Ազդ անցյալից

Ատամնաբուժական ծառայությունների մասին՝ 19-րդ դարի հայկական թերթերից․ «Ազդ անցյալից»

 

  • Ոսկու պլոմբ…
  • Առանց ցավի ատամհանություն…
  • Արհեստական ատամներ… շատ գեղեցիկ

Բրիտանական արքունիքում ատամները կորցրած թագավոր-թագուհիների բերանների մեջ՝ կանգուն ատամների արանքում  կտոր էին խոթում՝ քողարկելու ընկած ատամների փաստը:

Իսկ   արհեստական ատամներ ունեցողներին, անհարմար իրավիճակում չհայտնվելու համար, արգելում էին մասնակցել պալատական ճաշկերույթներին և խնջույքներին: Քանի որ այդ ատաներն ավելի դեկորատիվ էին, քան գործառնական: Ուտել, ծամել չէր լինում դրանցով:

Ի՞նչ են ծանուցել 19-րդ դարի հայկական թերթերը ատամնաբուժական ծառայությունների մասին: Գիտական ի՞նչ նորույթներ են հասել Պոլսիս և Թիֆլիս՝ թեթևացնելու համար ատամնացավից տառապողների կյանքը:

«Տոքտոր Խաչատուրեան եւ որդի Առաջին կարգի վկայեալ ամերիկեան ատամնաբոյժք: Նորահնար գործիքի մը միջոցաւ ամենասաստիկ ցաւած ակռաները, մէկ անգամէն վայրկենապէս կը լեցնեն: Ցաւով դիմել եւ բուժուած վերադառնալ: Կատարելագործեալ եղանակաւ, նուրբ, ճաշակաւոր եւ դիմացկուն արհեստական ակռաներ կը պատրաստեն, յար եւ նման բնականի: Դեմքի ձևավորութեան, ծամողութեան եւ ազատ արտասանութեան երաշխաւորեալ:

Սկոռբիթ կոչուծ բերնի հիւանդուոիւնը երեք այցելութեամբ կատարելապէս կը բուժեն, ինչպես նաեւ թմրեցուցիչ դեղերու եւ նորահնար աքցաններու միջոցաւ առանց ցաւի ատամնահանութիւն: Թիւ 396 Մեծ-փողոց, Բերա, Եանիի գարեջրատան վրայի յարկը ճիշտ Չպուգճեանի  դէմը»:

Ծանուցում է Բյուզանդիոնը: Հայր և որդի տոքթորները, ոչ միայն ամերիկայից Պոլիս էին վերադարձել մասնագիտական լավագույն գիտելիքով, այլև արևմտյան մշակույթով. «Հաւասարւելու համար Եւրոպիոյ եւ Ամերիկայի առաջին կարգի ատամնաբույժներու, ձմեռները  կիրակի օրերն ալ, ինչպէս նաեւ մինչեւ կէս գիշեր  հիւանդ կ՛ընդունին Բերայի գործատեղինին»:

Առանց ցավ, թմրեցուցիչներ, խոստանում էր նաև Տոքթոր Գաբրիելեանը, Փենսիլվանիայի համալսարանից վկայված Տոքթոր Հրանտ Մատթէոսեան և այլք: Որքանո՞վ էին արդյունավետ նախկինում գործածվող թմրեցման մեթոդները: Լսենք բժիշկ ստոմատոլոգ Բենիկ Երանոսյանին

Այն ժամանակ ոչ դոզավորված պրեպարատներ են եղել, և ալերգիկ ֆոնը և մահացությունները բավական շատ են եղել: Քանի որ անցգայացնող դեղորայքը լավը չի եղել ու չեն կարողացել ատամների նյարդերը անզգայացնել, օգտագործել են արսենիում, դա միշիակն է, որն իրենից  թույն է ներկայացնում: Նույնիսկ Սովետական շրջանում օգտագործվում էր միշիակը:

Տեղադրում էին ատամի խոռոչի մեջ մարդը տառապում էր մի 48 ժամ, հետո մի կերպ կարողանում էին նյարդերի էվակուացիան անել, վերջ ի վերջ այդ ատամը հեռացվում էր: Ժամանակակից դեղերը դոզավորված պարունակում են ադրենալին, որը նպաստում է ավելի լավ անզգայացմանը, լոկալացնում է դեղորայքը տվյալ հատվածում և ավելի երկար է պահում անզգայացումը և բժիշկները կարողանում են հանգիստ աշխատել: Առանց ցավի և՛  ներվի հեռացումն է արվում  և՛ ոսկրային գործողություններ են արվում, նույնիսկ ոսկրային պլաստիկաներ են արվում տեղային անզգայացմամբ:

«Մշակ» թերթի 1888 թ համարներից մեկում ոմն դեղագործ Ա. Շտեխերի ծանուցումից իմանում ենք, որ ատամնացավի դեմ կոկայինի կաթիլներ Թիֆլիսում կարելի էր գնել 80 կոպէկով: Նույն համարում «Մշակը» ծանուցում է նաև, որ վաճառվում է Բենեդիկտեան գերապատիւ հայրերի էլիկսիրը Սուլիակ Աբբայութիւնից:

«Այդ էլիկսիրը Հնարել է 1373 թւին վանահայր ՊԵՏՐՈՍ ԲՈՒՐՍՕ:Այդ էլիկսիրի մի քանի կաթիլների ամենօրեայ գործածութիւնը պահպանում է ատամները փչանալուց, տալիս է նրանց սպիտակութիւն, ամրացնում է լինդեւրը և թարմացնում է բերանը:

Բացի էլիկսիրից ԲԵՆԷԴԻԿՏԵԱՆ հայրերը պատրաստում են դարձեալ ԱՏԱՄՆԱՓՕՇԻ և ՊԱՍՏԱ ատամներ սրբելու համար, որոնք նմանապէս կարելի է ձեռք բերել ամեն փոքր ի շատէ նշանաւոր դեղատներում, ինչպէս և դեղատան ապրանքների պահեստներում ու պարֆիւմերական մագազիններում»:

 «Ատամնաբոյժ Քիուչուկ-Լուվր

Բերա, մեծ փողոց թիւ 436 ռուսական դեսպանատան դիմաց

  • Պարզ ատամնահանութիւն 10 ղրուշ
  • Առանց ցաւի ատամնահանութիւն 15ղ.:
  • Ակռայ մաքրել 15ղ.
  • Ակռայ լեցնել արծաթով կամ ոսկրափոշիով 15 ղրուշ:
  • Ակռայ լեցնել ոսկիով 35ղրուշ
  • Ամբողջ ատամնաշար մը առնուազն 300րուշ
  • մէկ ակռա 15ղրուշ

Ծանոթութիւն Ակռայ լեցնելու և կամ նորէն շինելու համար եղած յանձնարարութեանց կէսը կանխիկ և միւս կէսն ալ շինուելէն  ետքը վճարելի է»:  

Ակռա լեցնել ոսկով: Ո՞րն է նոր պլոմբանյութի տարբերությունը հնից: Լսենք բժիշկ-ստոմատոլոգ Բենիկ Երանոսյանին:

Բոլոր նյութերը հիմնականում կոմպոզիտային մարտերիալներից են, որոնք չորանում են ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությամբ: Բավականին մոտ են ատամի կառուցվածքին և՛ արտաքին տեսքով և՛ որակական հանտանիշներով: Նախկիններում օգտագործվել են տարբեր ցեմենտային նյութեր: Կապը ատամի և ցեմենտների միջև եղել է մեխանիկական՝ ինչպես արծաթի, ոսկու ամալգամաներն են եղել:

«Մեղու հայաստանի»-ն 1876 թ. համարներից մեկում ծանուցում է, որ Դվօրցօվո փողոցում Ծովեանովի տանը, վերնահարկի  թիւ 13 և 14 սենեակներում պօլսեց ատամնաբույժ Ֆրանգիւլ Միւլիւքեանը  Լոնդոնից հրաշալի յախճապակեայ ատամներ ստացել է և ամերիկյան մեթոդով «գուդաբերչիով կամ ոսկիով նստացնում է ատամներ չունեցողներին, այնպէս որ ոչ ներսէն և ոչ դուրսէն նաֆտուլները չեն երևիր և ուտելու ու խօսելու ատեն նեղութիւն չեն տար:Մանաւանդ ամենահետաքրքրականը սա է, որ բերանի մէջ հաստատուն արմատ ունեցողներուն այնպիսի ատամներ կը շինուին  այդ արմատներուն վրայ որ ոչ  գործածողը կիմանայ թէ իւր բերանի մէջ շինովի ատամներ կան,ոչ ալ դուրսէն  տեսնողը…»:

Դեռ մեր թվարկությունից առաջ մարդիկ արհեստական ատամներ կամ պրոթեզներ պատրաստելու հնարները գտել էին՝ գայլի ատամներից մինչև փղոսկր, փայտանյութից մինչև խխունջների պատյաններ:

Բայց ամենից զարհուրելին, անշուշտ այն էր, որ կորցրած ատամները լրացնելու համար չէին խորշում պղծել շիրիմները, մեռածների ատամները վերաօգտագործելու համար: Հայտնի է «Վաթէրլոյի ատամներ» բառակապակցությունը:

Մարտի դաշտում ընկած երիտասարդ զինվորների ատամները մեծ պահանջարկ ունեին Բրիտանիայում: Այդ ատամները նոր տերերի  համար պատերազմական ավարի նման մի բան էին: Զարհուրելի է, բայց փաստ: Ինչևէ…

Բուժման նոր մեթոդները ենթադրում էին նաև նոր կատարելագործված բժշկական գործիքներ: Ահա Բյուզանդիոնում մի  ծանուցում գտա այն մասին,թե ինչպես ամերիկյան հռչակավոր Claudius.Ash. & Sons ընկերության գործիքները և ատամնաբուժական կահավորանքը արդեն Կոստանդնուպոլսում է: Դա 1899 թվականն էր:

«Օ կլօպ վաճառատուն.ատամնաբուժական ամէն տեսակ ապրանաց Ամերիկեան և Անգլիական ընտիր գործիքներ.ակռաներ, քաուշուներ, մեքենական թիկնաթոռներ, ինչպէս նաև Claudius.Ash. & Sons հանրածանոթ տան ակռաներու և քաուշուներու մեծ մթերք: Գաւառական յանձնարարութիւնք առանց փոխադրութեան ծաղքի փութով և խնամքով կ՛կատարուին: Դիւրութիւն նորահաստատներու և շատով գնողներու:Դիմել Կ.Պոլիս, Պահճէգափու, Ստամբոլ Խան թիւ 7 և 8»:

Պոլսի «Հայրենիք»-ը 1895թ համարներից մեկում «մայրերու համար կարեւոր ազդ» էր տպագրել ՝ տղոց, այսինքն՝ մանկիկների ատամնահանութեան համար մանյակ, որի «շնորհիւ հազարաւոր տղաք փրկուած են»: Խոսքը սաթե մանյակի մասին է, որն «ատամնահանութեան առաջին նշանները տեսնվելուն կը բաւէ» երեխայի վզից կախել ու գիշեր ու զօր չհանել :

 «… Միայն քրտինքէ ու թուքէ զգուշանալու է: Տղան լուալու ատեն մանեակը պէտք է յանել»:

Մանյակը, որ սաթից է, ազդում է հետևյալ կերպ. Այն մարմնի հետ շփվելով արագորեն տաքանում է և արտզատում մի նյութ, որը մաշկի միջոցով անցնում է արյունատար անոթներին և հանդիսանում բնական ցավազրկող, նյութափոխանակությունը կարգավորող: Բալթյան սաթի առողջարար հատկությունները շատ են և հայտնի են վաղուց: Հայկական թերթերն էլ անդրադարձել են դրանց:  

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներինն աև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button