Երաժշտական եռանկյունի

Հայկական հետքերը ռոքում․ «Երաժշտական եռանկյունի»

Աշոտ Գրիգորյանը, աշխատում է մշակութային լրագրության բնագավառում, հրատարակվում է հայ և արտասահմանյան մամուլում, տնտեսագիտության թեկնածու է, նաև ռուսերեն գրքերի հեղինակ, հոդվածներ է գրում արվեստի, այդ թվում՝ ռոք երաժշտության մասին։

2002-ին ստեղծել և տասը տարուց ավելի վարել է «Ռոքը Հայաստանում և հայերը ռոքում» կայքը։ Զբաղվել է համաշխարհային ռոքում հայկական հետքերի ուսումնասիրությամբ։ Մեր զրույցի առանցքում հայկական թեմային անդրադարձող ոչ հայ երաժիշտներն են: The Who խումբը, որ ժամանակին Անգլիայում համարվում էր իր հեղինակությամբ երրորդը՝ Բիթլզից ու Ռոլլինգ Սթոունզից հետո, 1967 թ․-ին ձայնագրում է The Who Sell Out ալբոմը, որը բացվում էր Ջոն Քինի Armenia City in the Sky փսիխոդելիկ երգով։

Այդ երգում Հայաստանը ներկայանում է որպես մի ոչ իրական վայր երկնքում, որտեղ կարելի է մոռանալ աշխարհիկ դառնությունների ու հոգսերի մասին։ Դրանից հետո Բիթլզը, Ռեյ Չարլզի «Ջորջիա»-ից ազդվելով, երգեց հարևան Վրաստանի մասին։

1970-ականների վերջը պանկ մշակույթի ծաղկման դարաշրջանն էր, որի վառ ներկայացուցիչներից էր գերմանացի հայտնի ավանգարդիստ Նինա Հագենը։ 1982 թվականին նա թողարկում է իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Born in XIXAX ստեղծագործությունը, որն առավել հայտնի է «Սա Ռադիո Երևանն է» ոչ պաշտոնական անունով։

Բանն այն է, որ ստեղծագործության սկզբում պանկ դիվան անգլերենով բղավում է. This is Radio Yerevan ու դրանից հետո անընդհատ կրկնում՝ «Երևան»։

Ինդաստրիալ երաժշտության գերմանական առաջատարներ Einstürzende Neubauten (Այնշտյուրցենդե Նոյբաուտեն) խումբը հայկական թեմաներով երկու կոմպոզիցիա է ձայնագրել՝ Nagorny Karabach և Armenia։ Վերջինս ձայնագրվել է դեռևս 1983 թ․-ին, այնտեղ օգտագործված է Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն իս» երգի մեղեդին։ Այդ երգը հնչում է Ալ Պաչինոյի և Ռոբերտ Դե Նիրոյի դերակատարմամբ նկարահանված «Տապ» ֆիլմում։

Բորիս Գրեբենշչիկովը երիտասարդ տարիքից հետաքրքրվել է Հայաստանով ու հայկական երաժշտությամբ, որի մասին ասել է․ «Հայաստանի երաժշտությունը բոլորովին առանձնահատուկ երևույթ է, ու կարծես ոչ արևմուտքից է, ոչ արևելքից, այլ դարերի խորքից, որտեղ այն պահպանել է իր բաց սիրտը»։

Գրեբենշիկովը սիրում է նկարել՝ Ազնավուր լսելով։ Ջիվան Գասպարյանը մի քանի անգամ մասնակցել է «Ակվարիում» խմբի ձայնագրություններին և համերգներին, նա համարվում է խմբի հետ համագործակցող ամենակարևոր երաժիշտներից մեկը։ «Հյուսիսային գույն» կոմպոզիցիայում հնչում է Ջիվան Գասպարյանի դուդուկը։

Փոլ Մաքքարթնին հայերի հետ շփվել է դեռ Բիթլզի գոյության ժամանակներում։ Այսպես, 1968 թվականին Հնդկաստանից դեպի Անգլիա ճանապարհին Փոլ Մաքքարթնին մի քանի օրով հանգրվանեց Թեհրանում, ծանոթացավ իրանահայ սիրված երգիչ Վիգեն Տերտերյանի՝ «Ջազի սուլթանի» հետ։ Քչերը գիտեն, որ իր իսկ՝ Մաքքարթնիի խոստովանությամբ, նա նշանավոր «Միշել» երգը գրել է Շառլ Ազնավուրի նմանակությամբ։

2004 թ․ ձայնագրված նրա Jenny Wren երգում դուդուկ է նվագում Պեդրո Էսթաշը։ Երգի սինգլը բրիտանական չարթերում զբաղեցրել է 22-րդ տեղը և ներկայացվել «Գրեմմի» մրցանակի։ Էստաշը դուդուկ է նվագում նաև Մաքքարթնիի 2018-ին թողարկված Back in Brazil երգում։

Deep Purple բրիտանական խումբը ձայնագրվել է ի աջակցություն Սպիտակի երկրաշարժից տուժածների, իսկ 1993-ին եվրոպական համերգների ժամանակ կատարել է մի հատված Արամ Խաչատրյանի «Սուսերով Պարից»։

Ռիչի Բլեքմորի «Ռեյնբոու»-ի 2019 թ․ սինգլի շապիկին Խոր Վիրապի վանքի լուսանկարն է։ Իսկ Իեն Գիլլանը, որ Հայաստանը համարում է իր հոգևոր հայրենիքներից մեկը, մեր երկրի հետ կապված մի քանի երգ ունի, որոնցից մեկը Սպիտակյան երկրաշարժի արհավիրքները սեփական աչքերով տեսնելուց հետ գրած Pictures of Hell երգն է, որը թողարկվել է 1991 թ․-ին: Այդ երգը կատարելապես ցուցադրում է Գիլլանի վոկալ կարողությունները։ Տարիներ անց Գիլլանը մի հարցազրույցում ասել է, որ աղետի գոտում տեսածը երբեք չի մոռանա։

Հայկական ժողովրդական երաժշտության մոտիվներ կարելի է լսել Յուրի Մորոզովի «Բացակայության մերկ զգացումը» երգում։ Յուրի Մորոզովը ռուսական ռոքում առաջիններից մեկը սկսեց ձայնագրել ալբոմներ, նա տաղանդավոր բազմագործիքավորող էր, էքսպերիմենտատոր և հիփփի, որը մեծ ազդեցություն է ունեցել ամենատարբեր խմբերի վրա՝ Կրեմատորիից ու ԴԴՏ-ից մինչև Չիժ։

Յուրին երիտասարդ տարիներին հաճախ է եղել Արցախում, համերգներ է տվել այնտեղ իր խմբով։ Իսկ 1980-ականներին իզոթերիկների հետ Հայաստան է մեկնել՝ Շամբալան որոնելու։ Այդ ժամանակ նրանք շուրջ մի ամիս սարերում են բնակվել։ Իսկ երգի մասին Մորոզովի մտերիմներից Բորիս Ալիշովը պատմում է, որ ձայնագրության ժամանակ Մորոզովն արդեն ծանր հիվանդ էր ու կիթառի վրա նվագել գրեթե չէր կարողանում, այդ պատճառով սեմփլներ էր օգտագործում։

Հայկական այդ նվագը Մորոզովն ինքն է ծրագրավորել․ քանի որ «շատ է ցանկացել հայկական կամ արևելյան որևէ բան ներառել երգում»։ Մահվանից առաջ նա հասցրել է կրկին այցելել Հայաստան և Արցախ։

Հագենից բացի մեկ այլ պանկ-դիվա՝ Փաթի Սմիթը հարգանքի տուրք է մատուցել կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին` գրելով Swans երգը։ Երգի պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականին։ Սմիթը ամերիկյան երգչուհի է, որը համարվում է պանկ ռոքի կնքամայրը։

Back to top button