համադրությամբ, կամ ձևափոխված տեսքով, ինչը կոմպոզիտորական ազատության և վերծանման իրավունքն է, և որպես ամբողջական շարքի հիմք»,-ասում է Տաթևիկ Շախկուլյանը:

Կոմիտասյան բանաստեղծությանը գիտական անդրադարձ եղել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջբուհական գիտական կոնֆերանսի ժամանակ, որը ներկայացվել է բ.գ.թ Անի Փաշայանի կողմից և ահա, երաժշտագետ Տաթևիկ Շախկուլյանի հետազոտությունը նոր էջ է բացում կոմիտասագիտության ոլորտում, որը կոմիտասյան քնարերգությունը՝ վերածված երաժշտական ֆորմայի, դիտարկում է բուն երաժշտագիտական տեսանկյունից:

Back to top button