Երաժշտական եռանկյունի

Դավիթ Բալասանյանի ստեղծագործական ընթացքը․ «Երաժշտական եռանկյունի»

Ժամանակակից ակադեմիական երաժշտությունը համաշխարհային մասշտաբով շատ երաժշտագետների կարծիքով ճգնաժամ է ապրում, քանի որ զանգվածային մշակույթի տարածումն ու ազդեցությունը հաճախ ստվերում է ակադեմիական արվեստի տեսակները:

Այդ առումով առավել կարևորված է երիտասարդ սերնդի հայ կոմպոզիտորների ստեղծագործական ընթացքի լուսաբանումը: Դավիթ Բալասանյանը ուրույն մոտեցումներ և դրսևորումներ ունեցող կոմպոզիտորներից է, ով ստանալով բարձրագույն ակադեմիական կրթություն՝ որդեգրել է ազատ իմպրովիզացիայի մեթոդը, որը կիրառում է ժանրային լայն դիապազոնի մեջ՝ ջազից մինչև խիստ ակադեմիական ֆորմաներ:

«Ի տարբերություն շատ և շատ իմ կոլեգաների, ես ունեմ մի փոքր առավելություն, այն է, որ դաշնակահար լինելով ինքս եմ ներկայացնում իմ ստեղծագործությունները՝ չսպասելով կատարողների կամ դիրիժորների անդրադարձին: Սա մի կողմից պայմանավորում է որոշակի ազատություն և անկախություն, մի կողմից էլ սահմանափակում է երաժշտության ներկայացման հնարավորությունը, քանի որ գործերը, որոնք գրում են մեծ կազմերի համար, չեմ կարող ճիշտ ժամանակին ներկայացնել հանդիսատեսի դատին»,— խոստովանում է կոմպոզիտորը:

Այդ առումով թավջութակահար Արամ Թալալյանի «Արս Լունգա» դուետի նախաձեռնած հայ կոմպոզիտորների գործիքային տրիոների ծավալուն անթոլոգիայի մեջ ընդգրկվելը Դավիթ Բալասանյանը համարում է մեծ հաջողություն, քանի որ 12 ձայնասկավառակից բաղկացած այդ ձեռնարկը ներառում է բոլոր հայ կոմպոզիտորների տրիոների կատարումներն ու ձայնագրությունները:

Անցած տարին լի էր ստեղծագործական ամենատարբեր դրսևորումներով և իրադարձություններով: Կոմպոզիտորը փորձեց գտնել նոր ինքնարտահայտման տարածքներ՝ ստեղծելով երաժշտական պատկեր անիմացիոն ֆիլմի համար: Բացի այդ, իր ստեղծագործություններից մեկը դարձավ վավերագրական ֆիլմի սաունդթրեք, ինչը կոմպոզիտորը համարում է իր համար նոր ոլորտ, շատ գրավիչ և հետաքրքիր:

Երկար տարիների աշխատանքի արդյունքում 2023-ին կոմպոզիտորը ներկայացրեց միանգամից երեք տարբեր ժանրային տիրույթներում ստեղծված ալբոմներ, որոնք կոմպոզիտորի՝ ժամանակի և տարածության երաժշտական մեկնության և խոհերի արտահայտումն են:

«Ուրբան կոլաժ» ալբոմը ստեղծվել է որպես երևանյան մթնոլորտի անցյալի և ներկայի վերապրման արդյունք:  Մայրաքաղաքին հատուկ հնչյունային, ձայնային, և հաճախ իրարամերժ գեղագիտական պատկերների խճանկար: Երկրորդ ալբոմը՝ «Նովելետ»-ը, ավելի շատ ձգտում է դեպի ակադեմիական ֆորմաներ: Իսկ երրորդ ալբոմը՝ «Վոնդերինգ»-ը կոմպոզիտորին հարազատ ազատ իմպրովիզացիոն մոտեցման դրսևորում է:

Վերջերս կայացած Ժամանակակից կոմպոզիտորների Մանսուրյանական մրցույթին Դավիթ Բալասանյանը ներկայացրել է ստեղծագործություն, որի հիմքում ընկած են Կոմիտասի և Անահիտ Ղազարյանի բանաստեղծությունները, և որը բարձր գնահատականի արժանացավ մրցույթի ժյուրիի և հանդիսատեսի կողմից:

Հաղորդման ընթացքում հնչում են կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանի 2023թ.-ի հրատարակված  ստեղծագործությունները՝ վերը նշված ալբոմներից, և այլ կատարումներ:

Back to top button