Վերնատուն

Աբդուլլահյան եղբայրների դերը տեսողական մշակույթի համաշխարհային զարգացումներում․ «Վերնատուն»

Ազգային Պատկերասրահում բացվել է «Զարթոնքի վկաները» խորագրով 19-րդ դարի պոլսահայ լուսանկարիչներ Աբդուլլահյան եղբայրների ստեղծագործությունների հայաստանյան առաջին հետահայաց ցուցադրությունը։

Աբդուլլահյան եղբայրների լուսանկարչական արվեստանոցը մոտավորապես 4 տասնամյակ գործել և կարևոր դերակատարում է ունեցել տեսողական մշակույթի համաշխարհային զարգացումների նեջ։

«Աբդուլլահյան եղբայրներ» լուսանկարչական ստուդիան համարվում է Միջին արևելքի տարածքում պատմականորեն առաջին տեղական լուսանկարչական ձեռնարկությունը։ Աբդուլահյանները բնիկ պոլսահայեր էին։ Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերը ունեին որոշակի մշակութային առավելություններ, ինչը թույլ էր տալիս նրանց ակտիվորեն յուրացնել Ամերիկայում և Եվրոպայում ի հայտ եկող տեխնոլոգիական նորարությունները», – ասում է ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը։

Ասում է` մահմեդականների միջավայրում պատկերի տեսքով ինքնաներկայացումը համարվում էր «մեղք» և երբ 1863 թվականին Աբդուլահյանները ստեղծում են սուլթան Աբդուլ ազիզի դիմանկարը և արժանանում նրա հավանությանը, հասարակության տարբեր շերտերում մեծ տարածում է գտնում լուսանկարչությունը։

Աբդուլլահյանները դառնում են սուլթանական պաշտոնական լուսանկարիչները և նրանց մասին գրում է ողջ միջազգային մամուլը։

«Երկար ժամանակ, նույնիսկ ցեղասպանությունից հետո, Պոլսում, երբ ասում էին «լուսանկարիչ», արդեն գիտեին, որ դա պետք է լինի հայ լուսանկարիչ։ Լուսանկարչությունը Պոլսում համարվել է հայկական արհեստ»,– նշում է Վիգեն Գալստյանը։

Նա նշում է, որ Աբդուլլահյան եղբայրների դեպքում կարևոր է հաշվի առնել, որ նրանք իրենց ժամանակին որոշակի առաջադիմություն են դրսևորել վավերագրական լուսանկարչության ասպարեզում։

«Նրանք վերցնում էին տեսախցիկը և վավերագրում հասարակ մարդկանց՝ իրենց միջավայրում, նրանց կենցաղը, սոցիալ- քաղաքական ընթացիկ իրականությունը։ Դա արդի վավերագրական և ռեպորտաժային լուսանկարչության ձևաչափերից երկու տասնամյակ շուտ էր։ Եվ այդ աշխատանքները կարելի է համարել նախատիպեր։ Այսքանով էլ տեսանելի է, թե տեղացի հայ լուսանկարիչները ինչպես էին ներազդում լուսանկարչության ձևավորման համաշխարհային գործընթացների վրա»։

Վիգեն Գալստյանն ասում է, որ արդի ժամանակների միջմշակութային փոխհարաբերություններում հայերը բավականին առանցքային դեր են խաղացել և այն, ինչ այսօր համարվում է օսմանյան արդիական մշակույթ, դա նաև հայկական արդիականությունն է, քանի որ հայերը ոչ միայն ակտիվորեն նպաստել են դրա կայացմանը, այլ եղել դրա ակունքներում։

Լուսանկարիչ՝ Աբդուլլահյան եղբայրների ստեղծագործությունների ցուցադրությունը ներկայացված է շուրջ 85 լուսանկար։ Ցուցադրությունը կազմված է մի քանի թեմատիկ բաժիններից․ կոսմոպոլիտ, բազմաէթնիկ Ստամբուլի միջավայրը, օրիենտալիստական լուսանկարչություն, հայ մշակութային գործիչների դիմանկարներ, լուսանկարիչ եղբայրների գործունեությունը մամուլում և այլն։

Back to top button