Դպրություն

Հայկականությունն ու լեզուն՝ նոր դասագրքերում․ «Դպրություն»

Հանրակրթական պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը:

Խրախուսվել են նաև հիբրիդային ձևաչափով դասագրքերը, որոնք պարունակում են էլեկտրոնային հղումներ, QR կոդեր, ինչը ժամանակի պահանջ է:

«Հատկապես «Երկրաչափություն» ուսումնասիրելիս, ապացուցման հարցերը ամենուր են։ Կարող է հետագայում մասնագիտացման մեջ երկրաչափությունը ձեզ պետք չգա։ Բայց, եթե սովորելու ընթացքում այդ հմտությունները դուք ձեռք եք բերում՝ վերլուծելու, համադրելու, տրամաբանական շղթաներ կառուցելու, ապա դա մնում է ձեզ ամբողջ կյանքում։

Մասնակցել եմ նաև հանրակրթության նոր չափորոշիչների, ծրագրերի ստեղծման աշխատանքներին՝ մաթեմատիկայի խմբում։ Դրված հիմնական կետերից մեկը այն էր, որ մեր դպրոցական ծրագրերը ծանրաբեռնված են և մենք ստացել ենք հակառակ էֆեկտը։ Այսինքն՝ փորձելով տալ ավելի շատ՝ ստացել ենք ավելի քիչ արդյունք։ Բոլոր ուսուցիչները բողոքում էին, որ տրված ժամաքանակի մեջ հնարավոր չէ տեղավորել այդպիսի ծավալի գիտելիք, հմտություններ հաղորդելու հնարավորություն չի լինում։ Նոր չափորոշիչն ու ծրագիրն էլ պետք է իրենց համապատասխան դասագիրք ունենային։ Սա գործընթացի տրամաբանական շարունակությունն է»,- ասում է 7-րդ դասարանի «Երկրաչափություն» առարկայի նոր դասագրքի հեղինակ, Հայ-Ռուսական համալսարանի դոցենտ, ֆիզ․մաթ․գիտությունների թեկնածուԳագիկ Աղեկյանը։

«Առաջնորդվել ենք սկզբունքով՝ գիտելիք կյանքի համար։ Ի վերջո այս ամեն ինչի կարևորը գործնականությունն է և միայն այս եղանակով՝ գործնական հմտությունների միջոցով է հնարավոր հասնել այն վերջնարդյունքներին, որոնք սահմանված են հանրապետական կրթական նոր չափորոշչով։ Գրականության դասավանդման նպատակների վերջնարդյունքներից միայն մեկը և ամենաբարձրն է ճանաչողականը։ Բայց մինչև դրան հասնելը պետք է հսկայական աշխատանք արվի։ Միջառարկայական կապերի գտնելը այստեղ շատ կարևոր է։ Գրականության ամեն երկ կամ գրողի կենսագրության ամեն մաս անդրադառնում է մեր անձնական կյանքին։ Եթե կարողացանք այդ կապը գտնել և այդտեղից վերցնել մերը, մեզ հուզողը, մեզ բացահայտողը, կյանքում մեր տեղը գտնողը, մեզ ճանաչողը՝ ուրեմն մենք հասել ենք գրականության գործնական մասին»,- ասում է 7–րդ դասարանի «Գրականություն» առարկայի նոր դասագրքի համահեղինակ, ԵՊՀ դասախոս Արսեն Վարդանյանը։

Back to top button