Երաժշտական եռանկյունի

«Քիմիական անձրևից»՝ վոկալ եռյակի եզակի ձևաչափ․ «Երաժշտական եռանկյունի»

ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգչուհի Աննա Մայիլյանը տարբեր առիթներով հյուրընկալվել է «Երաժշտական եռանկյունու» տաղավարում, բայց այս անգամ զրուցեցինք իր անցած ճանապարհի, այն կարևոր փուլերից, որոնք պայմանավորեցին մի կողմից արտիստի ստեղծագործական ազատությունը, մեկ այլ կողմից ձևավորեցին ճանաչված երգչուհու մասնագիտական կարիերան:

Ծանոթացանք 1998 թ.-ին, երբ Աննա Մայիլյանը Լեհաստանում ավարտելով Մոցարտ ակադեմիան՝ վերադարձավ Հայաստան: Այն ժամանակ արդեն ուներ հարուստ երգացանկ, կատարում էր ոչ միայն հայկական դասական, այլ նաև գերմանական և ֆրանսիական բազմաթիվ վոկալ ստեղծագործություններ:

Մեր ընդհանուր հետաքրքրությունը հայկական հոգևոր և ժողովրդական երաժշտության հանդեպ՝ հիմք հանդիսացավ նաև սերտ ստեղծագործական համագործակցության, ինչի արդյունքում Աննա Մայիլյանը կատարեց «Կոմիտաս. Տասը հայտնություն» երգաշարի բոլոր կանացի պարտիաները: Ուղիղ 20 տարի առաջ լույս տեսավ այդ ալբոմը՝ նվաճելով բազմաթիվ մրցանակներ Հայաստանում և Միացյալ նահանգներում:

Հենց այդ ժամանակ ճանաչեցի Աննա Մայիլյանին՝ որպես համարձակ, երաժշտական էքսպերիմենտի պատրաստ արտիստի: Այդ հատկանիշը բացառիկ էր այն ժամանակաշրջանի համար և թույլ տվեց մեզ ստեղծել մի քանի երաժշտական նախագծեր՝ Ռոք երաժշտությունից մինչև փորձարարական պերֆորմանս: «Հիշում եմ այդ «Քիմիական անձրևը», ուր բացի ինձանից մասնակցում էիր դու՝ բլոկ ֆլեյտայով և էլեկտրոկիթառով, կար ռոք թմբկահար, մնջախաղ և լուսանկարիչ Կարեն Ազիզյանը, որը հայտնի «Կլորների»՝ այսօր Հայարտ մշակութային կենտրոնի սրահը վերածեց քիմիական ֆոտոլաբորատորիայի: Հիմա դժվար է պատկերացնել, թե ինչ էր այնտեղ կատարվում, բայց չեմ սխալվի, եթե ասեմ, որ սա առաջին փորձն էր Հայաստանում, երբ փորձարարական դաշտում հանդես եկան երաժիշտները, բեմարվեստի և կերպարվեստի ներկայացուցիչների հետ համատեղ:

«Շատ եմ ցավում, որ ոչ ձայնագրելու, ոչ էլ տեսագրելու հնրավորություն չկար այն ժամանակ և միայն մեր հիշողության մեջ են այդ երանելի արվեստի պահեերը»,- հիշում է Աննա Մայիլյանը:

Նույն այդ շրջանում Աննա Մայիլյանը մասնակցեց «Սերենադ» կամերային նվագախմբի բազմաթիվ շրջագայություններին, հրավիրվեց Ֆրանսիա՝ մաեստրո Սիրանոսյանի կողմից և սկսեց հրատարակել իր առաջին ձայնասկավառակները, որոնք ընդգրկում էին բացի լեգենդար «Շարականում» իր մասնակցությամբ եղած կատարումներից, նաև հայ հոգևոր և աշխարհիկ երգերի ձայնագրություններ: Այդ շրջանը եզրափակվեց «Վարպետներ» համերգային նախագծով, որը ստեղծեց Աննա Մայիլյանը, և որը մասնակցեց բազմաթիվ միջազգային ֆոլկլորային երաժշտության փառատոների, ունեցավ փայլուն հյուրախաղեր՝ հիմնականում ներկայացնելով հայկական ժողովրդական երգերի մշակումներ:

Աննա Մայիլյանի հավատարմությունը կամերային երաժշտությանը ստիպում էր նրան ժամանակ առ ժամանակ նաև հանդիսատեսի դատին ներկայացնել հատուկ ծրագրեր՝ գերմանական լիդ և ֆրանսիական դասականների շարքեր: Այսօր Աննա Մայիլյանը դասավանդում է Կոնսերվատորիայում և ամենաակտիվ կերպով շարունակում իր մշտական որոնումները բեմարվեստի տարբեր ձևաչափերի ոլորտում՝ «Աննա Մայիլյան վոկալ տրիոն» պարբերաբար ներկայանում է նորոգված համերգային ծրագրերով, որոնք ընդգրկում են հայ երգը՝ միջնադարից մինչև ժամանակակից մշակումներ:

Հաղորդման ընթացքում հնչում են Աննա Մայիլյանի տարբեր տարիների և նախագծերի ձայնագրությունները:

Back to top button