Դպրություն

«Ակադեմիական քաղաք»․ մի՞ֆ, թե՞ իրականություն. «Դպրություն»

«Ակադեմիական քաղաք»-ի կառուցումը կառավարության կարևորագույն ծրագրերից մեկն է։
Այն նախատեսված է ստեղծել համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի։

Երևանից պետք է տեղափոխվեն որոշ պետական համալսարաններ և գիտական ինստիտուտներ, ինչպես նաև միջազգային և միջպետական բուհեր։

«Առիթներ ունեցել եմ ընդգծելու, հիմա էլ կրկնեմ, որ կրթությունը բիզնես ծրագիր չպետք է լինի։ Բիզնեսը մի ոլորտ է, որի նպատակը շահույթ ստանալն է, իսկ կրթությունը՝ ավագ սերնդի գիտելիքների փորձի կազմակերպված փոխանցման ինստիտուտն է երիտասարդ սերնդին։ Այստեղ գումար պետք է։ Բայց հենց գումարը դարձավ առաջնային նպատակ՝ ունենում ենք այն, ինչ ունեցանք՝ թուլացրեցինք կրթական համակարգերը՝ որակի տեսակետից։  Ես համաձայն եմ նաև այն դիտարկման հետ, որ «Ակադեմիական քաղաք»–ի ծրագիրը լավ ծանրութեթև արված չէ։ Բուհերը հանել մայրաքաղաքից, կարծում եմ, կարճատեսություն է, նաև՝ վտանգավոր։ Երիտասարդները մայրաքաղաքին շուք են տալիս, որոշակի տրամադրություն փոխանցում։ Իհարկե, երբեմն ասում են, որ «Ակադեմիական քաղաք»–ի կենտրոնացված լինելու հանգամանքը թույլ է տալիս մտավորականներին շփվել, քննարկել նաև բուհական համակարգից, աշխատանքից դուրս շփումների մեջ լինել, բայց այդ նույնը կարելի է Երևանում կազմակերպել՝ տարատեսակ ակումբների ձևով։ Իսկ գիտական–կրթական հաստատությունների համագործակցության թեման նոր չէ և շատ կարևոր թեզ է դա»,– ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Կովկաս» հասարակական հետազոտությունների կենտրոնի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը և ավելացնում, որ դեռ շուտ է «Ակադեմիական քաղաք»– ի մասին խոսելը։ Մենք շատ ենք հետևանքների դեմ պայքարում՝ պատճառները չտեսնելով։

«ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նշված «Ակադեմիական քաղաք»–ի գաղափարը և այն բոլոր խնդիրները, որոնք նույն այդ ռազմավարության մեջ նշված են, մեկը մյուսին լուծելու որևիցե հիմնավորում չկա։ Շարադրված են պրոբլեմներ կրթության, բարձրագույն կրթության, կրթության որակի, ակադեմիական ազնվության, բարեվարքության, ակադեմիական ազատությունների, հետազոտական խնդիրների վատ ու ցածր որակի մասին։ Եվ ասվում է, որ «Ակադեմիական քաղաք»–ը կառուցենք, խնդիրը կլուծվի։  Որևիցե ճանապարհ Ա կետից Բ կետը գնալու, որի ընթացքում  այս խնդիրները լուծվում են՝ այս հայեցակարգը նույնիսկ չի առաջարկում»,– ասում է ԵՊՀ դոցենտ, Հոգեբանների հայկական գիտական միավորման նախագահ, կրթության ոլորտի փորձագետ Դավիթ Ամիրյանը՝ հավելելով, որ այս նախագիծը զուտ շինարարական բիզնես նախագիծ է։ Ոչ մի նախադասություն չկա, թե ոնց են սարքելու քաղաքը ու դրանից հետո աշխարհի 500 լավագույն բուհերի վարկանիշի մաս կազմելու։

Back to top button