Էկոսֆերա

Սևանա լճին ծանր շրջան է սպասվում․ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյան․ «Էկոսֆերա»

ՀՀ Ազգային ժողովն օրերս ընդունեց Սևանա լճից հավելյալ 70 միլիոն խմ ջրառ իրականացնելու օրինագիծը, որի համաձայն՝ օրենքով սահմանված 170 մլն խմ-ի փոխարեն Սևանա լճից բաց կթողնվի մինչև 240 միլիոն խմ ջուր։

Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը բարձրաձայնում է ՝ լճի ջուրն ավելացնելու փոխարեն նվազեցնում ենք, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։

«Ցավում եմ, որ նման որոշում է ընդունվել։ Սա նշանակում է, որ մենք նորից ու նորից կորցնում ենք Սևանը, ջուրն ավելացնելու փոխարեն վերցնում ենք այն: Սևանա լիճ թափվող 28 գետերի միջոցով աղտոտվում է լճի ջրհավաք ավազանը։ Հիմա էլ շարունակում ենք իջեցնել ջրի մակարդակը։ Կարծում եմ՝ Սևանա լճին շատ ծանր շրջան է սպասվում»,- ասաց ջրաբանն ու շարունակեց․ «Ջրամբարները կարծես մաղ լինեն, ջրի կորուստները մեծ են։ Օրինակ՝ պատերից, հատակից և պատվարի միջից անընդհատ ունենում ենք կորուստներ։ Բացի դրանից, մեր ոռոգման համակարգը ցավալի վիճակում է։ Սևանա լճի ջրառը չի հասնում գյուղացուն, քանի որ դրանից օգտվում են ՀԷԿ-երը։ Եթե գնաք Արարատյան դաշտավայր և գյուղացիներին հարցնեք, թե ինչ՞ով են ջրում դաշտերը, կասեն՝ Արարատյան ջրով։ Արարատյան ջրով են ջրում, որովհետև Սևանա լճի ջուրը չի հասնում»։

Back to top button