Դպրություն

Երաժշտական կրթությունը՝ ինքնության պահպանման կարևորագույն միջոց․ «Դպրություն»

Երաժշտությունը երեխաների մոտ գեղագիտական ճաշակ է ձևավորում: Աշակերտը չափահաս տարիքում շատ ավելին է հասկանում արվեստից, և հանրակրթական դպրոցներում «Երաժշտություն» առարկայի դասվանդումը, շատ ճիշտ է, որ պետք է շարունակվի ավելի բարձր դասարաններում: Իսկ արդյո՞ք մանկավարժական կազմը բավարարում է պահանջներին՝ և՛ մասնագիտական և՛ ինչու ոչ՝ ուսուցչական կազմի թվաքանակի առումով։

«Երաժշտությունը դպրոցում և երգի ուսուցումը դպրոցում՝ դրանք իրարամերժ բաներ են։ Հնարավոր է՝ իրար լրացնող, բայց իրարամերժ։ Հիմա դպրոցում անցնում են «Երաժշտություն» առարկա։ Եվ լավ է, նրանք հասկանում են ոճերից, ուղղություններից, գիտեն կոմպոզիտորներին։ Բավականին ընդգրկուն, բավարարող գիրք է։ Բայց վատը այն է, որ մեզ մոտ ոտքերը միշտ գլխից առաջ են։ Գրքերը հրատարակեցին, բերեցին դպրոց, բայց դասատու չկար, որ այդ գրքերով դասավանդեր»,– ասում է «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։

Լիլիթ Մկրտչյան

«Կզնակ հիմնադրամի ծրագրերի հիմքում դրված է նախագծային ուսումնառությունն ու հետազոտությունը, որպեսզի ուսուցումը դպրոցում աշակերտների համար դառնա ավելի կենդանի, ավելի հետաքրքիր։ Մշակութային կարողունակությունը նոր հանրապետական կրթական չափորոշչի 8 կարողունակություններից մեկն է և այս ուղղությամբ շատ մեծ աշխատանքներ են տարվում», – ասում է ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ, պատմագիտության դոցենտ Լիլիթ Մկրտչյանը։

Վալտեր Բերբերյան

«Յուրաքանչյուր մարդ պետք է վերափոխվի, ինքն իր ներսում փոփոխություն անի։ Աշակերտը պետք է անդրադառնա մեր պատմությանը, լսի հին երգերը, ճանաչի ավանդականը։ Ոչ թե այն, ինչ կա այսօր մեր իրականության մեջ», – ասում է ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Վալտեր Բերբերյանը։

Գայանե Բարսեղյան

«Իմ համար կարևոր է, որ երեխաները փոքր տարիքից լսեն և՛ ժողովրդական, և՛ ամենատարբեր ժանրերի երգ, երաժշտություն։ Վստահ եմ, եթե ամենասկզբում արվում է ճիշտ աշխատանք, լավ արդյունքը երևալու է։ Եվ վստահեցնում եմ, որ երեխաները մեծ սիրով լսում են, սովորում են և այդ աշխատանքի շնորհիվ մենք պետք է պահպանենք մեր ժողովրդականն ու դասականը։ Անընդհատ աշխատելու տեղ կա։ Կհասնենք արդյունքի, եթե լինի ցանկություն»,– ասում է Երևանի Լ․Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Գայանե Բարսեղյանը։

Back to top button