Սփյուռքի ձայնը

Սփյուռքի հայկական դպրոցները նպաստում են հայրենադարձությանը․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի հայկական դպրոցների կարևոր առաքելությունը՝ հայրենաճանաչումն է, բայց առավել այն սիրելը, փաստում են սփյուռքահայ դպրոցների ներկայացուցիչները։ Որո՞նք են ժամանակակից սփյուռքահայերի պահանջներն ու հայկական դպրոցների հնարավորությունները․ կրթական տարվա մեկնարկին ընդառաջ իրենց դպրոցների գործունեությունն ու ծրագրերն են ներկայացնում ՌԴ-ում երկու տարի առաջ բացված Համազգային Հայ կրթամշակութային միության ատենադպրուհի և գրասենյակի պատասխանատու, կրթական բաժնի պատասխանատու և կիրակնօրյա դպրոցների ընդհանուր տնօրեն Բալիկ Գալէմքերյանը և Բելգիայի «Նարեկ» դպրոցի տնօրեն Արտակ Ժամհարյանը։

Բալիկ Գալէմքերյան

Բալիկ Գալէմքերյանը Սիրայից է։ Մոտ երկու տասնամյակ ապրում և աշխատում է Ռուսաստանում։ Երաժիշտ է։ Սիրիայում հայկական դպրոցն ավարտած Բալիկ Գալէմքերյանը, Ռուսաստանում կարևորում է  հատկապես հայոց լեզվի պահպանումը։ «Երկու տարի առաջ է Համազգայինի շնորհիվ Մոսկվայում բացվել է երեք դպրոց՝ հայաբնակ տարբեր թաղամասերում։ Այս տարի ծրագրում ենք ևս 3-ը բացել»,- ասու մ է Բալիկ Գալէմքերյանը։

«Նա ցավով է նշում , որ դպրոց հաճախող երեխաները ընդհանրապես չեն տիրապետում հայերենին, չեն խոսում իրենց մայրենի լեզվով, ինչը մեկ ամիս անց, դպրոցի ուսուցիչների շնորհիվ փոխվում է»,- ավելացնում է  դպրոցների տնօրենը։

Բալիկ Գալէմքերյանը սփյուռքում հայկական դպրոցների կարևոր առաքելությունն է համարում հայրենիքի հանդեպ սեր առաջացնելը։ Նշում է, որ իրենց  աշխատանքի շնորհիվ շատ ընտանիքներ այս տարիների ընթացքում տեղափոխվել են Հայաստան։

Բելգիայի «Նարեկ» դպրոցը եռամյա կրթություն է տալիս հայ երեխաներին, ասում է դպրոցի տնօրեն Արտակ Ժամհարյանը։ Կարևորելով օտարության մեջ լեզվի պահպանումը՝ նշում է, որ թեև պետական քաղաքականության հետևանքով հայկական միջնակարգ դպրոցներ չկան, սակայն հայ ուսուցիչների ջանքերով հայ երեխաներին հասանելի են դառնում թե՛ լեզուն, թե՛ պատմությունը, թե՛ մշակույթը։

«Այսօր Բելգիայի ողջ տարածքում միայն հրեական համայնքն ունի բարձրագույն ուսումնական հաստատություն։ Այն ստեղծվել է գործող օրենքն ընդունելուց առաջ։ Մյուս բոլոր ազգային փոքրամասնությունների համար ընդունված օրենքով գործում են եկեղեցուն, միություններին կից գործող մեկօրյա կամ երկօրյա դպրոցներ»,-ասում է Արտակ Ժամհարյանը։

«Նարեկ» դպրոցի տնօրենը նշում  է, որ թեև եռամյա կրթությունը այնքան էլ շատ չէ՝ հայկական կրթության համար, սակայն իրենք անում են ամեն բան, որպեսզի հայ երեխաներին մոտեցնեն իրենց արմատներին։ «Խոսք, երգ, երաժշտություն, պար և այլն․ հայկական մշակույթը, պատմությունն ու լեզուն՝ մեր կրթության հենակետերն են»։

Թեև հայկական դպրոցներից շատերն իրենց ուսումնական տարին սկսում են հոկտեմբերին, սակայն նախապատրաստական աշխատանքները տարվում են և սեպտեմբերի մեկին դպրոցների դռները բացվում են հայ աշակերտների առաջ։

Back to top button