Երաժշտական եռանկյունի

Պրոգրեսիվ «հզոր քառյակը»․ «Երաժշտական եռանկյունի»

Բաս կիթառահար, ստեղծագործող, երաժշտության ուսուցիչ, պրոգ-ռոք «Դըմբարթըն Օակս» և «Օկսընհեմ» խմբերի հիմնադիր Ջեֆֆ՝ Վահագն Պապայանի հետ՝ պրոգրեսիվ երաժշտության մասին մեր երկրորդ զրույցում դիտարկում ենք չորս խմբերի ավանդը ժամանակակից երաժշտության մեջ։

«Քինգ Քրիմզըն», «Ջենեզիս», «Էմերսոն, Լեյք ընդ Փալմեր» և «Յես» բրիտանական խմբերը սկսեցին իրենց գործունեությունը 60-70-ականներին, ձևավորելով ինքնուրույն ոճ, հայեցակարգ և գեղագիտություն, որոնք հիմք հանդիսացան մի ամբողջ երաժշտական ուղղության համար, որը հետագայում որակվեց որպես «պրոգրեսիվ երաժշտություն»։

Այն առավել պրոֆեսիոնալ և կատարողական արվեստի առումով՝ վիրտուոզ երաժշտական տիրույթն է ռոք երաժշտության մեջ, որն այդ քառյակի յուրաքանչյուր օրինակի պարագայում ունի առանձնահատկություններ և տարբերություններ։ Բարդ հարմոնիկ կառուցվածքը, պոետիկ տեքստի առկայությունն ու խմբի հիմնադիր Ռոբերտ Ֆրիպպի կիթառային տեխնիկայի և հնչյունային պատկերի հարատև փնտրտուքը բնորոշում են «Քինգ Քրիմզըն» խմբի տասնամյակների ընթացքում մշտապես փոփոխվող կազմի երաժշտական էությունը։

Վեց տասնամյակից ավել խումբը բեմի վրա է, շարունակելով փորձարարական ընթացքն ու գեղարվեստական որոնումները։ «Ջենեզիս» խմբի համբավը հիմնականում պայմանավորված է Փիթեր Գեյբրիելի և Ֆիլ Քոլինզի ստեղծագործությամբ։

70-ականներին խմբի համերգները վերածվում էին բեմական միստերիայի, ուր երաժշտական նոր բանաձևումները համակցված էին համարձակ սցենոգրաֆիկ, լուսային լուծումների, երաժիշտների հանդերձանքի և տարօրինակ բեմական կերպարների և ռեժիսուրայի հետ։

Այստեղ նույնպես մեծ նշանակություն էր տրվում տեքստի բովանդակային բաղադրիչին։ «Էմերսոն, Լեյք ընդ Փալմեր» ստեղծագործական կրեդոյի հիմքում՝ ակադեմիական և դասական երաժշտության ուղղակի հղումն է։ Ստեղնային էլեկտրոնային նվագարանների, բաս կիթառի և հարվածայինների այս եռյակին հաջողվում է կերտել ռոկ երաժշտության տարածքում դասական սիմֆոնիզմին հատուկ հնչեղություն, գումարելով սրան ռոք երաժշտությանը հատուկ էքսպրեսիան և վիրտուոզ կատարողական տեխնիկան։

Դվորժակի, Պրոկոֆյեվի, դասական ռոմանտիզմի ժամանակաշրջանի կոմպոզիտորների երաժիշտների ստեղծագործությունների մեկնաբանություններից առավել հայտնի է խմբի անդրադարձը Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությանը։

«Յես» խումբը, որը նույնպես մինչ օրս բեմի վրա է, առանձնանում է հայեցակարգային մոտեցումներով։ Խմբի երաժիշտները ցուցաբերում են ոչ այնքան տարածված «կոլեկտիվ» ստեղծագործելու սկզբունքը։ Նրանց երաժշտությունը լի է երևակայական գունեղ պատկերներով, բարդագույն կոմպոզիցիոն լուծումներով, խոշոր ֆորմային հատուկ կատվային մտածողությամբ, վիրտուոզ կատարողական արվեստով, բարդ վոկալ բազմաձայնությամբ և էզոթերիկ տեքստերի բովանդակությամբ։ Հաղորդման ընթացքում հնչում են «հզոր քառյակի» դասական դարձած ստեղծագործություններից։

Back to top button