Բնական ընտրություն

Աստծո կերպարանքով ստեղծված մարդու հայտնագործություններն ու ապագայի տեխնոլոգիական աշխարհը․ «Բնական ընտրություն»

Գլուխ վերջին

«Աստված իր կերպարանքով ստեղծեց մարդուն, մարդը ստեղծեց տեխնոլոգիաներ՝ կրկնօրինակելով բնությունը»

Օգտագործել կենսաբանական համակարգերի կառուցվածքի ու ֆունկցիաների մաթեմատիկական մոդելավորումը տեխնիկայում․ սա այն հիմնական գործառույթն է, որն իրականացնում են բիոնիկայի ոլորտում աշխատող գիտնականներն արդեն տասնամյակներ շարունակ։ Բազմաթիվ «պատահական» հայտնագործություններից հետո, ինչպիսիք են գալվանական էլեմետների հայտնաբերումը, ուղղաթիռը, սուզանավը, պարաշյուտը, ձնագնացը, կպչուկը և այլն, մարդը հասկացավ՝ իդեալական կառուցվածք ու ֆունկցիոնալություն ունեցող տեխնոլոգիաների ստեղծման գաղտնիքը և այդ տեխնոլոգիաների կենդանի նախադեպը բնության մեջ է։ Այս մասին հուշում կա անգամ Սուրբ գրքում․ Աստվածաշնչի Հոբ գրքում գրված է․

«Խոսի՛ր երկրի հետ, և նա քեզ կսովորեցնի, հարցրու՛ թռչունից և նա քեզ վեր կբարձրացնի, հարցրու՛ ջրերում լողացող ձնկներից և նրանք քեզ կպատասխանեն»

Իսկ այսօր մարդուն արդեն հաջողվել է ստեղծել արհեստական բանակություն, որը մարդկային կյանքի անբաժան մասնիկն է․ ապագայում կանխատեսվում է, որ մեր կողքին կապրեն մարդու արտաքինից ոչնչով չտարբերվող ռոբոտներ՝ իրենց` արհեստական բանականությամբ։ Սա, ինչպես ասում են, ապագայի գիտության՝ բիոնիկայի ակտիվ կիրառումներից մեկի հստակ ազդեցությունն է լինելու։ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Սամվել Ասատրյան․

«Մենք ևս մի քայլ ընդառաջ կգնանք բնությանը։ Իհարկե, մինչև վերջ բացահայտելն անհնար կլինի, 40-50 տարի հետո մենք կունենանք ոչ թե ռոբոտներ այլ հենց մարդիկ, մարդու կերպարով արհեստական բանականությամբ աշխատող մարդիկ։ Սա հայտնի վտանգավորության աստիճանն ունի և մարդը ստիպված կլինի նոր գիտելիք ընդունել, բայց գլոբալ առումով սա կարծում եմ չպետք է վախեցնի, որովհետև մարդն է ստեղծել այդ ամենը՝ ոգեշնչվելով բնությունից»,-ասում է Սամվել Ասատրյանը։

Բիոնիկան դրական իմաստով իր գերիշխող ազդեցությունը կունենա նաև բժշկության ոլորտում, քանի որ բիոնիկան պատրաստվում է ջնջել «անկարող» բառը մարդկության կենսագրությունից։ Այսօր արդեն գիտական հանրությունը կանխատեսում է, որ պրոթեզները կլինեն այնպիսին, որ ոչ միայն աշխատեն բնական ձեռքից ավելի լավ, լինեն ավելի ճկուն, այլև միաժամանակ փոխարինեն սմարթֆոններին։ Բիոինժեներ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջի կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի ավագ լաբորանտ Բագրատ Բաղդասարյան․

«Ապագայի բիոնիկան կարելի է ասել, որ նույն ներկայիս բիոնիկան է, բայց ապագայում այն կգնահատվի շատ ավելի բարձր, դրա ազդեցությունը տարբեր ոլորտների վրա մարդն ավելի կգնահատի, որովհետև, անկեղծ ասած, չգնահատելը կարող է շատ կործանարար լինել մարդկության համար»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Ապագայի բիոնիկ աշխարհը հատկապես արտահայտված կլինի «ապագայի քաղաքներում», որոնք արդեն սկսվում են կառուցվել բիոնիկ ոճով։ Ճարտարապետ Նարեկ Պետրոսյանին լսենք․

«Ճարտարապետական բիոնիկ ոճը գտնվում է այս պահին զարգացման ակտիվ փուլում։ Ճարտարապետական բիոնիկայի գլխավոր հակասությունը դասական ձևից շեղվելն է, բայց սա իր բացատրությունն ունի, ճարտարապետը կարող է, և պետք է ոգեշնչվի բնությունից, բայց բացի գեղագիտական ձևը, դրան պետք է տալ կառուցման տրամաբանական լուծում, որպեսզի արդարացվի տնտեսապես բիոնիկ ճարտարապետության ստեղծումը։ Մարդն ապագայում շատ ավելի խորապես կուսումնասիրի բջջից մինչև մանր օգրանիզմներ՝ կիրառելով այդ կառուցվածքը կահույքի, շենքների, անգամ փոքր կենցաղային պարագաների ստեղծման դեպքում»,-ասում է Նարեկ Պետրոսյանը։

Հին ճապոնական, Եգիպտական և հատկապես արևելյան հին ճարտարապետական ոճում կարելի է հանդիպել բիոնիկ լուծումների, այստեղ նաև կարելի է տեսնել, թե որպես նախշ ինչպես էին պատկերվում տարբեր ծաղիկներ, բնության տարբեր դետալներ և այսպիսով տալիս դրանց սիմվոլիկ նշանակություն։ Ճարտարապետ Նարեկ Պետրոսյանի խոսքով` այսօր էլ բիոնիկան հաճախ շփոթում են սիմվոլիկայի հետ, բայց դա բոլորովին այդպես չէ, հատկապես ապագայի աշխարհի դեպքում, երբ կարևոր է լինելու ֆունկցիոնալությունը․

«Քաղաքաշինության վերջին պահանջները ցույց են տալիս, որ կայուն շենքեր ստեղծելու համար հենց բիոնիկ շենքերի կարիք կա։ Հիմա արդեն կան քաղաքներ, որոնք ճարտարապետական նոր ոճ են թելադրում, և դա հենց բիոնիկ ոճն է։ Այստեղ նաև շփոթմունք է առաջանում, քանի որ բիոնիկան սկսում են խառնել սիմվոլիզմի հետ, բայց դա բոլորովին այդպես չէ, քանի որ բիոնիկայի նպատակը ոչ միայն պատկերների համադրումն է, այլև մարդու կյանքը դարձնել ավելի հարմարավետ՝ մոտեցնելով բնությանը, օրինակ ստեղծել բնական օդափոխության, լուսավորության և այլ համակարգեր։ Բիոնիկան միշտ եղել է մարդու կենցաղի անբաժան մասը և հատկապես ճարտարապետության, ուստի ապագան առանց բիոնիկայի պատկերացնելն անհնար է»,-ասում է Նարեկ Պետրոսյանը։

Տեխնոլոգիաներ ստեղծելու, իդեալական մեխանիզմները գտնելու լավագույն բանալին բնությունն է, որի մի մասնիկը հենց մարդն է։ Մարդը, որին, ի դեպ ինչպես ասում են, Աստված ստեղծել է իր կերպարանքով։ Ստացվում է, որ գիտության ու բնության համագործակցության մեջ չկա հակասություն, իսկ եթե կա, ճշգրտման կարիք ունի գուցե գիտությունն ինքը։

Back to top button