Վերնատուն

Գրատպության չուսումնասիրված էջերը և ցարական գրաքննությունը․ «Վերնատուն»

Արևելյան Հայաստանի գրատպության չուսումնասիրված և անհայտ էջերի մասին են խոսում պատմաբաններ Համո Սուքիասյանը և Ստյոպա Պետոյանը։

Պատմաբանների «Գրատպությունը Արևելյան Հայաստանում» հետազոտությունն անդրադառնում է 1828–1920 թվականների՝ ցարական շրջանի և առաջին հանրապետության տարիների գրատպությանը։ Հետազոտությունն անդրադառնում է Արևելյան Հայաստանի տարածքում տպարանների հիմնադրման հանգամանքներին, գրքերի տպագրությանն առնչվող խնդիրներին, տպագրված գրքերի բովանդակությանը, գրաքննության պատմությանը և այլն։

Համո Սուքիասյանն ասում է, որ նախորդ տասնամյակների հետազոտություններն եղել են զուտ բանասերների շրջանում․ «Բանասերների ու պատմաբանների կատարած աշխատանքը հիմնականում չի նույնանում։

Պատմաբաններիս համար կարևոր է, թե տվյալ գիրքը ինչպես է ստեղծվել , ինչ գործընթաց է անցել, կարևոր են ժամանակի փաստաթղթերը, մամուլի վկայությունները և այլն»։ Կարևոր է գիրքը դիտարկել և ուսումնասիրել ոչ միայն որպես կայացած փաստ, կարևոր է նաև դրա ստեղծման պատմությունը՝ ասում է Համո Սուքիասյանը։ Հայաստանում առաջին տպարանը հիմնվել է Էջմիածնում։

1828 թվականին Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրությանը միացվելուց հետո, հաջորդ տպարանը հիմնվել է Շուշիում։ Ստյոպա Պետոյանի անդրադարձները հիմնականում Շուշիի տպարանի մասին են։ Շուշիի տպարանը հիմնել են բողոքական քարոզիչները, և նրանց համար առաջնայինը դասագրքերն էին՝ տեղում կրթական գործընթացները հեշտորեն կազմակերպելու համար։

«Ի պատիվ քարոզիչների՝ նրանց գործունեության մեջ մեծ էր կրթական բաղադրիչը, նրանք կարողացան հրատարակել գրքեր, որոնց պահանջարկը եղավ նաև հաջորդող շրջանում, այդտեղ գրքերը ոչ միայն վերատպվում էին, այլև համառոտվում, որ հասանելի լինեն սովորողներին։ Տասնամյակներ անց դրանք նորից պահանջարկ են ունեցել», – ասում է Ստյոպա Պետոյանը։

Խոսելով տվյալ ժամանակաշրջանում Ներսես Աշտարակեցու դերի, նրա անձի շուրջ հակասական կարծիքների մասին՝ պատմաբանները նշում են, որ կաթողիկոսը չափազանց մեծ ներդրում է ունեցել աշխարհաբար արևելահայերենի տարածման և գործածության մեջ, նաև՝ տպագիր արտադրանքի գործում։

Back to top button