Դպրություն

Կրթության հարցում քաղաքական կոնսենսուս է պետք․ փորձագետ․ «Դպրություն»

Տարիներ շարունակ հայտարարվում է գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու, կրթության մակարդակը բարձրացնելու և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու մասին, բայց կրթական համակարգի խնդիրներն այդպես էլ չեն լուծվում։ Ավելին, ժամանակի ընթացքում նոր համակարգային խնդիրներ են նշմարվում։

«Մեր հետազոտություններով փաստագրել ենք այն խնդիրները, որոնք կային երկար տարիներ համակարգում։ Օրինակ նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ցածր ընդգրկվածությունը, 0-3 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունների բացակայությունը, ավագ դպրոցում հատկապես տղաների ընդգրկվածության ցածր մակարդակը, կրթության նկատմամբ երեխաների հետաքրքրվածության բացակայությունը, ուսուցիչների թվի պակասը, մոտիվացիայի պակասը և այլն։ Յունիսեֆը ունի ծրագիր փոքր, հեռավոր համայնքներում ստեղծելու այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ։ Այստեղ մենք բախվեցինք տարաբնույթ խնդիրների հետ։ Խոշորացման հետ անընդհատ փոխվում էր համայնքների ղեկավար կազմը։ Եվ մենք անընդհատ ստիպված էինք լինում համայնքի ղեկավարի հետ աշխատանք տանել, բացատրել, որ իր կարևոր գործառույթների մեջ է մտնում նաև տվյալ համայնքի բնակավայրերի համար նախադպրոցական կրթության ծառայությունների ապահովումը։ Մենք ունենք նաև գործառույթները հասկանալու և տեսլականի խնդիր», – մտահոգվում է Հայաստանում Յունիսեֆի գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։

«Մեր կրթության խնդիրները շատ-շատ են։ Դրանք նաև ժամանակի ընթացքում շարունակում են աճել, որովհետև պարզ խնդիրներին ավելանում են ավելի բարդ խնդիրներ։ Օրինակ՝ նույն արհեստական բանականության զարգացումները, որ տեղի ունեցան վերջին ամիսներին, կլիմայի փոփոխության խնդիրները, որոնք գլոբալ և շատ լուրջ խնդիրներ են, մենք այսօր դրանց մասին չենք էլ մտածում, մենք փորձում ենք ավելի հասարակ խնդիրներ լուծել։ Իմ կարծիքով մեր ամենագլոբալ խնդիրը, եթե փորձեմ ընդհանրացված ասել, այն է, որ մեր կրթական համակարգը հիմնված է կեղծիքի վրա», – ասում է կթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ դասախոս, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը և հավելում, որ՝ այս կեղծ պատկերը խանգարում է , որ մենք ավելի իրական լուծումներ փորձենք փնտրել։ Պետք է իրատես լինել։ «Իսկ հարցին, թե ինչո՞ւ ենք այսպիսին՝ որովհետև, իմ կարծիքով միշտ կրթության համակարգը մեծ կախվածություն է ունեցել իշխանական քաղաքական համակարգից և միշտ կա վախ՝ իրական խնդիրները բացահայտ ասելու», – ասաց փորձագետը։

Back to top button