Ֆրանսիայում զուգահեռ գործող համայնքային կառույցները միմյանց հետ ունեն խնդիրներ, ասում է ֆրանսաբնակ հասարակական ու ազգային գործիչ, բանաստեղծ, կրթությամբ իրավաբան և Մարսելի Աբովյան վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը։
Նա համոզված է, որ Սփյուռքի ներսում այսօր առկա բազմաթիվ խնդիրները խանգարում են թե Հայաստանի հետ հարաբերություններում, թե տվյալ պետության վրա ներգործելու առումով։
Կարեն Խուրշուդյանը, որը 2005 թվականից բնակվում է Ֆրանսիայում, նշում է, որ հայության գործելաոճը, միմյանց հանդեպ վերաբերմունքը նրան զարմացրել է։
«Հայությունը բազմաշերտ ու բազմակարծիք է, ունի իր հայացքներն ու դիրքորոշումները, որոնք հաճախ հայանպաստ չեն։ Իսկ հատկապես դասական սփյուռքը, որը մի քիչ մեղմացրել է իր գործողությունները, ունի հայկականության ու Հայաստանի հետ առնչվելու յուրահատուկ մոտեցում»,- ասում է Կարենը։
Նշում է, որ հայոց լեզվի պաշտպանությունը, մասնավորապես նորագույն սփյուռքի պարագայում, դժվարությամբ է իրականացվում։
«Վերջին տարիներին Հայաստանից գնացած հայերի կարծիքով` հայոց լեզուն կարելի է պահել տանը երեխայի հետ խոսելով, սակայն հայկականությունը դրանով չի պահպանվում։ Հայ երեխան դրսում խաղում է ոչ թե հայ, այլ օտար, իսկ օտարը ՝ ֆրանսիացին չէ, փոխարենը կարող է գալ հայկական դպրոցի բակ և այնտեղ շփվել հայերի հետ»,- ասում է։
Կարեն Խուրշուդյանը Մարսելի Աբովյան վարժարանի նախագահն է։ Ասում է, որ հայկական դպրոցների միջև այսօր կա , այսպես կոչված, մրցակցություն, ինչը առողջ երեույթ է, «սակայն մի խնդիր կա հայկական ավանդական կազմակերպությունների ու միությունների ներքո գործող դպրոցներն ունեն որդեգրած ձևաչափ, որոնք ոչ այնքան նպաստավոր են օտար երկրի հայկական դպրոցի և աշակերտի համար»։
Զրուցակիցս այս նկատի ունի միմյանց խանգարելու և վատաբանելու գործելաոճը։ Իսկ թե ինչպե՞ս է արվեստագետը Էջմիածնից հասել Մարսել, ինչի՞ մասին է գրում և ինչպե՞ս է պայքարում համայնքային ներքին դժվարությունների դեմ, Կարեն Խուրշուդյանի հետ հարցազրույցում։