Սփյուռքի ձայնը

Սփյուռքի հայկական դպրոցների խնդիրը ապագայի ուսուցիչ պատրաստելն է․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի հայկական դպրոցներում հայերենի ուսուցման և համայնքներում հայոց լեզվի ու մշակույթի զարգացման համար նորարարություններ ու նոր մոտեցումներ են անհրաժեշտ՝ 21-րդ դարում կրթությունն ավելի գրավիչ դարձնելու համար, ասում է կրթության փորձառու մասնագետ, Ավստրալիայում ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարանի տնօրեն, պատմաբան Մանուկ Տէմիրճեանը։

Նա Համահայկական գագաթնաժողովում Սփյուռքի դպրոցների և հայոց լեզվի ու հայ մշակույթի դասավանդման խնդիրներին նվիրված քննարկումն այս առումով կառուցողական է գնահատում։

«Մեր դպրոցը, ինչպես հայկական շատ դպրոցներ, հեռու են գտնվում հայերով բնակեցված թաղամասերից։ Սակայն մեր հայրենակիցները իրենց երեխաներին տանում են հայկական դպրոցներ՝ ակնկալելով, որ այնտեղ իրենց լավ կրթություն է տրվելու։ Ուրեմն, մեր առաքելությունն է հայեցի կրթություն ապահովել այնպես, որ փոքր երեխան ոչ թե ատի, այլ սիրի մեր լեզուն»,- ասում է Մանուկ Տէմիրճեանը։

Նա Սփյուռքի դպրոցների այսօրվա գլխավոր խնդիրը համարում է, ի թիվս այլ հարցերի, ապագայի ուսուցիչ պատրաստելը։

«Այսօր անհրաժեշտ է ստեղծել մարմին, կենտրոն կամ համապատասխան վարչություն, որի շնորհիվ Հայաստան կգան երիտասարդներ տարբեր երկրներից, կսովորեն և կդառնան լավ ուսուցիչներ սփյուռքում»,- ասում է։

Այս հարցերով անհատները չպետք է զբաղվեն, դա անարդյունավետ է, կարծում է Մանուկ Տէմիրճեանը։

Back to top button