Դպրություն

Ազգային մտածողությունը` Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման հիմքում․ «Դպրություն»

Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումն ընթանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված տարբերակված 7 մեկամսյա ծրագրերով։ Վերապատրաստման ծրագիրն ունի նոր գիտելիքի փոխանցման և կարողությունների ձևավորման նպատակ:

«Ես ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքից եմ։ Ավելի փոքր համայնքից, որը հին համայնք է՝ հիմանականում միջին արևելքի հայ համայնքներից ԱՄՆ եկած,Արևմտյան Հայաստանից ներգաղթած հայերն են։ Այստեղ մեծանում է արդեն 4–5–րդ սերունդը և մեր առջև իրականում ծառացած է բավականին մեծ խնդիր, որովհետև ոչ միայն երեխաները չեն խոսում հայերեն, այլ նրանց ծնողները, ծնողների ծնողները։ Բայց նաև բոլորը գիտակցում են, որ իրենք հայ են և ուզում են, որ իրենց երեխաները, թոռնիկները խոսեն հայերեն, հայեցի դաստիարակվեն։ Մեր դպրոցը կիրակնօրյա է։ Դասավանդվում է հայոց լեզու, գրականություն, պատմություն, մշակույթ։ Այս վերապատրաստման ծրագիրը ունի բաժիններ, ինչը շատ կարևոր է։ ԿԳՄՍ նախարարությունը, ի դեմս սփյուռքի բաժնի, հրաշալի աշխատանք է կատարել այս առումով», – ասում է ԱՄՆ Ատլանտա քաղաքի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Մարինե Փայասլյանը։

«Ես դասավանդում եմ հայոց լեզու և գրականություն։ Փորձում եմ նաև մեր պատմությանը անդրադառնալ, որովհետև գտնում եմ, որ այստեղ ապրող և մեծացող երեխաները պետք է իրենց պատմությանը ծանոթ լինեն։ Խումբս մեծացավ 2020թ․–ի պատերազմի ժամանակ, երբ տեղի ունեցավ մեծ համախմբում։ Եվ հիմնականում երիտասարդության շրջանում մեծ ցանկություն կար սովորելու հայոց լեզուն։ Ցանկությունս է, որ հայրենիքում նմանատիպ ծրագրերը լինեն ավելի շատ, որ սփյուռքի ուսուցիչը կարողանա գալ վերապատրաստվելու և ստանալու եթե ոչ մակավարժի կոչում, ապա գոնե ուսուցիչ բառին համապատասխան մակարդակի բերելու իր գիտելիքները», – ասում է ՌԴ Վոլգոգրադ քաղաքի հայկական եկեղեցուն կից մեկօրյա դպրոցի ուսուցչուհի Սաթենիկ Կուրղինյանը։

«Ես պետք է շեշտը դնեմ Հայրենիք–Սփյուռք կապի վրա։ Ցանկությունս է, որ Հայրենիքից մեզ մոտ այցելությունները շատ լինեն։ Գան և տեղում տեսնեն մեր խնդիրները, որովհետև դրանք բոլորի համար նույնը լինել չեն կարող, յուրաքանչյուր համայնք ունի իր առանձնահատկությունը։ Իրար ճանաչելու անհրաժեշտությունը կա։ Մենք փորձում ենք պահել ու պահպանել հայի ազգային դիմագիծ ունեցող համայնք», – ասում է Նիդեռլանդների Ալմելո քաղաքի մեկօրյա դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Անդրեասյանը։

«Կարևորում եմ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությունը, անցած ճանապարհը։ Ամեն տարի թարմացվում է ծրագիրը, քանի որ պահանջներն էլ ժամանակի հետ փոխվում են, բայց հիմքը մնում է ազգային մտացողությունը»,– ասում է ԿԳՄՍ արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա Էլոյանը։

Back to top button