Վերնատուն

Ջազը՝ մշակույթ, գիտություն և քաղաքականություն․ «Վերնատուն»

Ջազը դարի ռիթմն է, գաղափարն ու մտածողությունը, եթե սիրում ես, սիրահարվում ես մինչև վերջ, եթե ոչ, այն ուղղակի որպես աղմուկ է ընկալվում՝ ասում է երաժշտագետ Ռիմա Տիգրանյանը։

Կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը խորապես չի ուսումնասիրում ջազը որպես երաժշտական ուղղություն, և Ռիմա Տիգրանյանը որոշեց ինքնուրույն գտնել դրա ուսումնասիրման ճանապարհները։

Ասում է՝ ջազ ուսումնասիրելու համար կարևոր են հասարակագիտական գիտելիքները տարբեր գիտակարգերից՝ պատմություն, քաղաքականություն, ուրբանիզմ և այլն։

«Ժամանակակից ջազագիտության մեջ հստակ սիստեմ կա՝ ինչպես ուսումնասիրել ջազը․ միջգիտակարգային գիտելիքները, հերմենեֆտիկան, աֆրիկյան մշակույթը, էթնիկ երաժշտությունն ու ծեսերը կարևոր են»,– ասում է Տիգրանյանը։ Ռիմա Տիգրանյանին սկզբում ընդամենը մեկ հարց է հետաքրքրել՝ ինչպե՞ս ջազը մտավ խորհրդային համակարգ և ինչպե՞ս ստեղծվեց «խորհրդային ջազը»։

«Ջազը ես դիտարկում եմ ոչ միայն արվեստ կամ երաժշտական ուղղություն, այլև որպես մշակույթ, նա ունի մշակույթին հարիր բոլոր կոմպոնենտները, որն ունի ենթամշակույթներ, որոնք ժամանակին համընթաց անընդհատ փոփոխությունների են ենթարկվում», – ասում է երաժշտագետը։

Արևմուտքում ջազը պայքարի և ընդվզումի երաժշտություն էր, այն ձևավորվեց ամերիկյան սևամորթների շրջանում, նրանք պայքարում էին իրենց իրավունքի ու ազատության համար, հետագայում ձևավորվեցին հակաֆաշիստական ենթամշակույթներ, որոնց երաժշտական ուղեկիցը ջազն էր, և աշխարհում այն ընկալվեց որպես ազատականությունն ու պայքարը խորհրդանշող երաժշտություն։

«Ինձ համար մեծ հարց էր՝ ինչպես կարող է խորհրդային ժամանակներում, Ստալինյան տոտալիտար ռեժիմի պայմանաներում Հայաստանում պետական մակարդակով ջազ– նվագախումբ ձևավորվել», – ասում է Ռիմա Տիգրանյանը։ Դեռ 40–ականներից շրջանառվում է, որ ջազը սպառվել է։ Ռիման ասում է, որ ջազը իր ներսում ունի վերափոխման մեխանիզմներ և ժամանակին համընթաց նա անընդհատ փոխակերպվում է։

Back to top button